Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց նոր կաթողիկոսի թեկնածուի որոնումների մեջ է, որով ուզում է փոխարինել Գարեգին 2-րդ՝ ներկայիս գործող Ամենայն հայոց կաթողիկոսին։ «Գիտեմ, որ նա բանակցություններ է վարում մարդկանց հետ, թե ով է ուզում լինել կաթողիկոս»։ Աբրահամյանը պնդում է, որ Փաշինյանն այստեղ-այնտեղ է գնում, մարդկանց է համոզում, որ դեմ դուրս գան գործող կաթողիկոսին, հավատացնում է, որ եկեղեցական գործող ղեկավարության դեմ դուրս եկողների համար ամեն բան կանեն։ Ռուսաստանի հայերի միության նախագահը կարծում է, որ Փաշինյանը որեւէ արդյունքի չի հասնի, որովհետեւ Եկեղեցին ուժեղ է։
Արա Աբրահամյանի պատմածը եթե համադրում ենք այլ տեղեկությունների եւ այլ աղբյուրներից ստացված լուրերի հետ, բավականին ճշմարտանման է թվում։ Փորձենք հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ հասնել հաջողության, հաշվի առնելով Առաքելական եկեղեցում գործող կանոնակարգերը։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս դառնալու առաջարկը պետք է ընդունի Առաքելական եկեղեցու որեւէ եկեղեցական, որը պարտադիր պետք է ունենա եպիսկոպոսական աստիճան։ Կաթողիկոսը, ըստ Առաքելական եկեղեցու կանոնակարգի, ընտրվում է եպիսկոպոսների շրջանակից։ Առաքելական եկեղեցու եւ Հայաստանի գործող իշխանությունների միջեւ եղած ներկայիս առճակատման բնույթը հաշվի առնելով՝ գրեթե անհավանական է, որ որեւէ եպիսկոպոս համաձայնի Փաշինյանի առաջարկին, քանի որ դա ուղղակի կնշանակի ապստամբել Մայր Աթոռի՝ բարձրագույն եկեղեցական իշխանության դեմ։ Շեշտում ենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ոչ թե գործող Գարեգին 2-րդ կաթողիկոսի դեմ։ Գործող կաթողիկոսի կենդանության օրոք, եթե վերջինս կամավոր հրաժարական չի տվել, որեւէ եպիսկոպոսի կողմից թեկուզ Հայաստանի իշխանությունների հովանավորությունը վայելող անձին կաթողիկոսի թեկնածու հռչակելը նշանակում է ոչ թե դեմ դուրս գալ Գարեգին 2-րդին, այլ՝ ապստամբել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Նման եպիսկոպոսը, ըստ Առաքելական եկեղեցու կանոնների, միանշանակ ենթակա է կարգալուծության, եւ կասկածից վեր է, որ եթե այդպիսին հայտնվի, եւ որեւէ մեկն ապստամբության դրոշ պարզի, թեկուզեւ՝ ՀՀ իշխանությունների հովանավորությամբ, կարգալույծ կարվի Եպիսկոպոսաց ժողովի կողմից։ Իսկ Եպիսկոպոսաց ժողովում, որի ներկայացուցիչների մեծ մասը սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն են, Հայաստանի իշխանությունները, մեղմ ասած, գրեթե զրոյական հեղինակություն ունեն։
Այստեղ հատուկ երկու ռեմարկ կատարենք․ կաթողիկոսի թեկնածու կարող է լինել գործող եպիսկոպոսը, ոչ թե, ասենք, որեւէ ժամանակ կարգալույծ արվածը։ Կարգալույծ արված որեւէ եկեղեցական այլեւս գործող եկեղեցական չի համարվում, եւ, անկախ այն հանգամանքից՝ եկեղեցական համազգեստով է ներկայանում, թե ոչ, նա համարվում է աշխարհական անձ՝ եկեղեցական ընկալմամբ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց մեր բարձրաստիճան եկեղեցական աղբյուրը։ «Ավելի խիստ եթե նայենք, կարգալուծությունը հոգեւոր մահվան նման մի բան է։ Անձը, անշուշտ, ապրում է աստվածապարգեւ իր կյանքը, օրինակ՝ կոչվում է Պողոս Պողոսյան կամ Պետրոս Պետրոսյան, Եկեղեցու կողմից ընկալվում է որպես այդպիսին, աշխարհական։ Իսկ, օրինակ, որպես Հայր Պողոս կամ Տեր Պետրոս, նա այլեւս չկա, դադարել է այդպիսին լինել մինչեւ այն պահը, քանի դեռ մեղայականով չի ներկայացել Եկեղեցական բարձրագույն իշխանությանը եւ Հայրապետի կողմից ողորմածության չի արժանացել ու չի վերականգնվել իր եկեղեցական կարգի ու աստիճանի մեջ»։
Եվ երկրորդ ռեմարկը՝ Ամենայն հայոց կաթողիկոս կարող է դառնալ Էջմիածնի Սուրբ Աթոռին պատկանող եպիսկոպոսը։ Սա, ըստ մեր զրուցակից բարձրաստիճան եկեղեցականի, նշանակում է, որ, օրինակ, Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող որեւէ եպիսկոպոս չի կարող դառնալ Ամենայն հայոց կաթողիկոս։ Նորագույն պատմության մեջ մեկ դեպք է եղել, երբ Գարեգին 2-րդ Սարգիսյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Վազգեն 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսի մահվանից հետո, այն էլ՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների՝ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսությունները միավորելու ցանկությամբ պայմանավորված, Սբ Էջմիածնում դարձել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 1-ին անվամբ՝ գահակալելով 1995-99 թթ․։
Բացի այդ, նույնիսկ եթե այդպիսի եպիսկոպոս գտնվի եւ Հայաստանի գործող իշխանությունների հովանավորությամբ որոշի դառնալ կաթողիկոս, ապա պետք է նախ Գարեգին 2-րդ կաթողիկոսը հրաժարական տա, ապա պետք է Ազգային եկեղեցական ժողով գումարվի, առաջադրվեն այլ թեկնածուներ, բացի պայմանական ասած՝ Հայաստանի իշխանությունների հովանավորյալ թեկնածուից, որոնցից էլ Ազգային եկեղեցական ժողովը պետք է ընտրի նոր Ամենայն հայոց կաթողիկոս, որն ամենեւին չի կարող Հայաստանի իշխանությունների հովանավորյալ թեկնածուն լինել։
Եկեղեցու սպասավորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Եթե հիշողությունս չի դավաճանում, երբ այն ժամանակվա Եկեղեցական ժողովն Ամենայն հայոց կաթողիկոս ընտրեց Խրիմյան Հայրիկին՝ Մկրտիչ 1-ին Վանեցուն, նա օսմանյան սուլթանի կողմից աքսորված էր Երուսաղեմ։ Պատկերացրեք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմքի արտահայտությունը, երբ Պետերբուրգի օսմանյան դեսպանությունից նրան տեղեկացվում է, որ կաթողիկոս է ընտրվել Մկրտիչ Խրիմյան՝ այն ժամանակվա սրբազանը, որին ինքը ոչ միայն այդով պարտավոր էր հետ կանչել աքսորից, այլ նաեւ, ըստ ընդունված արարողակարգի, արժանացնել օսմանյան պետական պատիվների, շքանշաններ շնորհել եւ պատվով ուղարկել Ռուսաստան, որի տարածքում Մայր Աթոռն էր, իբրեւ Ամենայն հայոց կաթողիկոս՝ գահակալելու։ Ունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը վստահություն, որ, օրինակ, Միքայել կամ Բագրատ սրբազանները չեն առաջադրվի ժողովի կողմից կաթողիկոսի թեկնածու, եւ Ազգային եկեղեցական ժողովը նրանցից մեկնումեկին չի ընտրի Ամենայն հայոց կաթողիկոս։ Ինչ է՝ այդ դեպքում ընտրյալ Վեհափառը գտնվելու է «Երեւան-Կենտրոն» բանտո՞ւմ, թե՞ քրեակատարողական վարչությունում ենք 12 սրբազաններով հավաքվելու՝ Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառն ու երկու պատրիարք սրբազաններն էլ միասին, որպեսզի ընտրյալ Ամենայն հայոց կաթողիկոսին օծենք որպես կաթողիկոս։ Սա, իհարկե, անհեթեթություն է»։
Մեր զրուցակիցը նկատեց, որ Եկեղեցին իր ավելի քան 17-դարյա պատմության ընթացքում այնքան բան է տեսել, որ մշակել է ինքնաբավության կատարելության հասնող համակարգ։ «Եթե նույնիսկ որեւէ ձեւով Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ եպիսկոպոսը, եթե այդպիսին ի հայտ գա, «նշանակվի» կաթողիկոս, նա պատմության մեջ կմնա որպես «հակաթոռ կաթողիկոս», իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ի լրո ամեն ինչի, պատմության մեջ կմնա նաեւ որպես Հայաստանի ղեկավար, որը ներկա ժամանակներում հակաթոռ կաթողիկոսություն է ստեղծել։ Դա գուցե կարճաժամկետ հեռանկարում հաջողություն համարվի, բայց երկարաժամկետ պատմության կտրվածքով՝ մեր ժողովրդի պատմության մեջ համարժեք է «կամովին դժոխք գնալու դատավճռի»։ Պետք է պարզապես հասկանալ՝ Եկեղեցու մասին չի կարելի աշխարհական կատեգորիաներով ու պատկերացումներով դատողություններ անել։ Դա նույնն է, որ, օրինակ, բանակի մասին խոսենք այսօր իր մայրամուտն ապրող արեւմտյան լիբերալիզմի դիրքերից։ Հավատացեք՝ դա կատարյալ անհեթեթություն է»։