Հետին թվով դատողություններ անելուց հեշտ բան չկա: Մանավանդ՝ երբ տարիների հեռվից մարդիկ սկսում են նորովի նայել կատարված իրադարձություններին եւ քննադատել կամ խելք սովորեցնել գլխավոր դերակատարներին: Ասենք, օրինակ, գեղեցիկ չէ, երբ 2025-ին մեղադրում են 2018-ի իշխանություններին, թե ինչու ուժ չկիրառեցիք, ինչու չխեղդեցիք հեղափոխությունն օրորոցում, դեպքերը կարող էին բոլորովին այլ կերպ զարգանալ, եթե նիկոլենց մի ամիս պահեիք բանտում, ջրցան կիրառեիք, մյուս բաների մասին չենք էլ խոսում: Նույն սկզբունքով` սիրուն չէ, երբ ընդդիմության վերջին 5 տարվա երկարատեւ ու կատաղի պայքարից հետո ասում են` Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Բագրատ սրբազանը եւ մյուսները «հատուկ պարտության տարան շարժումները», որ ամրապնդեն Փաշինյանի իշխանությունը:
Մեկ այլ հետին թվով մեղադրանք` ուղղված Ռոբերտ Քոչարյանին. 2021 թվականին ասել ես՝ «կրելու եմ», չհաղթեցիր, թիմդ մտավ ԱԺ, եւ ոչինչ չարեցիք 3 տարի: Միանգամայն հասկանալի են մարդկանց սպասումների, այդ սպասումները չարդարանալու արդյունքում ծագած վրդովմունքի պատճառները: Բայց խելացի մարդիկ հասկանում են, որ «մարդը որոշում է, Աստված` կանխորոշում», որ հնարավոր չէ ամեն ինչ պլանավորել, եւ ցանկությունն էլ դեռ բավարար չէ` արդյունքի հասնելու համար: Ուստի ազնիվ չէ, բարոյական չէ, խելացի չէ հետին թվով եզրահանգումներ անելն ու մեղավորներ փնտրելը: Ի վերջո` պատասխանատվություն կրելը եւ հանրային ակնկալիքներն արդարացնելը դյուրին բան չեն: Մարդիկ կարող են նաեւ սխալվել իրենց հաշվարկներում, կարող են այնքան հզոր չլինել, որքան թվում է կողքից, եւ միշտ կա ֆորսմաժորների հավանականությունը: Երբեւէ պատասխանատվություն չստանձնած մարդկանց համար շատ հեշտ է պահանջատիրոջ կեցվածք ընդունելը: