Քաղաքականություն

Մտածելու ժամանակ չկա

Մտածելու ժամանակ չկա

Որպեսզի հասկանանք, թե Նիկոլի Հայաստանն ինչ տեմպերով է գնում դեպի ապագա, կարելի է ուղղակի հետեւել, թե ամեն տարի որքան ժամանակ են ծախսում Հանրապետության հրապարակում մեկ հատիկ տոնածառ դնելու եւ այն հավաքելու վրա: Ուղիղ 4 ամիս դրանով են զբաղվում: Տարին էլ առաձգական չէ, ընդամենը 12 ամիս՝ աչքդ խփում, բացում ես, էլի Նոր տարի է: Իրենց իշխանության 6 տարիներին սրանք 24 ամիս ծախսել են տոնածառ դնել-հանելու վրա: 24 ամիսը 2 տարի է: Կասեք՝ չոբանահաշիվ ես անում: Համաձայն չեմ: Չոբանահաշիվը սրանց բյուջեի քննարկումն էր: Իմ ասածը պարզ թվաբանություն է, եւ դուք էլ կարող եք համոզվել, եթե այցելեք Հանրապետության հրապարակ: Հոկտեմբերի 20-ից տոնածառի երկաթեղենը բերել-լցրել են Նիկոլի աշխատասենյակի պատուհանների առաջ, մի քանի ավտոաշտարակ կանգնեցրել, եւ այդքանը: Այսօր նոյեմբերի 19-ն է, մետաղյա կմախքը կա, ճյուղերը դեռ թափված են այսուայնկողմ: Մինչեւ փետրավորեն կմախքը, մինչեւ լույսերը քաշեն, մինչեւ խաղալիքները կախեն, կանցնի եւս մեկ ամիս: Իսկ թե երբ պատրաստ կլինեն հրապարակի մյուս դեկորացիաները, աստված գիտի:

Եվ այսքանից հետո դեռ ուզում եք, որ Նիկոլն իր պատուհանից տեսնի դա, եւ սիրտը դիմանա՞: Ամբողջ օրը մի աշխատող է վազվզում «տոնածառի» տակ: Մարդն այսքան աշխատատեղ ստեղծեց, այսքան աշխատավարձի ֆոնդ է դուրս գրում, որ աշխատող չլինի՞: Կառավարության նիստում իր բերանով ասաց՝ ոչ մեկիդ գործին չեմ միջամտել, ինչ ուզել եք, տվել եմ, էլ տալու բան չունեմ… Ու զայրացավ, համբերությունը հատեց… Տեսա՞ք քանի հոգու ս..ր արեց մեկ օրում: Բայց ես զարմացա, որ Ավինյանի անունը չկար այդ ցանկում: Ինչո՞ւ, մի՞թե տոնածառ դնել-հանելու պազիցիան Ավինյանինը չէ: Երեւի բախտը բերեց պարզապես, ինչպես Սուրեն Պապիկյանի… Ասում են՝ Սուրեն Պապիկյանն էլ կլիներ «ազատվածների» շարքում, եթե նրա հեռախոսահամարն ընկներ Նիկոլի աչքով: Ուղղակի վրիպել է:

Խոսակցություններ կան, որ Փաշինյանն այս քայլին գնացել է ոչ սթափ վիճակում՝ տո լի խաշի, տո լի մատաղի սեղանին, Աննան էլ՝ հետը, այնքան խմած են եղել, որ էլ չասելու: Ընդհուպ «լուլ» բառն են օգտագործում՝ նրանց վիճակը նկարագրելու համար: Ես անձամբ ներկա չեմ եղել, այդ պատճառով էլ ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ էլ հերքել այդ տեղեկությունները։ Բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ սա անելու բան չէր, որ Փաշինյանն արեց: Դուք մի հատ ձեզ դրեք այդ պաշտոնյաների տեղը, դիցուք՝ Վահե Ղազարյանի: Դուք ձեզ համար չայ եք խմում, մեկ էլ SMS է գալիս Նիկոլից՝ «ազատման դիմում գրի»: Կամ՝ էն քինդեր սյուրպրիզի՝ Բադասյանի տեղը դրեք ձեզ: Բակի տղաների հետ գնդակ ես տշում, մեկ էլ՝ SMS. «Կգնաս, ձեռքերդ կլվանաս ու մի դիմում կգրես ազատման մասին»: Մի՞թե Փաշինյանը չէր կարող այս ամենն անել հանգիստ, աշխատանքային հարաբերությունները պահելով, ի վերջո, իր կողմնակիցներն են, «սարատնիկները», որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ՔՊ-ի գործին իրենց հավատարմությունը ցուցադրելու համար: Սասուն Խաչատրյան, Արգիշտի Քյարամյան… Սրանց պարագան լրիվ «խույվորելու» է: Նիկոլի իշխանության սրբության սրբոցն էին հակակոռուպցիոնն ու քննչականը: Սե՞նց էլ զուլում: Բա որ այս մարդիկ խոսեն, պատմեն, թե իրենց գլխին ի՜նչ էր բերում Նիկոլը, ու ինչպես են իրենք կատարել նրա անմիջական հրահանգները: Չէ, եղբայր, այս ամենից վատ հոտ է գալիս, ընդհուպ քաղաքացիական պատերազմի՝ ՔՊ-ի ու ՔՊ-ի միջեւ: Իսկ նրանք, որ կասկածում են պատերազմներ հրահրելու Նիկոլի ունակություններին, թող առայժմ մի կողմ քաշվեն եւ սպասեն: Առաջիկայում մենք մարտադաշտում կտեսնենք նաեւ ՔՊ խորհրդարանական ֆրակցիային՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ եւ Լուլու-Արփի տանդեմի բուժքույրությամբ: ՔՊ-ի կառավարական թեւի պատճառով անտռուսիկ մնացած Վահագն Ալեքսանյանին կտեսնենք, մնացած Սիսակ-Միսակներին, ճոճող-մոճողներին: Ահեղ ճակատամարտ կլինի, ասեմ, եթե Նիկոլը չլսի ինձ ու չդադարեցնի պատերազմը: Անդրանիկ Քոչարյանը կհայտարարի՝ կմեռնենք, բայց Նիկոլի աթոռը չենք տա: Իհարկե՝ սուտ, իհարկե՝ Նիկոլի «դրբի» տակ չընկնելու հույսով, բայց դա էլ չի օգնելու: Անդոյին այդ ճակատամարտում առաջինը կխփեն: Հովիկ, դու ճիշտ ես: Մանդատդ դիր ու գնա, ախպեր, բա քեզ պետք ա՞, մի տեղ էլ գլուխդ ցից անես, ու առը հա՝ Քյարամյանը մաուզերը քաշած գալիս ա: Ասում են՝ գնդակը կույր է, Հովիկ, քեզ պե՞տք ա «չուժոյ պախմել» հայտնվել վերին Երուսաղեմում:

Այս ամենի շուրջ, սակայն, կան նաեւ լուրջ քննարկումներ: Այ, օրինակ, ասում են, որ Նիկոլը գնում է արտահերթ ընտրությունների: Հիմա մատնացույց կանի իր «դժբախտ», գործից հանված պաշտոնյաներին ու կասի՝ ժողովուրդ ջան, այ, սրանք չէին թողնում, որ ես կատարեմ իմ տված խոստումները, մենք սրանցից ազատվեցինք` սրանից հետո լավ է լինելու: Թող ինձ ներեն բոլոր լուրջ վերլուծաբանները, բայց այսպես մտածել կարող են միայն գեղցիները, այսինքն՝ նրանք, որոնք Նիկոլի չափ ու Նիկոլի նման են ընկալում պետությունը, իշխանությունը, աշխարհաքաղաքականությունը, կապիտալի վերաբաշխումը եւ նման այլ բաներ, որոնք շատ կարեւոր են, երբ բանը հասնում է իշխանափոխության պռնկին, այսինքն՝ երբ իշխանությունը հասկանում է, որ այլեւս չի կարողանում հին ձեւով (թլսորելով) կառավարել, իսկ ժողովուրդը չի ուզում հին ձեւով (թլսորվելով) կառավարվել: Այս պայմաններում դուք կգնայի՞ք արտահերթ ընտրությունների: Նիկոլին, այո, շատ չկա, գուցեեւ գնա, բայց իմա՞ստը:

Եվ ուրեմն՝ պատրաստվենք փախեփախին: Սա Նիկոլի վերջին ճանապարհորդությունն է, որ անցնում է քաղաքական դիակների վրայով: Բոլորը պետք է «զոհվեն»՝ խաշի սեղանի շուրջ լինի, թե մատաղի, հարսանիքներով լինի, թե ՔՊ ժողովներով: Ոչ ոք չի պլստալու, քանի դեռ Նիկոլն անվտանգ տեղում չլինի: Ով նրան բերեց, նա էլ նրան տանում է: Պուտինն է, Թրամփն է, Հռոմի պապն է, Էրդողանն է, Ալիեւն է… Չգիտեմ: Թող Անդրանիկ Քոչարյանն իրեն չճղի: Նիկոլի աթոռն արդեն տվել են, ինչպես Շուշին, բայց դեռ տաք են, թե բա՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են:

ՀԳ. Էս է, կգա, իրեն ձեւ կտա, որ առանձնապես ոչինչ էլ տեղի չի ունեցել, նոր մարդկանց կնշանակի այդ պաշտոններում, բայց, ներողություն, ուժային կառույցներն այն կառույցնե՞րն են, որոնք կարելի լինի վստահել պատահական մարդկանց: Մտածել է պետք, իսկ Նիկոլն այլեւս մտածելու ժամանակ չունի:

ՀԳ 1․ Պատրաստվեն Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը: Արարատ Միրզոյան, կառավարության նիստում, երբ Նիկոլը բողոքում էր ուժայիններից, դու Պապիկյանի հետ խնդմնդում էիր, իսկ դու, Մհեր Գրիգորյան, ծուռ նստել ու թարս էիր նայում Նիկոլին, երբ նա ԱԺ ամբիոնից հերթական հիմարությունն էր դուրս տալիս՝ «հայրենիք», «պետություն», «մշեցի», «հայաստանցի» թեմաներով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image