Մշակույթ

Համախմբվելու կոչերից մինչեւ ծեծկռտուք ու հայհոյանք 

Համախմբվելու կոչերից մինչեւ ծեծկռտուք ու հայհոյանք 

Թեքեյան կենտրոնում նախատեսված Հայաստանի եւ Արցախի մտավորականների խորհրդաժողովը թեեւ կայացավ, բայց` ոչ լիարժեք, փոքր կազմով: Կազմակերպիչն արցախցի արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանն էր, որը մի փոքր շփոթված էր, քանի որ շուրջ 100 հոգու զանգել- հրավիրել էր, բայց խորհրդաժողովին եկել էր մոտ 20 հոգի: Իր խոսքում նա սրտնեղեց, որ դահլիճում հիմա տեղ ու դադար չպետք է լիներ, քանի որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները գնալով ահագնանում են, իսկ դա նշանակում է, որ օր առաջ պետք է համախմբվել ու համախմբել մտավորականության ուժերը: 

«Երկիրը կործանման եզրին է կանգնած, ի՞նչ պետք է անենք, ո՞րն է մտավորականության խնդիրը, սրանք հարցեր են, որոնց շուրջ կուզեի միասին խորհենք.... թուրքական հետախուզությունը կարողացել է հավաքագրել մարդկանց ու բերել դրել մեր պետության գլխին. մեզ հետ սա է տեղի ունեցել»,-նշեց նա ու որպես գործուն քայլ՝ առաջարկեց ձեւավորել խմբեր եւ գործուղվել ՀՀ մարզեր, գյուղեր, քաղաքներ, որտեղ մարդկանց հետ հանդիպումների, զրույցների ընթացքում կբացատրեն այն վտանգները, որոնք շարունակվելու են կախված մնալ մեր երկրի գլխին, եթե հանկարծ ներկա իշխանությունը 2026-ի ընտրություններում վերընտրվի:

Դահլիճում ներկաներից մեկն արձագանքեց, որ, ուզեն-չուզեն, իրենց գործունեությունը կրելու է քաղաքական բնույթ, իսկ դա նշանակում է, որ պետք է կողմնորոշվեն եւ միանան որեւէ քաղաքական թիմի, որպեսզի պայքարն ավելի արդյունավետ լինի: Սակայն այս մտքի հետ ոչ բոլորն էին համաձայն:

Մեղրեցի բանաստեղծ Արթուր Կարենցն իր խոսքում նկատեց, որ, ցավոք, Արցախը հանձնելուց հետո Մեղրին պահելու խնդիրն արդիական է։ «Յուրաքանչյուր երկիր, նախեւառաջ, իր մտավորականով է երկիր, նաեւ՝ իր սահման պահող զինվորով: Ինչպես էր Չարենցն ասում` եթե ուզում ես խոսքդ լսեն, ժամանակի շունչը դարձիր, եւ, ուրեմն, մտավորականն իր խոսքը միշտ պետք է ասի, կարողանա տեր կանգնել դրան, ու ամենակարեւորը՝ համախմբված լինենք: Ու հիմա այն փաստը, որ մենք այստեղ այսքան մարդով ենք հավաքված, խոսում է մի քանի բանի մասին` կա՛մ սրտացավությունն այդքան մեծ չէ, կա՛մ լավ իրազեկված չի եղել այս հավաքի մասին... հիմա պետք է տեղ ու դադար չլիներ այստեղ, բայց ստացվում է, որ ունենք այն, ինչ ունենք»,- նշում է սյունեցի բանաստեղծն ու ընդգծում, որ Մեղրին՝ որպես ՀՀ հարավային դարպաս, պետք է ամուր պահենք։- Մեղրու մասին շատ մարգարեական խոսք է ասել Վազգեն Սարգսյանը, երբ ասեց, որ, այո, Մեղրին մի օր կպայթի Երեւանի կենտրոնում... ի՞նչ է նշանակում` փակել դուռդ, բանալին էլ տալ ուրիշին... ամեն դեպքում Մեղրին, Սյունիքը պահելու խնդիրը նաեւ հիմա է ծառացած, հատկապես այն բանից հետո, երբ Արցախը բաշխեցին դրանց»:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանն Արցախից բռնի տեղահանվելուց հետո այժմ աշխատում է ԳԱԱ պատմության ինստիտուտում: Մ. Հարությունյանն ասում է` չի սիրում արցախցի-հայաստանցի այս տարանջատումները, որ անում են, քանի որ կա մեկ հավաքական գիտակցություն. «Մենք անտարբեր լինելու իրավունք չունենք եւ մեր ձայնը պետք է բարձրացնենք, որովհետեւ մեր ժողովրդի գոնե գիտակից հատվածը սպասում է մտավորականության խոսքին, քայլերին, որպեսզի իր համար համապատասխան հետեւություններ կատարի»: 

Այսօր, ըստ նրա, խիստ հրատապ է ինքնակազմակերպման, ժողովրդի համախմբման հրամայականը, եւ այս տեսանկյունից մտավորականությունը մեծ անելիք ունի. «Մտավորականության ձայնը, դժբախտաբար, լսելի չէ, եւ որոշակի մտայնություն կա, որ եթե ձայնը չի լսվում, իմաստ էլ չկա` այդ ձայնը բարձրացնել, բայց սա ճիշտ մոտեցում չէ: Ինչ վերաբերում է նրան, որ մտավորականները պասիվ են` չէի ասի, այստեղ ավելի ճիշտ կլինի ձեւակերպել, որ այդ ձայնը չի լսվում, գործողություններ չեն դառնում, վարքագիծ չեն ձեւավորում, աշխարհայացք չեն փոխում, բայց, ամեն դեպքում, մտավորականն ինչքան հնարավորություն ունի, բոլոր այդ միջոցներով արտահայտվում է, օգտագործելով նաեւ սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները: Այսօր հրամայական է դարձել այդ ամբողջը համախմբելու եւ մեծ ծրագրի, գաղափարախոսության տեսքով ներկայացնելու հանգամանքը: Այս պարագայում, կարծում եմ` սայլն արդեն տեղից կշարժվի, եւ մարդիկ կոնկրետ գործողությունների կարող են դիմել»: 

2020 եւ 2023 թթ․ պատերազմներից հետո, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային դաշտում ձեւավորվեցին տարբեր շարժումներ, բայց այդպես էլ թափ չհավաքեցին, ինչը, ըստ բանախոսի, պայմանավորված էր նաեւ ընդհանուր օրակարգի բացակայությամբ, որն իր շուրջը բոլորին կհամախմբեր. «Եվ, վերջին հաշվով, պետք է ընդունենք, որ մեզ մոտ ավելի շատ ընդունված է գաղափարներ առաջ քաշելը, քան թե կոնկրետ գործողությունների դիմելը` «ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ» հանճարեղ պատմության պես, որն այսօր էլ արդիական է»: 

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա, ըստ նրա, այն շարունակում է մնալ Հայաստանի համար ազգային անվտանգության հարց։ «Արցախի կորստից հետո կարծում եմ` կասկածներ այլեւս չեն մնացել, որ Արցախը եղել է եւ, հուսով եմ, կլինի ՀՀ անվտանգության կարեւոր բաղադրիչը»,- ասում է նա ու ցավով նկատում, որ այս պահին Արցախ վերադարձի հույս եւ հնարավորություն չկա: 

ՀԳ. Վերջում արդեն` շուրջ երկուսուկես ժամ տեւած քննարկումից հետո, երբ լրագրողները հեռացել էին, եւ ներկաների մի մասն էլ՝ դահլիճը լքել, մասնակիցներից երկուսը լեզվակռվի մեջ են մտել, որն ավարտվել է հայհոյանքներով, քաշքշոցով ու ծեծկռտուքով: Արցախի ու Հայաստանի հասցեին մերժելի արտահայտություններ արած եւ ծեծկռտուքի պատճառ դարձած անձը, ի դեպ, տարիներ շարունակ լրատվամիջոցների դռները մաշած մի մարդ է, որը, թերեւս, նաեւ առողջական խնդիրներ ունի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image