ՀԷՑ ՓԲԸ-ի խնդրի առումով հայցի ապահովման հարցում ՀՀ կառավարությունը պարտվել է գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին: Դա տեղի է ունեցել Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC): Սկզբնական այդ պարտությունը վկայում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Եվրոպայում այլեւս չունի այն անվերապահ աջակցությունը, ինչն առկա էր նախկինում: Ի դեպ, այդ արբիտրաժային ինստիտուտը եվրոպական նշանակալից արբիտրաժային հաստատություններից մեկն է: Ընդհանրապես, որքան հասցրել եմ հետեւել, օրինակ, Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի աշխատանքին՝ Ուկրաինա-Ռուսաստան առեւտրային խնդիրներից մեկի առումով, այդ կառույցներն այնքան էլ անկախ չեն, որքան կարելի էր ենթադրել: Նույնիսկ ավելին, դրանք քաղաքական առումով բավական կողմնապահ են: Եվ եթե SCC-ի կողմից հականիկոլական արձագանք է տրվում ռուսաստանաբնակ գործարարի ընտանիքի կողմից ներկայացված հայցին, ապա դա խոսում է Նիկոլի հեղինակության բավականին լուրջ անկման մասին: Այն Եվրոպայում, ուր տարին երկու անգամ մեկնում է ինքը Մակրոնի նախաձեռնած՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Ենթադրում եմ, որ Եվրոպայում Փաշինյան Նիկոլի իշխանության անկման հարցում որոշակի «վաստակ» ունի հայոց եկեղեցու դեմ նրա հրահրած պատերազմը: Ընդ որում, պարտադիր չէ, որ վերը նշված ինստիտուտում հետաքրքրված լինեն վերջերս Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Կարեւորը, նախ, մասնավոր սեփականության նկատմամբ ՀՀ գործող իշխանության ոտնձգության՝ Արեւմուտքում ոչ ընդունելի հանգամանքն է: Նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի չորրորդ տարում եվրոպացիները չեն համարձակվում ձեռք տալ ռուսական արտերկրյա ակտիվներին: Նրանք ընդամենը կարողանում են բռնագրավել այդ ակտիվներից բխող եկամուտները՝ դրանք Ուկրաինային տրամադրելու նպատակով: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն ենթակա խորհրդարանի կողմից օպերատիվորեն ընդունված օրենսդրական ակտերով փորձում է սեփականություն խլել: Նիկոլին չի օգնում նույնիսկ այն հանգամանքը, որ այդ սեփականության ձեռքբերման հիմքում եղել է ռուսական կապիտալը:
Երկրորդ․ նոր ընդունված օրենսդրական ակտերով սեփականություն խլելը տիպիկ քաղաքական կոռուպցիա է: Իսկ գլոբալիստական Եվրոպան, չմոռանանք, «խփնված» է կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Երբ մեկ-երկու օր առաջ Ուկրաինայի խորհրդարանի ընդունած օրենքով երկրի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը ներառվեցին Գլխավոր դատախազության կազմում, եվրոպական արձագանքը բավականին բացասական էր: Ի դեպ, մի փոքր շեղվելով նկատեմ, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու օրենսդրական նորմը պետք է Հայաստանում քննադատվեր որպես քաղաքական կոռուպցիայի աննախադեպ դրսեւորում: Բայց կարծես թե նման հայտարարություն չի եղել. ԶԼՄ-ներում, համենայնդեպս, չեմ նկատել: Ինչեւէ, ինչպես երեւում է, ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարն ընդամենը քաղաքական եւ/կամ դրամաշնորհային նպատակ է հետապնդել նախկիններին ընդդիմադիր շրջանակների կողմից: Դե իսկ «մեծարգոյի» մոտ էլ վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին պատժելու գործիքի. հիշենք 2021-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ օգտագործվող եռագույն բանտիկով «չագուճը»:
Երրորդ․ կարեւոր հանգամանք է նաեւ մթնոլորտը, կասեի նույնիսկ՝ աուրան, որով Արեւմուտքում այսօր ներկայանում է Փաշինյանը: Իսկ այն բացասական է, լուրջ բացասական: Օրենսդրական փոփոխություններին մասնագիտական գնահատական տվող Վենետիկի հանձնաժողովը, օրինակ, բազմիցս ստիպված է եղել ընդունել գործող իշխանության համար ոչ այնքան հաճելի որոշումներ: Հայաստանյան պետական ինստիտուտների անկախության վերաբերյալ էլ արեւմտյան որեւէ կառույց արդեն դժվար թե նիկոլամետ դիրքորոշում ունենա: Եվ եթե, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ, ու «Զանգեզուրի միջանցքն» էլ Ադրբեջանին հանձնված, ապա Նիկոլը փոխարինված կլիներ ժամանակին իր կազմակերպած «կլոր սեղանի» որեւէ արեւմտամետ մասնակցով: Դրան հատկապես կարող էին նպաստել հայոց եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները եւ եկեղեցին քաղաքական գործոն դարձելը, ինչից Արեւմուտքում վաղուց են ազատվել, ու չեմ կարծում, որ իրենք կողջունեին ներքաղաքական այդ գործողությունները:
ՀԳ. Ի դեպ, շատ զավեշտական է հնչում ՀԷՑ ՓԲԸ-ի խնդրի առումով հայցի ապահովման հարցի նկատմամբ ՀՀ կառավարության աշխատակազմի (ենթադրաբար, քանի որ աղբյուրը նշված չէ) արձագանքը: Ահա դրա վերջին հատվածը. «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միեւնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաեւ ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման կարգերը եւ ընթացակարգերը»: