Վերլուծություն

X-երը մանկապիղծ են, համ էլ՝ մարդակեր, ինչ ասես՝ կանեն, ում ասես՝ կուտեն

X-երը մանկապիղծ են, համ էլ՝ մարդակեր, ինչ ասես՝ կանեն, ում ասես՝ կուտեն

Եթե մի X երկրի Ազգային ժողովի նախագահը լինի զրպարտող, ստախոս, արդյոք զարմանալի կլինի՞, որ իրավապահ մարմինները նրան կանչեն հարցաքննության, պարզեն, որ զրպարտիչ է ու բանսարկու, և ձերբակալեն՝ մի ամբողջ եկեղեցի վարկաբեկելու համար։ Չէ, զարմանալի չի լինի, բայց այդպիսի բան էլ չի լինի, քանի որ, երևի, այդ X երկրում իրավապահ համակարգը լիովին կախյալ կլինի պետական պաշտոնյաներից և կլինի նրանց կամակատարը։ Իսկ հանրային բողոք և ճնշում ևս չի լինի, որովհետև, երևի, այդ X երկրում հանրությունը թքած կունենա, թե ինչ են դուրս տալիս դատարկաբանները։ Կարող է՝ չէ՞ այսպիսի իրավիճակ լինել։ Միշտ էլ կարող է։

Դե, իսկ ինչու ենք զարմանում, երբ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս ռուսական Дождь լրատվամիջոցին ու մի X երկրի օրինակով ասում, թե, եթե հիմա շատ չէ՝ մի 4-5 հոգի, ասենք, մխտռրված են այդպիսի մեղքերով, ու եթե պետությունը մանկապղծության համար, ասենք, նրանց դեմ պայքարում է, դա ի՞նչ է՝ հարձակո՞ւմ է եկեղեցու վրա, դա օրինական չէ՞, ինչ է։ Միայն թե, երկրի անունը դնելով X, Ալեն Սիմոնյանը չի փրկվում․ նա ուղիղ զրպարտում է հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին՝ մեղադրելով նրանց չտեսնված, չլսված մեղքի մեջ։ Այո, կաթոլիկ եկեղեցու մասին լսել ենք, շատ այլ բաներ էլ ենք լսել տարբեր հոգևորականների մասին։ Բայց հայ եկեղեցու մասին «մանկապղծությունը», այսպես ասած, նոր «շառ» է, որը ցանկացած X-ի տակ անհայտ դարձնելով՝ զրպարտությունը չի անհետանում։

Ով լսել է Ալեն Սիմոնյանին, ուղիղ հասկացել է, որ կան, օրինակ, քրեորեն պատժելի, ամենատականք մեղքի՝ մանկապղծության դեպքեր, շատ չէ՝ մի 4-5 հոգևորականների վերաբերյալ, ու ահա պետությունը պայքարում է այդ մանկապիղծների դեմ։ Եվ ստացվում է, որ, օրինակ, հանրության մի մասը, այդ թվում՝ ձեր համեստ ծառան, ասենք՝ ես, չենք ողջունում այդ պայքարը, ուրեմն պնդում ենք, թե այդ մանկապիղծ եկեղեցականները մեզ պետք են, սիրում ենք նրանց ու պաշտպանում։ Ահա այսպես մի թե-ական խոսք, մի զրպարտություն ուղղակի մեղքի ու անպատվության մեջ է թաղում մեզ բոլորիս, նրանց, ովքեր պաշտպանում են իրենց հավատն ու եկեղեցին․ մենք դառնում ենք ստոր մանկապիղծներից օրհնանք ստացող և նրանց աջը համբուրող մարդիկ։ Համաձայն եք՞լինել ադպիսին․․․ Համաձայն չենք։

Նման բան հնչելուց հետո մի քանի սցենար կարող էր լինել։

Սցենար 1․ Իրավապահ համակարգն անմիջապես արձագանքում է՝ անհանգիստ, թե «չլինի մի բան բաց ենք թողել»։ Կանչում են Ալեն Սիմոնյանին և պահանջում հայտնել մանկապիղծ հանցագործների անունները։ Ճշտելուց հետո շտապ ձերբակալում են հանցագործներին, եկեղեցին մաքրվում է այդ կեղտից, պայքարն ավարտվում է։ Բոլորս շնորհակալություն ենք հայտնում Ալենին և նզովում հանցագործներին՝ 4-5 անուն առ անուն։

Սցենար 2․ Մանկապիղծ հոգևորականների անունները գիտի, բայց իրավապահներին չի ասում։ Իմանալ-չհայտնելու համար ԱԺ նախագահը գնահատվում է՝ մեղսակից և դատապարտվում է օրենքի ուժով։ Բոլորս շնորհակալություն ենք հայտնում իրավապահ անկախ համակարգին, նզովում ենք հանցագործներին թաքցնողին։

Սցենար 3․ Զրպարտիչը հրաժարվում է ասածից, հերքում դա և բազմակողմանի ներողություն է խնդրում թե՛ հայ եկեղեցուց, թե՛ հայ հավատացյալներից, թե՛ զրպարտությունն ակամա տարածող լրատվամիջոցից։ Խոստանում է այլևս այդպես չխոսել, չստել, եւ հրաժարական է տալիս։ Այդուամենայնիվ, նա դատապարտվում է զրպարտելու համար՝ օրենքի առավել խնայող ուժով։ Բոլորս զզված ենք, բայց՝ թեթևացած և շնորհակալ։ Ոչ մեկին չենք նզովում։

Սցենար 4․ Նախորդ սցենարները չեն պատահել, ու հանրությունը բարկացել է, դուրս է եկել բողոքի․ պահանջում է երեք նախորդ սցենարներից որևէ մեկի իրականացում, չի հանդարտվում՝ մինչև մի լուծում չգտնվի։

Սցենար 5․ Բոլոր նախորդ սցենարները չեն աշխատում։ Խոսքը հնչում է, քամին փչում է, քարավանը գնում է, ոչ մեկի ոչ մի նյարդին ու ոչ մի տեղին չի դիպչում։

Ահա այս 5-րդ սցենարն էլ մենք հենց այսօր ունենք։ Սա մի բան չէ, բայց հատկանշական է այնքանով, որ ցույց է տալիս, թե որքան անլուրջ են բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը թե՛ իրավապահների, թե՛ հանրության աչքին։ Ինչ ասես՝ խոսում են, ում ասես՝ զրպարտում են, և դա սովորական է, տպավորություն չի գործում, խորացնում է միայն հիասթափությունը, այդքանը։

Մի բան էլ կա․ այսպիսի մտքերի դոզան ավելացնելով՝ կարծես հասել են եզրագծին, էլ ի՞նչ մնաց, որ չեն ասել այս մարդիկ եկեղեցականների մասին՝ գող, ավազակ, թալանչի, անբարոյական, երեխատեր, անտեր, երդմնախախտ, մանկապիղծ, գործակալ, բռնակալ, դավաճան։ Կարծես՝ զրպարտության սցենարները նույնպես ավարտվում են։ Կարծում ե՞ք։ Այո, մնացել է մի բան՝ կանիբալիզմը։

Հաջորդ հարցազրույցում մի X երկրի մի Y պառլամենտի խոսնակ կարող է ասել, ասենք թե՝ կան մարդակերներ, շատ կան, կամ շատ չէ՝ մի 4-5 հոգի, այդպիսի մեղքերի մեջ թաղված են, հո չե՞նք թողնելու թաքնվեն փիլոնի ու վեղարի տակ ու մեզ ուտեն․․․ Պիտի պայքարենք, - ասելու է, - պիտի նրանց մեղադրենք տարբեր բաներում, ամենաազդեցիկներին մինչև ընտրությունները պիտի փակենք նկուղներում, պիտի աղոթենք՝ պատարագները զեղչելով, այդ մարդակերներից պիտի ազատվենք՝ նրանց եկեղեցիները գրոհելով, սահմանադրությունը խախտելով, բանականությունն ու տրամաբանությունը չեղարկելով։ Թե չէ՝ այդ հոգևորականները համ էլ մանկապիղծ են, ինչ ասես՝ կանեն, ում ասես՝ կուտեն։

Եվ ի՞նչ, այդ դեպքում գոնե մենք պիտի բարկանանք և ընդվզե՞նք, ավելի շուտ՝ ոչ։ Հանրությունը պիտի նորից արհամարհի, իսկ իրավապահ համակարգը՝ կրկին մնա ամոթով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image