Քաղաքականություն

Չի ուզում Մակրոնի եւ Շոլցի պես, ուզում է Ռահմոնի եւ Լուկաշենկոյի պես

Չի ուզում Մակրոնի եւ Շոլցի պես, ուզում է Ռահմոնի եւ Լուկաշենկոյի պես

Գյումրիում հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական հեղաշրջում տեղի ունեցավ` գյումրեցիների կողմից ընտրված քաղաքապետին փոխարինեց Փաշինյանի կողմից ընտրվածը: 2021 թվականին Գյումրու ավագանու ընտրություններում, եթե հիշում եք` հաղթել էր Բալասանյան դաշինքը, ՔՊ-ն ավելի քիչ ձայն էր ստացել: Բալասանյան դաշինքի ցուցակը գլխավորած Վարդգես Սամսոնյանն էլ ընտրվել էր քաղաքապետ, ճիշտ է` կոալիցիա կազմելով ՔՊ-ի հետ: Բայց Փաշինյանին չի բավարարում բաժնետիրական իշխանությունը, նրան պետք է բացարձակ իշխանություն, եւ այդ բացարձակ իշխանությանը հասնելու համար նա նախ լուծարեց Բալասանյան դաշինք-ՔՊ կոալիցիան, հետո պարտադրեց, որ Գյումրու ընտրված քաղաքապետն ու ավագանու անդամները վայր դնեն իրենց լիազորությունները, որպեսզի ինքը կարողանա քաղաքապետ նշանակել: Նա մի անհասկանալի գործընթաց սկսեց` անունը փրայմերիզ դնելով, իբրեւ թե գյումրեցիներն են որոշում՝ ում ինքը քաղաքապետի ԺՊ դնի եւ ումով գնա ընտրության:

Արձանագրենք, որ երեկ Փաշինյանը գյումրեցիներից խլեց նրանց ընտրությունը, խլեց սեփական քվեով քաղաքապետ ընտրելու իրավունքը՝ սեփականաշնորհելով այն: Պատահական չէ, որ Գյումրու քաղաքապետ նշանակելուց անմիջապես հետո նա մեկնեց Ռուսաստան, որտեղ առիթ կունենա հանդիպելու իր նման ժողովրդավար առաջնորդների`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Տաջիկստանի նախագահ Էմամոլի Ռահմոնի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ, որոնք իրենց երկրները կառավարում են նույնատիպ տոտալիտար մեթոդներով: Տոտալիտար կառավարում նշանակում է՝ տոտալ հսկողություն հանրային կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ` ընտրություններից մինչեւ մարդու ընտանեկան եւ անձնական կյանք:
Փաշինյանը Գյումրու քաղաքապետ նշանակեց Սարիկ Մինասյանին, որն իբրեւ թե ընտրվել էր փրայմերիզի` նախընտրության արդյունքում. Փաշինյանը որոշել էր, որ այդ նախընտրությանը պետք է մասնակցեն բացառապես իր կողմից ընտրված թեկնածուներ, որոնց կազմից էլ ինքը պետք է ընտրի ապագա քաղաքապետին: Իրականում` փրայմերիզ կոչվածը կազմակերպվել էր իշխանազավթումը քողարկելու, կեղծիքին օրինական տեսք տալու համար, դրան մասնակցելու իրավունք տրված էր միայն Փաշինյանի թիմակիցներին, միայն նրանց, ում կընտրեր Փաշինյանը: Ի սկզբանե Փաշինյանը որոշել էր, որ ոչ ՔՊ-ական որեւէ մեկը չի կարող լինել Գյումրու քաղաքապետ, եթե անգամ գյումրեցիները ցանկանում են, որ իրենց քաղաքապետը լինի ոչ ՔՊ-ական, միեւնույն է՝ նրանք նման ընտրության հնարավորություն չունեն: Սարիկ Մինասյանն էլ նշանակումից հետո որոշել է դառնալ ՔՊ անդամ, որ մի օր Փաշինյանն իրեն էլ անվստահություն չհայտնի եւ ուրիշ մեկին չնշանակի իր փոխարեն:

Իսկ ինչի՞ համար են ընդհանրապես ընտրությունները, եթե կարելի է դրանք փոխարինել փրայմերիզով: Ոչ միայն համայնքապետերի, այլեւ պատգամավորների դեպքում: Հաջորդ քայլով Փաշինյանը կարող է որոշել, որ Ազգային ժողովի պատգամավոր էլ կարող են ընտրվել միայն նրանք, ովքեր ստացել են իր հավանությունը: Խոսքը ոչ միայն ՔՊ ցուցակի մասին է, որը կազմում է ինքը` նեղ ընտանեկան միջավայրում, այլեւ ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները եւս պետք է իրենց ցուցակներն ուղարկեն Փաշինյանի մոտ հաստատման` նախընտրության: Դրանք կարող են ԿԸՀ գրանցման ներկայացվել միայն Փաշինյանի համաձայնությունը ստանալուց հետո: Փաշինյանի հավանությանը չարժանացած կուսակցությունների ցուցակները գրանցման ենթակա չեն լինի եւ չեն մասնակցի ընտրություններին:

Կարող եք ասել, որ դա անհավանակա՞ն է` բացարձակապես: Ռուսաստանի խորհրդարանում էլ իշխող «Միասնական Ռուսաստանից» բացի կան այլ խմբակցություններ` Ռուսաստանի լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը կամ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, որոնք իբրեւ թե ընդդիմադիր կուսակցություններ են, բայց դրանց ընդունված է անվանել «համակարգային ընդդիմություն», իշխանությանը մաս չկազմող կուսակցություններ, որոնք տեղավորվում են ՌԴ նախագահի ձեւավորած ավտորիտար համակարգի տրամաբանության մեջ, չեն պայքարում այդ համակարգի արատների դեմ, այլ գերադասում են օգտվել իրենց համար սահմանված արտոնություններից: Այդ կուսակցությունների համամասնական ցուցակում ոչ մի դեպքում չեն կարող լինել Պուտինի իշխանությունը քննադատող կամ այդ իշխանության տապալումը պահանջող որեւէ քաղաքական գործիչ եւ անհատ: 

Փաշինյանի ուզածը եւս «ընտրական սուլթանություն» հաստատելն է, որտեղ ֆորմալ առումով կան ժողովրդավարական ինստիտուտներ` բազմակուսակցականություն, ինչ-որ չափով ազատ մամուլ, ընտրություններ, բայց դրանք որեւէ դեր չունեն իշխանության ձեւավորման վրա, այլ զուտ դեկորացիայի դեր են կատարում: Գարնանը Փաշինյանը պատրաստվում է Գյումրիում ընտրություններ կազմակերպել. բայց եթե այդ ընտրություններում ՔՊ-ն դարձյալ պարտություն կրի, ինչն ամենահավանական սցենարն է, Փաշինյանը կարող է ընտրված քաղաքապետին եւ ավագանիներին դարձյալ ստիպել, որ նրանք հրաժարվեն իրենց մանդատներից, եւ նույն հաջողությամբ նշանակել իր դրածոյին: Նախադեպերն արդեն ստեղծվել են: Եվ դա՝ այնքան ժամանակ, մինչեւ մարդիկ հասկանան, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին, միեւնույն է` Փաշինյանն իրենց ընտրածի փոխարեն նշանակելու է իր ուզածին: Արդեն չորս տարի շարունակ նա զբաղված է դրանով՝ մարդկանց համոզելով, որ իրենց ընտրությունը որեւէ արժեք չունի:

Իշխանության առաջին տարիներին Փաշինյանը չէր նայվում Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Տաջիկստանի հավերժ նախագահ Էմամոլի Ռահմոնի համայնապատկերում, ինքը՝ ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած ժողովրդավարական առաջնորդ, նրանք՝ քյառթու բռնապետեր, իրենց երկրները վերածած «ժողովուրդների բանտի»: Հիմա Մոսկվա մեկնելով եւ մասնակցելով ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ միջոցառումներին՝ ոչ միայն Փաշինյանն իրեն օտար չի զգա, այլեւ նրան կընկալեն որպես յուրային, գաղափարակից, ակումբի արժանի անդամ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image