Հասարակություն

«Հրապարակ»․ Եթե չունենայինք ՄԻՊ, երկրում մարդու իրավունքների վիճակն ավելի լավ կլիներ

«Հրապարակ»․ Եթե չունենայինք ՄԻՊ, երկրում մարդու իրավունքների վիճակն ավելի լավ կլիներ

Փետրվարի 3-ին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բարձր մակարդակի համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են կանանց իրավունքների պաշտպանությանը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի եւ կրոնական ազատությունների հետ կապված խնդիրներին, «Հավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին, իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին եւ այլն։ 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարին ուղղված քայլերը, խոսել է կրթական բարեփոխումների կարեւորության մասին, անդրադարձել է տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, խոսել է իր սիրելի թեմայից՝ ատելության խոսքի դեմ պայքարի մասին։  «Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին՝ ջերմ ընդունելության եւ իրականացված աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման նպատակով երկխոսության եւ համագործակցության շարունակականության կարեւորությունը»։ 

Կարդալով այս հաղորդագրությունը՝ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե այսօրվա Հայաստանի մասին է, այլ, ասենք, օրինակ, այն մասին, որ Ֆլորիդայում կամ Բրյուսելում է աշխատում Անահիտ Մինասյանը, եւ մարդու իրավունքների համար պայքարն էլ եվրոպական բարեկեցիկ երկրում ընթացող պայքարի է նման: Ոչ մի խոսք քաղաքական բանտարկյալների մասին, ոչ մի խոսք Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական բացահայտ արշավի մասին, ոչ մի խոսք կալանավորված հոգեւորականների, եկեղեցի ներխուժած ԱԱԾ-ականների, Բաքվում խոշտանգվող մեր համաքաղաքացիների, ընդդիմության իրավունքների ոտնահարման մասին: 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Ներկայիս մարդու իրավունքների պաշտպանին ես համարում եմ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ը: Եղել են ՄԻՊ-եր, որոնք, իհարկե, ոչինչ չեն արել, մեծ հաշվով, սակայն Անահիտ Մանասյանը ոչ թե ոչինչ չի անում, այլ վնաս է տալիս մարդու իրավունքներին, որովհետեւ եթե դու չես կարողանում տարանջատել առաջնահերթությունները, եթե կարեւորը երկրորդականից չես կարողանում տարբերել, ապա նշանակում է, որ այդ ինստիտուտին մեծ վնաս ես հասցնում: Բայց իրականում այստեղ խնդիրն ավելի շատ ոչ թե տարբերելու մեջ է, այլ՝ քաղաքական ուղղորդվածության: Այն ոճը, որով նա է աշխատում, ՄԻՊ ինստիտուտի վերաբերյալ բացասական վերաբերմունք է ստեղծում: Կան հիմնական հարցեր Հայաստանում, օրինակ` քաղբանտարկյալների հարցը, կան հարցեր՝ քաղաքական իրավունքների հետ կապված: Հենց այս հարցերի շնորհիվ է ձեւավորվել մարդու իրավունքների համակարգը, իսկ ՄԻՊ-ը փաստացի չի իրականացնում իր գործառույթները, ավելին` նա զբաղվում է երկրորդական հարցերով եւ անում է ամեն հնարավոր բան, որ բուն խնդիրները ստվերվեն: Քննիչի կողմից խոշտանգման մասին տեսանյութ տարածվեց, ես այդպես էլ չտեսա, որ ՄԻՊ-ը դրա վերաբերյալ հաղորդագրություն տարածեր: Դա, ի վերջո, կարեւորագույն հարց էր: Երկու տարի առաջ եղավ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը: Մարդու իրավունքների մասին զեկույցում, որը բաղկացած էր հազար էջից, անդրադարձ չկար այդ դեպքի մասին: Եթե մենք չունենայինք ՄԻՊ, մեր երկրում մարդու իրավունքների վիճակն ավելի լավ կլիներ: Ինչու, որովհետեւ արեւմտյան կառույցները չէին բավարարվի ՄԻՊ-ի զեկույցներով եւ իրենք կզբաղվեին այս հարցերով ու վեր կհանեին իրական խնդիրները»:

Իսկ ի՞նչ կարող է այս մասով անել ընդդիմությունը: Ինչո՞ւ են հայրենի ընդդիմադիրներն այսքան անկարող՝ ո՛չ ԵԽԽՎ-ի զեկույցների վրա են կարողանում որեւէ կերպ ազդել, ո՛չ միջազգային կառույցների հետ են կարողանում ճիշտ հաղորդակցվել, անգամ Հայաստան ժամանած եվրոպացի գործիչներին չեն կարողանում հստակ ու ամբողջական ինֆորմացիա տալ, որը կհերքի իշխանական կեղծ ինֆորմացիան. «Այդ հարցերով կարող է զբաղվել խորհրդարանական ընդդիմությունը, սակայն չգիտեմ, թե ինչ են կարողանում անել: Միեւնույն ժամանակ այս հարցում լայն հնարավորությունները նրանցն են: Օրեր առաջ մեր գործընկեր Արամ Վարդեւանյանն ԱՄՆ-ում փայլուն ելույթ ունեցավ` խղճի ազատության հետ կապված համաժողովի ժամանակ»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image