Հասարակություն

«Բիզնես դնելու» համար իշխանությունը «փող» է վերցրել ու քամուն տվել

«Բիզնես դնելու» համար իշխանությունը «փող» է վերցրել ու քամուն տվել

Մտոք կույր պիտի լինել՝ չհասկանալու, որ ՔՊ խառնամբոխի՝ իշխանության գալու առաջին իսկ օրվանից սկսվեցին Հայոց Կեցության բոլոր կենսահյութերի քամում-մզումն  ու ցամաքեցումը: Սիստեմատիկաբար: Բացահայտորեն: Համակարգված: Իրենց խոսքերով՝ «Կաթիլ առ կաթիլ, քյաբաբ առ քյաբաբ»: Բավականին ուշ հասկացանք, որ մեր պետությունն այլեւս հայկական չէ, իշխող ռեժիմն էլ բռնապետական է, որ աստիճանաբար օկուպացրել ու երկիրը տանում է ստույգ կործանման: Չնայած նրանց հրամցրած կարգախոսն էր՝ «Ապագա կա»: 

Ավետիս մեզ․ մեր առջեւ իր ողջ «շուքով» այսօր փռված է այդ Ապագան: Տնտեսությունն օր-օրի ետընթաց է ապրել, բյուջեն տնօրինվում է միայն իրենց հաճույքների համար եւ օտարերկրյա պարտքերը մարելու վրա: Խելքից դուրս պարտք ենք կուտակել:

Իսկ ի՞նչ են արել 8 մլրդ դոլարի հասնող գումարը. պատկերացրեք մի մարդու, որը ցանկություն է ունեցել զբաղվել գործարարությամբ, տունը գրավ դնելով` բանկից վարկ է վերցրել, ասենք, մի փոքրիկ կրպակ բացելու նպատակով, բայց երբ փողը ձեռքին է հայտնվել, բուն նպատակին չի ծառայեցրել՝ թանկարժեք մեքենա է գնել, թանկ ռեստորաններում է կերել, քամուն տվել առձեռն գումարը: Բայց գալու է, չէ՞, պատասխան տալու ժամանակը: Ահա, եկել է պարտքը փակելու օրը, իսկ ինչո՞վ փակի, կրպակդ մի քոռ կոպեկի օգուտ չի բերել, որովհետեւ... չի կառուցվել:  Պարտատերերին ի՞նչ է մնում անել: Կեցցեք՝ գրավի դիմաց տունը խլել: Այդպես է պատահում նաեւ պետությունների հետ:
Հարցրեք՝ այ ողորմելիներ, ի՞նչ եք արել այդ ահռելի գումարը՝ 8 միլիարդը: Որ շատ «զզվեցրինք», մի օր խունտայի պարագլուխն աքլորացավ՝ զենք ենք առել: Եթե զենք է առել, ինչպե՞ս եղավ, որ պատերազմի օրերին չտեսանք... Ախր, ինքդ ես հայտարարել՝  զենքը մեր ինչի՞ն է պետք, եթե խաղաղությունն արդեն մեր դռանն է չոքել: Իսկ հարցը շարունակում է հնչել՝ ի՞նչ ես արել 8 միլիարդը: Դրա պատասխանը շատերին պարզ է՝ քամուն է տվել: Պարզ է, որ քամուն չի պատասխան տալու, պատասխան է տալու հայ ժողովրդին: Մյուս քամուն տված փողերի համար էլ է պատասխան տալու:

Իշխանության գալուն պես ստեղծեց ԱՆԻՖ հիմնադրամ, ապա լուծարեց, պարզվեց՝ պետությանը պատճառվել է 25 միլիարդ դրամի վնաս: Այդ փողը «հորով-մորով» անողներն անցած 3-4 տարում չեն հայտնաբերվել, ոչ ոք չի պատժվել: Ինչո՞ւ... Բանականությունը հուշում է. Դա էլ են յուրացրել` իր իսկ իմացությամբ, անգամ՝ գլխավորությամբ: 
ԱԺ պատգամավորները միայն անցյալ դեկտեմբերին 3-ական միլիոն դրամ ստացան (անցյալում ընծայաբերված պարգեւավճարների թիվը կորցրել ենք), պաշտպանության փոխնախարարները՝ 4 միլիոն 800 հազար դրամ, պաշտպանության նախարարի խորհրդականները՝ 2 մլն 600 հազար դրամ, եւ այդպես շարունակ... Ի՜նչ փողեր են մեջ-մեջ արվում: Մեր հավաքած բյուջեի միջոցները բաժանվում են կառավարության նիստերում «չզեկուցվող» հարցերի ներքո, փոխանակ խնայողաբար, խելացիորեն օգտագործվեն, որ հանուրի բարեկեցությունն ապահովեն: Մինչդեռ եկամուտ ու բարեկեցություն են ապահովել Նիկոլի եւ իր յուրայինների համար:

Նիկոլը վարչապետության առաջին իսկ օրից երեւի թիմին զգուշացրել է` իմ իշխանության օրոք կաշառակերությամբ չզբաղվեք, կոռուպցիայի մեջ չթաթախվեք, չխայտառակվեք, տեղներդ վեր ընկեք՝ կաշա՞ռք եք ուզում, ես վախտը-վախտին կտամ... Էդպես հեշտ է վերահսկել ՔՊ-ահոտին: Փաստե՞ր` որքան ուզեք: 

«Ալեքստեքստիլը» Նիկոլի սրտի տեքստիլն է, հայտնի անձին պատկանող ընկերությունը հաճախակի ազատվում է պետբյուջե գումարներ փոխանցելու պարտավորություններից: Ըստ ՊԵԿ-ի, մի անգամ 50 նոր աշխատատեղ ստեղծելու պարտավորություն ստանձնելու հիմնավորմամբ, պետբյուջե մուծվելիք 290 հազար դոլարից, բայց հետո «Ալեքստեքստիլը» չստեղծեց այդ նոր աշխատատեղերը: Նույն անձին պատկանող «Լ. Ա. պլաստ» ընկերությունը 2024-ին էլ ազատվեց 451 հազար դոլարի մաքսատուրք վճարելու պարտավորությունից: 

Դարձյալ ՊԵԿ-ի հաշվետ­վությունից տեղեկանում ենք, որ միայն այդ ընկերությունները չեն Նիկոլ վարչապետի սիրելիները` «թանկագիններ» էլի կան: Ահավասիկ, շշեր արտադրող «Սարանիստ» ընկերությունը (Շշի Մելոյին պատկանող): Վերջին երեք տարում ընդունված կառավարության որոշումներով, «սառնասրտորեն» «Սարանիստին» հնարավորություն է տրվել պետությանը չվճարել գրեթե մեկ միլիոն դոլար: Եվ այս ընկերությունն էլ խոստացած պարտավորությունը՝ 40 նոր աշխատատեղ բացելու, չի կատարել, փոխարենը կրճատումներ է արել, եւ դա «օգնել է», որ հաջորդ տարի ազատվի 178 միլիոն դրամի վճարից՝ 15 նոր աշխատատեղ բացելու անհեռանկար խոստման դիմաց: 
ՊԵԿ-ի հաշվետվություններում շատ ու շատ նմանատիպ «էկզոտիկ նորությունների» կհանդիպեք: Համատարած կողոպուտի ու թալանի, երկիրն անապատի վերածելու մի քանի օրինակ էլ բերենք` Նիկոլի նախկին համայնքապետ` Էջմիածնի քաջազնագույն քաղաքապետ Դիանա Գասպարյանի եւ նրա ընտանիքի բազմապրոֆիլ խարդախությունների գործն արդեն դատարանում է: Իսկ որտեղ է այժմ դշխուհի Դիանան, իհարկե՝ ազատության մեջ: 

Իսկ ինչո՞ւ են ազատ ֆռֆռում ՔՊ-ական վերնախավի կարկառուն մի շարք ներկայացուցիչներ` «երկրորդական», «երրորդական» դեմքեր: Զորօրինակ՝ Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը (սրա քեռին «միալար» թանկարժեք տենդերներ է «հաջողացրել»), Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, որն իր եղբորը շուկայականից  զգալիորեն էժան գնով համայնքապատկան հող է նվիրել, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որի հայրն ահռելի չափերի այգի է հիմնել, իսկ 1.5 մլրդ դրամի վարկի տոկոսի սուբսիդավորումը՝ 102 միլիոն դրամ, վճարել է ՀՀ կառավարությունը, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի եղբայրները թանկարժեք առանձնատուն են կառուցել... իրենց մայրիկի համար։ 

Այլ օրինակնե՞ր. փնտրեք լրատվականներում՝ տասնյակ հազարավոր դեպքեր կպեղեք: Ու ինքներդ կհանգեք միանգամայն «օրինական» ու այդ փաստերով հաստատվող կռահմանը, այն է. ՔՊ-ականները ծրագրված, եռանդուն գործողություններով մզում-քամում են երկրի կենաց կենսահյութերը, ոչ միայն  զրկում են զարգացման, առաջընթացի որեւէ հնարավորությունից, այլեւ դիտավորությամբ երկիրը տանում են ստույգ կործանման: 
Ո՞ր իմաստուն, պատվախնդիր այրը մի ելուզակի 8 տարի իր գոգին կնստեցնի, որ սա իր քեֆով նրա «միրուքը փետի»: Բայց մենք, ավաղ, թույլ ենք տվել ու դեռ թույլ ենք տալիս: 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image