2025 թվականի դեկտեմբերի 16-ին քաղաքացի Արմեն Ալեքսանյանը ցանկացել է «Հայփոստով» ծանրոց ուղարկել ԱՄՆ-ում բնակվող իր բարեկամին, ասում է՝ օրենքով արգելված չիր։ Ապրանքը բաց տեսքով կշռել է, ասել են՝ պետք է տեղափոխման ծառայության համար 1 կգ-ի դիմաց վճարի 10 հազար դրամ։ Ծանրոցը կշռել է մոտ 800 գրամ, բայց քաղաքացուց եւս 10 տոկոս հավելավճար են պահանջել․ԱՄՆ նախագահի կողմից սահմանված մաքսատուրքն է՝ ասել են։
«Քանի որ ես ձեռներեցությամբ եմ զբաղվում եւ փոստային ծառայություններից հաճախ եմ օգտվում, զարմացա պահանջից։ Ասացի՝ չի կարող մի երկրի նախագահը մեկ այլ երկրի ներքին գործերին վերաբերող որոշում կայացնել։ Պահանջեցի, որ իրավական ակտի հղումը տան, ծանոթանամ»,- պատմում է «Հրապարակին» դիմած քաղաքացին, որը պահանջել է՝ այդ պահանջի առնչությամբ իրենից բանավոր բողոք ընդունեն։
«Ծանոթացել էի «Հայփոստի» ներքին կանոնադրությանը եւ գիտեի, որ բանավոր բողոք ընդունելն այդ փաստաթղթում ամրագրված է։ Բայց իրենք համառորեն գրավոր էին պահանջում։ Ասում եմ՝ գրավոր խոսքս բանավորիս նման ճարտար չէ, ընդունեք բանավորը։ Ինձ ծաղրում են, թե բա՝ ո՞նց ես բարձրագույն կրթություն ստացել, երբ գրել չգիտես։ Դե արի, դրանց բացատրի, որ գրավոր ճարտար խոսքն ու անտառաճանաչությունը տարբեր բաներ են։ Խիստ վիրավորվեցի։ Բավական չէ՝ անտեղի հավելավճար են պահանջում, նյարդերդ են քայքայում, դեռ մի բան էլ վիրավորում են»,- ասաց քաղաքացին։
Եվ դեկտեմբերից մինչ օրս Արմեն Ալեքսանյանն իր այդ փոքրիկ ծանրոցը չի կարողանում ուղարկել ԱՄՆ։ Անընդհատ տանում-բերում են կամ մերժում են` հեռախոսով։ Ասում են՝ կընդունվի, երբ 10 տոկոս հավելավճարը մուծեք։
Տեւական վիճաբանություններից ու քաշքշուկներից հետո ԱՄՆ նախագահի որոշումը՝ անգլերենով, ի վերջո, տրամադրել են։ Պարզվել է՝ ԱՄՆ բեռնափոխադրում, փոստային ծառայություն եւ նմանատիպ այլ ծառայություններ մատուցողների նկատմամբ, ըստ դրույքաչափի, սահմանվել է պարտավորություն՝ բեռ ստացողից գանձել եւ ԱՄՆ կառավարությանը փոխանցել համապատասխան մաքսավճար՝ այդ երկիր մուտքագրած ապրանքների դիմաց։
«Իսկ նման մաքսավճարի պարտադիր պահանջը ապրանք ստացողի նկատմամբ է, որը ես չեմ։ ԱՄՆ կառավարության համար էական չէ՝ այդ գումարը գանձվելու է ապրանք առաքողի՞ց, ստացողի՞ց, թե՞շահագռգիռ այլ կողմից։ Փաստորեն, «Հայփոստը» որոշել է, որ ինքն է շահագրգիռ կողմը, եւ, չարաշահելով ազգային օպերատորի լիազորությունները, սկսել է հավելյալ գումարներ գանձել քաղաքացիներից»,-կարծիք է հայտնում Արմեն Ալեքսանյանը։
«Հայփոստի» անօրինական պահանջի եւ աշխատակիցների անբարյացակամ վերաբերմունքի մասին քաղաքացին դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին ու բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարին։ Ի տարբերություն վերջինիս, որտեղից դեռ արձագանք չի ստացել, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ նամակը վերահասցեագրել են ԲՏԱ-ին։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքացին, իր բողոքով, հայտնվել է կառավարության շրջապտույտի մեջ եւ չի կարողանում սպառիչ պատասխան ու հարցի լուծում ստանալ։