Քաղաքականություն

Խուզը եւ դրա հետեւանքները

Խուզը եւ դրա հետեւանքները

Նիկոլ Փաշինյանին հուշենք, որ նա շտապ կարգով պետք է այցելի ֆոտոատելյե եւ լուսանկարվի՝ արդեն սափրված: Նրա նոր լուսանկարները պետք է արագ բազմացվեն եւ բաժանվեն բոլոր այն ՔՊ-շնիկ պաշտոնյաներին, որոնց աշխատասենյակներում դեռ կախված են Փաշինյանի մորուքով նկարները: Դրանք պետք է պոկվեն պատերից, իջեցվեն նկուղ, իսկ դրանց տեղում կախվեն նորերը: Դա բավականին ժամանակատար պրոցես է, որովհետեւ առանձին պաշտոնյաներ կարող են ընդդիմանալ՝ ասելով, որ մորուքով Փաշինյանն իրենց համար ավելի ընդունելի է, քան՝ անմորուքը: Ամենադժվարը, թերեւս, կհամոզվի Կարեն Անդրեասյանը, որի աշխատանքային օրը սկսվում է Փաշինյանի նկարին բարիլույս ասելով եւ ավարտվում բարի գիշեր մաղթելով: Իսկ այդ միջակայքում, ինչպես գիտենք, Փաշինյանի նկարը Անդրեասյանին դրդում է ազնվության ու արդարության նորանոր բարձունքներ գրոհել: Հասնո՞ւմ է Անդրեասյանն այդ բարձունքներին, թե ոչ, դա այլ հարց է: Էականն այստեղ նկարի եւ Անդրեասյանի միջեւ հոգեկան կապն է, որ կարող է կտրվել, երբ թրաշով Փաշինյանին փոխարինեն անթրաշ Փաշինյանով: Դե արի՝ դրանից հետո աշխատասենյակ նորոգիր, «աբստանովկա» փոխիր… Դիզայները գուցե որոշի նկարի տեղը փոխել, որ լույսը ճիշտ ընկնի վրան: Այդ դեպքում Կարեն Անդրեասյանի աշխատասեղանի տեղը եւս պետք է փոխել… Փաշինյանի սափրվելը. ահա, այսպիսի գլխացավանք կարող է պատճառել շատ ՔՊ-շնիկների:

Իսկ վարչապետին ուղեկցող ախրանան երբ առավոտյան, առաջին անգամ Նիկոլին սափրված տեսավ, անակնկալի չեկա՞վ: Չասի՞ն՝ էս ո՞վ ա, արա… Ենթադրում եմ, որ նախազգուշացրած կլինեին, բայց, ամեն դեպքում, թյուրիմացություններից խուսափելու համար հարկ էր, որ Նիկոլը, մինչեւ լույսը բացվելը, մի հատ իջներ բակ, շփվեր տղաների հետ` նույնականացվեր: Այլապես տղաները կարող էին անակնկալի գալ ու նռնակ նետել նրա ոտքերի տակ: Բայց եթե բանը դրան չի հասել, ուրեմն արդեն ամեն ինչ լավ է:
Իսկ հիմա պատկերացրեք՝ նորաոճ Նիկոլը մտնում է կառավարության շենք: Մուտքի ոստիկանն ու Աշխեն մորաքույրը (մաքրուհին) լեղաճաք կլինեին ու կմտածեին, որ իշխանափոխություն է տեղի ունեցել: Եվ այստեղ հարց է ծագում՝ ո՞ւր էր Հանրային հեռուստատեսությունը եւ ինչո՞ւ առաջինը հանրությանը չտեղեկացրեց Փաշինյանի սափրվելու մասին: Ո՞ր կողմ էր նայում Պետրոսը, ինչո՞վ էր զբաղված, որ այս կարգի լուրն իմացել է թերթերից:

Հայաստանում մի խավ կա, որի համար մեկ է՝ սափրվա՞ծ է Նիկոլը, թե՞ սափրված չէ: Սա այն երջանիկ խավն է, որ երբեք ու ոչնչից սթրես չի ապրում: Դե դու մեր հարեւան Շմավոնին ասա՝ Նիկոլը սափրվել է: Կասի՝ վրեն, թե չի սափրվել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ու Շմավոնի համար նշանակություն էլ չունի՝ խոսքը Նիկոլի մասին է, թե մեկ ուրիշի: Ես շատ կուզենայի լինել այս խավի ներկայացուցիչ, բայց, ավաղ, քաղաքականությունն ինձ շատ հեռուն է տարել, դարձրել անբուժելի հիվանդ: Հենց տեսա սափրվելուց հետո առաջին կադրերը, ընկա «վնուշկեքի» մեջ՝ յա՜ա՜ա՜ա՜… Մտատանջություններս չփարատվեցին անգամ Ֆեյսբուքում, որտեղ արդեն այս երեւույթը կապել էին սատանայի թվի՝ 666-ի հետ: Իբր Նիկոլը հատուկ սափրվել է իր՝ իշխանության գալու 6-րդ տարվա 6-րդ ամսի 6-րդ օրը, եւ դա շատ վատ նշան է: Հաշվեցի, ամեն ինչ համընկնում էր՝ 2018, մայիսի 8-2024, նոյեմբերի 14: Եվ, ինչ՝ սատանայի հե՞տ գործ ունենք: Բայց սպասեք… Ո՞վ հաստատ գիտի՝ սատանան մորուքո՞վ է լինում, թե՞ անմորուս:

Բագրատ սրբազանին չզանգե՞մ՝ անցավ մտքովս, բայց նույն պահին էլ հրաժարվեցի այդ մտքից, որովհետեւ Ֆեյսբուքում եւս մեկ գրառում հայտնվեց, որի հեղինակը փաստերով ապացուցում էր, որ սատանան ընդամենը կերպարանափոխվում է: Այս բացատրությունն իմ խելքին նստեց, եւ ես մի փոքր հանգստացա: Իմ խնդիրը մնում էր նույնը՝ ուղղակի չտրվել սատանայի խարդավանքներին, իսկ թե սատանան մորուքով կլինի, թե անմորուս, ինձ չպետք է հետաքրքրի:

Մեր հանրության մեջ անտարբերներից բացի մի անդրդվելի խավ էլ կա, որ ո՛չ քաղաքականությամբ է զբաղվում, ո՛չ էլ հավատում է սատանաների գոյությանը: Սա այն խավն է, որ Փաշինյանի ճակատին ասում է այն, ինչ մտածում է նրա մասին: Թրաշդ անուշ, դավաճան/ թրաշդ անուշ, կապիտուլյանտ/ թրաշդ անուշ, հողատու/ թրաշդ անուշ, բ …/: Այս կարգի «ողջույններով» Ֆեյսբուքը լիքն է:

Բնականաբար, հետաքրքրվեցի նաեւ, թե նորությունն ինչպես ընդունեց Փաշինյանի 2021թ. «ընտրազանգվածը», որն այսօր մեղադրվում է Փաշինյանի գործած բոլոր հանցանքների մեջ: Այստեղ զարմանալիորեն ամեն ինչ հանգիստ էր, մոտավորապես այս տրամաբանության մեջ՝ «վրեն, թե չի թրաշվել»: Բայց դա՝ առաջին հայացքից միայն: Իրականում փակ կափարիչի տակ ամեն ինչ եռում էր: Հիասթափվածների թիվը մեծ էր: Քննարկելով տեղի ունեցածը՝ հասել էին մինչեւ այնտեղ, որ վիճում էին ոչխարների խուզի ճիշտ ժամկետների շուրջ: Վիճում էին, միմյանց էլ ձեռքի հետ մեղադրում, թե Փաշինյանը ձեր նմանների երեսից է գնացել այդ քայլին:

Եվ մի փոքր խումբ միայն գլխի ընկավ, որ Նիկոլ Փաշինյանն այսկերպ փորձեց հանրության ուշադրությունը շեղել նույն օրը ԱԺ-ում արած իր անփառունակ հայտարարություններից. «Փողը դարձրեք ձեզ բարեկամ», «Վերջին 600 տարում միայն 35 տարի ենք անկախ պետականության փորձ ունեցել», «Բանակը սրբագործման առարկա չէ, դա մեր մեծագույն սխալն է, ապապետականության դրսեւորում», «Ընդդիմությունը դժգոհ է ՊՊԾ-ից, որովհետեւ չի հաջողել ներկաներից որեւէ մեկին սպանել», ««Գինի լից»-ի կամավորը պետության չգոյության սիմվոլն է» եւ այլն, եւ այլն: Փաշինյանին հաջողվե՞ց դա անել: Ինձ թվում է՝ այո: Բայց Փաշինյանը սափրվելով մի այնպիսի բան արեց, որ ծախսի տակ գցեց պետությանը: Կարո՞ղ եք հաշվել, թե պետության հաշվին քանի նոր լուսանկար պետք է բազմացնել ու բաժանել հազարավոր պաշտոնյաների՝ իրենց աշխատասենյակներում կախելու համար՝ նկարը ռամկայի մեջ դիր, նոր ծակ բացիր պատին, սենյակը նորոգիր…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image