Քաղաքականություն

Իսկապես` այդ ամենի հետ Նիկոլն ի՞նչ կապ ունի

Իսկապես` այդ ամենի հետ Նիկոլն ի՞նչ կապ ունի

Ոնց հասկանում եմ, «բազմաթիվ զոհերի եւ զոհողությունների հաշվին» Հայաստանի պետական ինքնիշխանությունը վերջապես հասավ իր բարձրագույն մակարդակին, ինչի առումով պետք է ազգովի «շնորհակալություն» հայտնենք «մեծարգո վարչապետ» Փաշինյան Նիկոլին: Ճիշտ այնպես, ինչպես 7 տարի առաջ համարյա ազգովի նրան կարգեցինք վարչապետ: Դե, իսկ այդ մակարդակի ինքնիշխանության դրսեւորումն էլ «վիճելի տարածք» «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով վարձակալության վերցնելու ամերիկյան առաջարկն էր: Չնայած Թուրքիայում հավատարմագրված դեսպանի շուրթերով, սակայն այն կարող ենք համարել պաշտոնական առաջարկ: Զարմանալի է, բայց մեկ-երկու օր է անցել, իսկ այնպիսի հերքումներ, ինչպիսին առկա կլինեին, եթե առաջարկը ներկայացվեր ՌԴ դեսպանի կողմից, չեն եղել: Ու հատկապես ԱԺ նախագահ Ալենն էլ, որ բաց չէր թողնում ռուսներին իրենց տեղը դնելու առիթը, այս դեպքում լռում է: 

Ինչեւէ, ես ամերիկյան դեսպանին չեմ մեղադրում: Նախ, վերջինս դեսպան է նշանակվել վերջերս՝ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի առաջարկով (Թրամփն առաջարկել է, Կոնգրեսը՝ հաստատել): Իսկ դա նշանակում է, որ վերջինս կարող էր նաեւ չիմանալ սահմանային Արաքս գետի հունին զուգահեռ տարածքի չափը: Երկրորդ․ ինքը չի իմացել, որ ՀՀ գոնե այդ տարածքը չէր կարող լինել վիճելի: Բայց դա արդեն ալենների, արարատների եւ նրանց իրենց պաշտոններին նշանակած «մեծարգո վարչապետի» բացթողումն է՝ մեղմ ասած: Եթե պաշտոնավարման վերջին 5 տարիներին Նիկոլը ոչ թե փորձեր պառակտել սփյուռքը՝ չեզոքացնելով տասնամյակներով ակտիվորեն ու արդյունավետ գործող հայկական կառույցները, ապա օտարները հաստատ ավելի շատ բան կիմանային Հայաստանի Հանրապետության մասին: Բայց իսկապես իրական անկախության փոխարեն թուրքական հովանավորությունը նախընտրած «մեծարգոն» ամեն ինչ արել է հենց հակառակ տրամաբանությամբ: Ու այդ պատճառով էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կարող էր եւ չիմանալ ո՛չ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկարությունը եւ ո՛չ էլ դրա պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը: 

Ամբողջ հարցն այն է, որ թշնամի պետության ղեկավարն այնքան է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ մարդկանց պատկերացման մեջ ձեւավորվել է հատկապես այդ տարածքի՝ վիճելի լինելու տեսակետը: Իսկ «մեծարգո վարչապետն» էլ նույնչափ խոսել է, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկի» մասին: Ու այդ երկու երեւույթները միավորվել են մարդկանց ուղեղում: Եվ արդյունքում ստացվել է ամերիկյան մոտեցումը: Այն է՝ մենք կվարձակալենք միջանցքը 100 տարով, որպեսզի դա չխոչընդոտի խաղաղություն հաստատելուն: Դե, իսկ հաստատման պարագայում էլ այն կծառայի որպես խաչմերուկ: Իսկ թե որքան է այդ երեւույթը համապատասխանում «մեծարգոյի» մատնանշած՝ «ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության» հիմքին, դժվարանում եմ ասել: Թեեւ վստահ եմ, որ այդ դեպքում Հայաստանը կտրվելու է Իրանից, որը մեր հարավային սահմանի անվտանգության երաշխավորն է: Ու քանի որ ԱՄՆ-Իրան խնդիրները դեռ հեռու են լուծված լինելուց, Իրանը կվերածվի թշնամի պետության: 

Բայց քանի որ Նիկոլը հայտարարում է, որ կապ չուներ իր ավտոշարասյան կողմից հղի կնոջ սպանության հետ` դա վարչապետի շարասյունն էր, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ենթադրում եմ, որ պետք է կապ չունենա նաեւ նման զարգացումների հետ: Հատկապես որ այդ ամենը քննարկվում է գերտերությունների մայրաքաղաքներում, ընդունված որոշումներն էլ հրապարակայնացվում են, ասենք, դեսպանների կողմից: Իսկ դրանք չեն կարող բացասաբար չազդել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության վրա: Բայց Նիկոլը, օրինակ, անմիջական կապ ուներ Սերժ Սարգսյանին հեռացնելու հետ, որի վերջնարդյունքում վերածվեցինք ազգային ու ընդհանրապես մարդկային արժանապատվությունից զուրկ արարածների: Ինքն ազատելու է նաեւ Վեհարանը, որպեսզի վերջնականապես վերածվենք բարոյականությունից ու ընդհանրապես ազգային պատկանելությունից զուրկ մանկուրտների: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է կառավարության առաջին մասնաշենքն ազատենք հենց Նիկոլից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image