Մի քանի օր է մամուլում նյութեր են հրապարակվում, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրահանգով առևանգել և ծեծի են ենթարկել իրենց աշխատակիցներից մեկի՝ Վերոնիկայի ամուսնուն՝ Արթուրին, պատճառելով նրան մարմնական ծանր վնասվածք։
Ավելի ուշ կոմիտեից հերքեցին լուրը, իսկ ՀՀ ՆԳՆ–ից հայտնեցին, որ ծեծի մասին հաղորդում են ստացել, որն արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ըստ տեղեկությունների՝ նշված կնոջ ամուսինը ծեծի է ենթարկվել երբ գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցը պարզաբանելու: Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, ընտանիքի պնդմամբ, ամուսնուն՝ Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Ծեծը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հոդվածի 2–րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
«Հրապարակ»-ին տեղեկություններ են հասել, որ դեպքի վերաբերյալ ծեծվածի կինը՝ Վերոնիկան, դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պատմելով տեղի ունեցածը։ Բացի դրանից, տեղեկացանք նաեւ, որ այս պահի դրությամբ դեռեւս ոչ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չկա հարուցված, հանցագործները շարունակում են պաշտոնավարել, հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ եւ այլն։
Տիկին Վերոնիկան մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմում է ներկայացրել դատախազություն, ասում է՝ այն ընթացքի մեջ է․ «Հուսով ենք, որ հանցագործը շատ մոտ ժամանակներս բերման է ենթարկվելու։ Մենք ուղղակի հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել՝ ոնց է եղել իրողությունը՝ ես եւ ամուսինս, եւ սպասում ենք, որ հանցագործ Սուրեն Թովմասյան տականքը հայտնվելու է համապատասխան վայրում, մնացածն ընդամենը կատարածուներ են»։
Ամուսնու առողջական վիճակն այս պահին վատ է, ստացել է մի շարք վնասվածքներ․ «Շատ վատ է` քիթը կոտրել են, աչքերը վնասել են, կողերը ջարդել են, երկրորդ աստիճանի կոնտուզիա է ստացել, այդ ստահակ ոչնչությունների համար ի՞նչ ասեմ, նոր ենք գալիս այդ հետազոտություններից, էդ թաղվածներն իրենց կաբինետներում նստած` իրենց սիրուհիների հետ չգիտեմ ինչերով են զբաղված, մենք ընկած ենք հիվանդանոցի ու միլիցիայության դռները: Դրանք պատժվելու են։ Ես իմ հույսը դրել եմ Աստծո վրա, որ Աստված չի թողնելու, որ հանցագործներն ազատության մեջ լինեն, իսկ իրավապահ մարմինները լրջորեն զբաղվում են, ու հավատում եմ, որ մոտ ժամանակներս Սուրեն տականքը հայտնվելու է ճաղերի հետեւում, ինքը եւ իր բանդան։ Ինքը իրավունք չունի Ազգային ժողով գնա, օրենքներից խոսի, ինքն իրավունք չունի իր երեխեքի հետ գիշերը գնա քնի, որովհետեւ ինքը փորձել է ուրիշի ընտանիքի հոր լույսը կտրի, այդ մարդն իրավունք չունի ապրելու ազատության մեջ»։