Փաշինյանի իշխանությունն իրականացնում է Հայաստանի տնտեսական շրջափակում, որի արդյունքում կարող են տուժել ոչ միայն հազարավոր տնտեսվարողներ, այլեւ կարող է փլուզվել Հայաստանի ամբողջ տնտեսական համակարգը: Հնարավոր է, որ այս տնտեսական շրջափակումը յուրօրինակ սթրես-թեստ է, որի նպատակն է՝ պարզել, թե ինչպես տնտեսությունը եւ հասարակությունը կարձագանքեն Հայաստանի տնտեսական շրջափակմանը, եթե նման իրավիճակ առաջանա: Սթրես-թեստը կարող է պատվիրված լինել Փաշինյանի արեւմտյան տերերի կողմից, ի վերջո, Հայաստանի պետական մարմիններն առավելապես կառավարվում են արեւմտյան վերազգային կառույցների կողմից, եւ դա որեւէ մեկի համար առանձնապես գաղտնիք չէ: Հնարավոր է՝ Փաշինյանը հասկացել է, որ իր գլխավոր նպատակի` Հայաստանի կազմաքանդման եւ ոչնչացման համար առավել կարճ ու արդյունավետ ճանապարհ, քան տնտեսական կոլապսն է, գոյություն չունի:
Հունիսի 10-ի երեկոյան ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տարածեց մի հայտարարություն, որը Հայ առաքելական եկեղեցու դեմ կազմակերպված փաշինյանական հարձակման հետեւանքով առաջացած համազգային դիմադրության պատճառով աննկատ մնաց: ՊԵԿ-ը հայտարարում է, որ արգելափակում է հայ-վրացական սահմանը՝ Հայաստանից դուրս եկող բեռնատարների համար: Լավ է, որ Հայաստան մտնող բեռնատարների համար սահմանը դեռ բաց է, բայց ոչինչ բացառված չէ` ամեն ինչ առջեւում է: «Հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչեւ կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից»,- ասվում է ՊԵԿ տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության հետ կապված՝ առաջանում են մի շարք հարցեր, որոնք հուզում են նաեւ տնտեսվարողներին, որոնցից մի երկուսի հետ առիթ եմ ունեցել շփվելու: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն իրավասու չէ սահմանը փակել, այս մարմինը կոչված է կազմակերպելու Հայաստան մտնող կամ Հայաստանից դուրս եկող բեռների մաքսային հսկողությունը եւ դրա հետ կապված այլ ընթացակարգերի կազմակերպումը: Եթե արտահանողը որեւէ կերպ չի խախտել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոնները, ի՞նչ իրավունքով է ՊԵԿ-ն արգելում ապրանքի արտահանումը: Եթե սահմանը պետք է փակվի, ապա դա պետք է անի Հայաստանի կառավարությունը՝ իր հատուկ որոշմամբ, բայց Փաշինյանը չի ցանկացել իր վրա նման պատասխանատվություն վերցնել եւ, ինչպես միշտ, այն արել է ուրիշի ձեռքով` դնելով ՊԵԿ-ի վրա:
Ի՞նչ է նշանակում՝ միջոցառումն իրականացվում է հօգուտ տնտեսվարողների. բազմաթիվ տնտեսվարողներ ունեն պայմանագրային պարտավորություններ, եւ եթե ՊԵԿ-ն արհեստականորեն խոչընդոտում է ապրանքների ազատ տեղաշարժը, տնտեսվարողները չեն կատարում իրենց պարտավորությունները, որից բխում են հետեւանքներ: Ո՞վ պետք է պատասխան տա այդ հետեւանքների համար՝ չլինի՞ թե որեւէ բանի համար անպատասխանատու Հայաստանի կառավարությունը: Նույնիսկ եփած հավը, որ նման դեպքերում միշտ ծիծաղում է, այս անգամ դժվար թե կարողանա նման բան անել:
Ի՞նչ է նշանակում «միջոցառումը ժամանակավոր է» ձեւակերպումը. «ժամանակավոր»-ը շատ լայն հասկացություն է, այն սկսվում է մի քանի ժամից մինչեւ մի քանի օր, ամիս, եւ նույնիսկ 100 տարին ժամանակավոր է` հավերժության հետ համեմատության մեջ: ՊԵԿ-ն ասում է, որ վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի բեռների բացթողումը, իսկ եթե կուտակումների հարցը չկարգավորվի կամ շուտափույթ չկարգավորվի՞․ ի վերջո, արդեն մեկուկես ամիս է՝ Հայաստանի իշխանություններն այդ հարցը չեն կարողանում կարգավորել:
Շատերին թվում է, թե սահմանը փակվել է միայն Հայաստանից կոնյակ արտահանողների համար, քանի որ հենց նրանք կամ նրանց մի մասը խնդիր ուներ Վրաստանի մաքսային մարմինների հետ, բայց սահմանը փակվում է բոլոր տնտեսվարողների համար: Ինչո՞ւ, օրինակ, շինանյութ կամ բանջարեղեն արտահանողը պետք է կանգնի սահմանին, եթե կարող է իր բեռն անարգել հասցնել սպառողին:
Չլինի՞ թե Հայաստանի կառավարությունը շանտաժ է անում Վրաստանի իշխանություններին՝ ասելով, որ եթե դուք խոչընդոտներ եք ստեղծում կոնյակ արտահանողների համար, մենք ընդհանրապես կփակենք սահմանը բոլոր արտահանողների համար: Բայց դրանից Վրաստանին ի՞նչ, տուժելու է Հայաստանի տնտեսությունը:
Իսկ գուցե վրացական կողմից հայկական կոնյակի արտահանման արհեստական արգելքը նույնպե՞ս պայմանավորված է եղել Հայաստանի իշխանություն կոչվածների խնդրանքով, որ դա Հայաստանի տնտեսական շրջափակման հատուկ օպերացիայի մի դրվագն է եղել, սահմանը փակելու համար թեկուզ ոչ համոզիչ, բայց ինչ-որ հիմնավորում սարքելը:
Քանի որ բոլորի մոտ կա այն հաստատ համոզումը, որ Փաշինյանի նպատակը Հայաստանի կազմաքանդումն ու ոչնչացումն է, ապա երկրի տնտեսական շրջափակումը դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է: Պատկերացնո՞ւմ եք` ընդամենը մի քանի շաբաթում ինչպիսի քաոս կարելի է ստեղծել. տնտեսական ճգնաժամ, աշխատատեղերի փակում, ապրանքների դեֆիցիտ, աղքատություն եւ սով: Բայց կարեւորը՝ որ դա արվում է տնտեսվարողների եւ մարդկանց շահերից ելնելով: