Ես չեմ ուզում, որ Փաշինյանը մայիսի 9-ին գնա Մոսկվա: Պատկերացնո՞ւմ եք, այսքան բանից հետո գնա Մոսկվա և ռուս-ուկրաինական պատերազմի էշ-նահատակ դառնա: Պուտինն է, վերցրեց ու Նիկոլին զորակոչեց բանակ, որ հայ գեներալների օրինակով՝ բանդերականներից ազատագրի Ուկրաինան: Ոչ և ևս մեկ անգամ ոչ, ոչ մի պարագայում: Նիկոլը պետք է պատասխան տա հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության դատարանին և վերջ:
Այս իրավիճակում ես Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելը համարում եմ տեղին և ճիշտ ժամանակին արված քայլ: Կեցցեք, պարոնայք Էդգար Ղազարյան և Նարեկ Մալյան: Ձեր շնորհիվ Նիկոլ Փաշինյանը լավ հնարավորություն ստացավ Մոսկվա չմեկնելու: Հիմա նա կարող է հեռագրել Վլադիմիր Պուտինին. «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, շատ կուզենայի գալ, բայց վիճակս «ճանտռակուլի» է, իմպիչմենտ են անում, կարողա թախտից գցեն… Բայց Մհեր Գրիգորյանին կուղարկեմ»: Այնպես որ, պարոնայք Ղազարյան և Մալյան, գազ տվեք, որ Նիկոլը Մոսկվա չգնա: Նա մեզ այստեղ է պետք:
Ի դեպ՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ուզում են, որ Փաշինյանն անպայման գնա Մոսկվա և գլխին մի փորձանք բերի: Ոչ մի պարագայում չի կարելի դա թույլ տալ: Եթե պետք է, պարոնայք Ղազարյան և Մալյան, ես գրավոր դիմեմ ՔՊ վարչությանը, որ իմպիչմենտի հարցում ավելի ակտիվացնեն իրենց խմբակցությանը և սատելիտ ուժերին: ՔՊ-շնիկները վերցնում, ուղիղ եթերում էշ-էշ պատռում են իմպիչմենտի առաջարկը. դրանք, ի՞նչ է, քաղաքական հոտառություն չունե՞ն: Նույնիսկ Սաֆարյան Ստյոպիկն է արդեն հասկացել, որ իմպիչմենտը՝ դա Նիկոլի փրկության միակ հույսն է: Խեղճ տղեն մեռավ ասելով, մեռավ քննադատելով «Հայաստան» խմբակցությանը, որ չի միանում իմպիչմենտին: Մի՞թե հնարավոր է դա չնկատել: Ձեզ ուրիշ ի՞նչ է պետք, գեներացված ժողովո՞ւրդ: Դրանից էլ հեշտ բա՞ն: Ես կազմակերպեմ, ախպեր: Ուղղակի դա մի քիչ ռիսկային է: Մեկ էլ տեսար՝ լցվեցին ԱԺ ու առանց դատուդատաստանի իսկական իմպիչմենտ արին Նիկոլին: Հետո էլ պիտի ասենք՝ ավելի լավ էր Մոսկվա գնար… Եվ, որպեսզի բանը դրան չհասնի, ասում եմ՝ իմպիչմենտի տրամադրենք ԱԺ բոլոր ՔՊ-շնիկներին: Բա ի՞նչ: Ընկել՝ 54 քվե ենք ման գալիս, իսկ այնտեղ ավելի քան 70 գլուխ ՔՊ-շնիկ կա՝ համ արագացված իմպիչմենտ կհայտնեն, համ կքվեարկեն համ էլ վարչապետի այնպիսի թեկնածու կառաջադրեն, որ Նիկոլի սրտով լինի: Հովիկ Աղազարյանը մեկի անունը նշել է արդեն՝ Էդմոն Մարուքյան…
Չգիտեմ, չգիտեմ… Ոնց մտածում եմ՝ ամեն ինչ պետք է անել, որ Նիկոլը Մոսկվա չգնա: Հլա մի հատ ասեք՝ Լուկաշենկո, Ալիև… Ի՞նչ պետք է անի Եվրոպա գնացող Նիկոլը նրանց ներկայությամբ: Կամ Պուտինի առա՞ջ ինչ է խաղալու՝ «անառակ որդու վերադա՞րձը»: Վստա՞հ եք, որ ԵՄ-ի ուշադիր հայացքի ներքո դա նրան կհաջողվի: Աշխարհի բոլոր գաղտնի ծառայություններն այդ օրը Կարմիր հրապարակում են լինելու, իսկ մենք գիտենք, թե նրանք ինչպես են գործում, երբ որոշ ապիկարներ խնդիրներ են ստեղծում իրենց համար: Մեկը միամիտ թունավորվում է, երկրորդին առանց ձևականությունների թրխկացնում են, երրորդին գցում են հոգեբուժարան, չորրորդին տանում Հաագայի դատարան… Բա մեզ բմբուլ պե՞տք ա…
Իմպիչմենտի գործընթացը, հնարավոր է, քչություն անի: Մի բան էլ պետք է մտածել, մի քիչ ավելի ծանրակշիռ բան՝ պատճառ: Կորոնան, հնարավոր է, չաշխատի: Տարեք հեծանիվ քշելու և Շամշյանին ասեք` մի հատ ռեպորտաժ պատրաստի ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որ այսպես ու այսպես, վատ տեսանելիության պայմաններում բեռնատարը հարվածել է հեծանվորդին և գցել ձորը: Փրկարարները, երկար որոնումներից հետո, ձորից դուրս են բերել ջարդուխուրդ եղած հեծանվորդին և հանձնել վերջինիս անձնական բժիշկներին, որոնք նրա վիճակը գնահատել են կայուն ծայրահեղ ծանր: Ու մի լուսանկար, թե՝ էս Նիկոլը՝ գիպսերի մեջ, էս էլ Աննան՝ մահճակալի ծայրին նստած:
Վերջաբան: Ինձ հաճախ են մեղադրում տխուր բաների մասին սարկազմով գրելու մեջ: Գուցե և ճիշտ են անում, չգիտեմ, բայց ի՞նչ է Նիկոլի վարչապետությունը, եթե ոչ սարկազմ, եթե ոչ սատիրա, եթե ոչ տրագիկոմեդիա՝ էս ժողովրդի գլխին եկած: Մարդ արդեն ամոթից գետինն է մտնում… 20 թվից այս կողմ ամաչում եմ նույնիսկ Ուրեկի գնալ: Ուրեմն Թեմուրը սեղան բացի, ես էլ հայկական կոնյակը դնեմ սեղանին, ու լուռ նայենք իրա՞ր… Ինքը, որպես հյուրընկալ օջախի տեր, ինձ անհարմար հարցեր չտա, ես էլ ինձ էշի տեղ դնեմ` իբր ոչինչ տեղի չի՞ ունեցել…
Հարգելի ընթերցող, հասկացիր, խնդրում եմ, կյանքում ինձ պահողն էլ սարկազմն է: Լուրջ գրել կարելի է միայն լուրջ բաների մասին: