Կան թեմաներ, որոնք հնարավոր չէ շոշափել մեր հասարակության որոշ հատվածների մոտ: Դրանց սոսկ հիշատակումից նրանք ցնցումների մեջ են ընկնում, կորցնում ողջամտության նշույլները, դառնում ագրեսիվ: Ոմանց համար դա նախկին նախագահների թեման է, ուրիշների համար` թալանի կամ ղարաբաղցիների: Բայց հոգեխանգարմունքի հասցնող թեմաների թագն ու պսակը Ռուսաստանն է, ընդ որում, Ռուսաստանի ու ռուսական ամեն ինչի մասին ցանկացած հիշատակում` լինի գիր-գրականություն, ռուս դիսիդենտներ, Պուտին- Լավրով- Զախարովա- Անդրանիկ Միհրանյան եւ այլն... ատում են, զզվում են, որեւէ փաստարկ լսելու ունակ չեն: Ով չի հայհոյում ռուսին ու Ռուսաստանը` ռսապաշտ է ու ռսաստրուկ եւ կապ չունի, թե դու ինչ ես ասում:
Օրինակ, եթե ասում ես` Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց շատ վտանգավոր թշնամի է, մեկ է` դու ռսաստրուկ ես ու ռսապաշտ: Կամ ասում ես` մեր տնտեսությունն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, եթե որպես շուկա, որպես տնտեսական գործընկեր Ռուսաստանի դռները փակվեն մեր առաջ, դա աղետալի հետեւանքներ կունենա մեր տնտեսության համար: Կամ` ասում ես. Ռուսաստանում տարբեր հաշվարկներով մոտ 2 միլիոն հայ է ապրում, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի եթե այդքան մարդ մնա անտուն ու անաշխատանք: «Ռսաստրուկ» ասողների մեծ մասը Ռուսաստանում, որպես կանոն, բարեկամներ չունի, տնտեսական գործունեություն չի ծավալում եւ մեծ հաշվով` թքած ունի մեր երկրի, հայ համայնքի ու մեր տնտեսության վրա: Կամ էլ տհասների այն բանակին է պատկանում, որոնք ասում են` «է, թող հիմա էլ իրենց ապրանքը տանեն Եւրոպա կամ ասիական երկրներ»։ Սրանց թվում է, թե նոր շուկա մտնելն ու առեւտրական կապեր հաստատելը ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի այցերից՝ մի օր նստեց ինքնաթիռը թռավ Դավոս, մյուս օրը՝ Մոսկվա ու իրեն թվաց, թե «բալանսավորված եւ բալանսավորման» արտաքին քաղաքականություն է վարում:
Ի դեպ, ամենաողբալին այն է, որ վարչապետի աթոռին նստածն էլ է նույնքան մակերեսային մտածում` նա ամիսներ առաջ ծաղրում էր Հայաստանին ամենամեծ հարկային մուտքեր ապահովող ապրանքը` կոնյակը, թե. «Պետք է ընտրություն կատարենք մեր անկախության և թեյի գույնի օղու մի՞ջև, որը կոչվում է կոնյակ»: Իհարկե, եթե իրապես անկախության հարց դրված լիներ նժարին, կարող էինք անգամ ընտրություն կատարել անկախության եւ մեր կյանքի միջեւ, հօգուտ` առաջինի, բայց իր առաջարկած ընտրությունը թրքամոլության ու ռսամոլության միջեւ է` հօգուտ առաջինի:
Եկեք քննարկենք այն դիսկուրսը, որն այսօր համառորեն առաջ են մղում. ինչո՞ւ` կարող էինք 70 տարի ռուսի հետ լինել, հիմա չենք կարող թուրքի հետ լինե՞լ, 70 տարի խաղաղ ապրել ենք ադրբեջանցիների հետ` կողք կողքի, հիմա էլ կապրենք: Իմ համեստ կարծիքով, դրանք համեմատելի իրողություններ չեն, որովհետեւ Սովետական երկիրը կուռ կառուցվածք ուներ` իր միլիցիայով, պատժիչ համակարգով, ադմինիստրատիվ լծակներով, մետրոպոլիա- գաղութներ կառավարմամբ: Ռուսաստանն իրականում մեծ արբիտրի դեր էր խաղում` լուծում ազգամիջյան կոնֆլիկտները, ստիպում, որ ազգային փոքրամասնությունները տեղավորվեն բազմազգ պետության դոկտրինի մեջ: Նման արբիտրի բացակայության պայմաններում ադրբեջանական ներկայությունը դառնալու է դոմինանտ, սպառնալիք` մեր գոյությանն այս տարածքում, ոչ ոք չի միջամտելու, ոչ ոք ռիսկերը չի կառավարելու:
Ես չեմ սիրում նախորդ դարի իրադարձությունների հետ զուգահեռներ տանել, բայց Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ստեղծարար, օրինավոր քաղաքացիներ էին (մի հավատացեք էն կեղծ թեզերին, թե հայերն իրենք էին մեղավոր, որ իրենց բնաջնջեցին ու տարհանեցին): Այն, որ հայերի կառուցած Դոլմաբախչեն այսօր ամենից շատ այցելվող պալատն է, մեծ եկամուտ է բերում Թուրքիային, բայց ոչ մի բառ չի ասվում, որ հայ ճարտարապետ Կարապետ Բալյանն է այն կառուցել: Այն, որ քրիստոնեական Այա Սոֆյան մզկիթի վերածեցին եւ անգամ աստվածաշնչյան որմնանկարներն են ներկով ծածկել (նկարում), որ ոչինչ չհիշեցնի նրա հունական ու հայկական անցյալը, որ շատ քիչ հայ է ապրում Թուրքիայում, իսկ Ռուսաստանում 2 միլիոն հայ կա, ակնառու ապացույցն է այն բանի, որ թուրք-ադրբեջանական միջավայրում հայն ապագա չունի, ինչքան էլ մեզ այսօր խաբեն ու մոլորեցնեն: