Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում արշալույսները խաղաղ չեն, Արցախի քաղաքական վերնախավի ապաստարան դարձած այս շենքում վերջին շաբաթներին բուռն քննարկումներ են ընթանում՝ ինչպես երկարաձգել Արցախի նախագահի լիազորությունները՝ ընտրություններ անցկացնելու անհնարինության պարագայում։ Խնդրի լուծումը թեեւ գտնված է, սակայն դրա իրականացման ճանապարհին խոչընդոտներ են առաջացել․ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորները խախտել են պայմանավորվածությունը։
Լուծումը սահմանադրական փոփոխությունների ճանապարհն է՝ խորհրդարանի միջոցով, ինչպես եղավ Սամվել Շահրամանյանի ընտրությունը, երբ ֆորսմաժորային պայմաններում խորհրդարանն Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Շահրամանյանին ընտրեց նախագահ, սակայն ընդամենը օրեր անց տեղի ունեցան հայտնի դեպքերը, ու Արցախը հայաթափվեց։
Հայաստան տեղափոխվելուց հետո Արցախի քաղաքական վերնախավից հնչեցին հայտարարություններ, թե ամեն գնով պահպանելու են Արցախի պետական ինստիտուտները, որ Արցախի հարցը չմեռնի, իրավական հիմքեր լինեն` վերադարձի իրավունքն իրացնելու համար, սակայն ՀՀ իշխանություններն իրենց առաջ գերխնդիր են դրել՝ անգամ մեր հիշողություններից ջնջել «Արցախ» բառը, առավել եւս՝ պետական ինստիտուտների գործունեության շարունակությունը նրանք հռչակել են սպառնալիք ՀՀ անվտանգությանը։ 2025 թվականի մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը։ Մայիսին պետք է կայանային նաեւ ԱՀ խորհրդարանի ընտրություններ, բայց դրանք չեղյալ են հայտարարվել՝ ԱՀ նախագահի հրամանագրով, անորոշ ժամկետով, իսկ գործող խորհրդարանի լիազորությունները երկարացվել են՝ ընտրությունների անհնարինության հիմքով։
Տեղեկություններ կան, որ նախագահի լիազորությունները երկարաձգելու գործընթացը խոչընդոտելու փորձեր են արվում ՀՀ իշխանությունների կողմից։ Ապրիլի 4-ին պետք է կայանար Արցախի խորհրդարանի հերթական նիստը, որի օրակարգում ԱՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծն է, հենց այդ փոփոխություններն են թույլ տալու՝ մայիսի 21-ից հետո ապահովել Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումը։ Նախագիծն առաջին ընթերցում արդեն անցել է, ուղարկվել է Գերագույն դատարան՝ սահմանադրականության հարցով, Գերագույն դատարանն օրենսդրական նախաձեռնությունը համարել է Արցախի սահմանադրությանը համապատասխանող, ԱՀ խորհրդարանի հինգ խմբակցությունները նախապես համաձայնության են եկել, անգամ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորներն են հանուն Արցախի գործել։ Ապրիլի 4-ին կայանալիք նիստում այն պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվեր եւ ընդունվեր, սակայն իշխող «Ազատ հայրենիք» խմբակցությունը չի ներկայացել ապրիլի 4-ի նիստին, քվորում չի եղել, եւ նիստը չի կայացել։ Խմբակցության ղեկավարը փոխանցել է, որ իրենց խմբակցությունը նիստին չմասնակցելու որոշում է կայացրել։
Մեզ ասացին, որ իրականում որոշումը կայացրել են 2-3 հոգի, որոշման քավորը նախկին պետնախարար, կուսակցության նախագահ Արթուր Հարությունյանն է` Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին, ինչպես նաեւ՝ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանն ու մի քանի հոգի։
Անգամ չեն տեղեկացրել մյուսներին, որ որոշում ունեն՝ չմասնակցել նիստին։ Հիմա ներքին «ռազբորկաներ» են ընթանում, թե ինչու են մի քանի հոգով նման որոշում կայացրել: Կան լուրեր, որ ՀՀ իշխանությունների մատը խառն է դրանում։ Երեկ այս խմբակցությունից որեւէ պատգամավորի հետ մեզ չհաջողվեց զրուցել: Այս պահի դրությամբ հայտնի չէ ԱԺ հաջորդ նիստի օրը: Ճշգրտումների փուլ է, փորձում են հասկանալ` արդյոք իշխող խմբակցությունից անհատ պատգամավորներ կներկայանա՞ն եւ կապահովե՞ն քվորում, քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին է, եւ 22 պատգամավորի քվորում է հարկավոր, բացի այդ` «Ազատ հայրենիքի» դիրքորոշումից կարող են օգտվել նաեւ «Միասնական հայրենիքի» պատգամավորները եւ իրենք էլ երկրորդ անգամ բոյկոտեն փոփոխությունները՝ վիժեցնելով ԱՀ նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգելու հարցը։
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ապրիլի 4-ի նիստը չի կայացել «Ազատ հայրենիքի» գործընկերների պատճառով։ «Ինձ ասել էին, որ ապրիլի 4-ին նիստ ունենք, հետո երեկոյան զանգեցին, ասացին, որ նիստը չի կայանալու, փորձեցինք ճշգրտումներ անել, ասացին` «Ազատ հայրենիքը» չի գալու, թե` համաձայն չեն... Խոստացել են ճշգրտումներ անել, պատասխանել, սպասում ենք»,- ասաց նա: