Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, 2025 թվականի հունվարի 29-ին հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով մեղադրական դատավճիռը, որով նրան մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորություններն անցնելու ու պաշտոնեական կեղծիքի հոդվածներով եւ որպես վերջնական պատիժ՝ նշանակեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում, տուգանք՝ 500 հազար դրամ, եւ 3 տարով հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկեց։ Այսինքն՝ մոտ 3 տարի ազատազրկում կրած Ասլանյանը, որի նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում` ընտրություններում հաղթելու համար, դեռ 1 տարի 9 ամիս էլ պետք է նստի, եթե այս դատավճիռն ուժի մեջ մտնի: Նման դաժան ու անարդար դատավճիռը շատերին զարմացրեց, եւ հասկանալի դարձավ, որ Ասլանյանի խափանման միջոցը փոխած եւ կալանքից ազատ արձակած դատավորն իր համար «ստրախովկա» էր արել` ազատում եմ, բայց խիստ դատավճիռ եմ արձակում, որ ինձ իշխանությունը չհոշոտի, չմեղադրի ընդդիմությանն աջակցելու մեջ: Ասլանյանն այժմ ազատության մեջ է` դեռ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները պետք է քննեն գործը։ Առաջին ատյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ե՛ւ պաշտպանական կողմը, ե՛ւ դատախազությունը, որը, չգիտես ինչու, համաձայն չէ առաջին ատյանի դատարանի այս խիստ որոշմանը։ Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ բողոքի քննությունը վերաքննիչում բանավոր կարգով տեղի է ունենում, բայց ինքը չգիտի, թե երբ կլինի որոշումը։
Զրուցեցինք նաեւ Մամիկոն Ասլանյանի հետ: Նա ասաց, որ Վերաքննիչ դատարանում միջնորդություններն են քննում․ «Մեր միջնորդություններից մեկը բավարարվել է, այն վերաբերում էր նրան, որ քննիչի կողմից զննության արձանագրությունները կասկածներ են հարուցել, միջնորդել ենք, որ ընթերակաները գան վկայի կարգավիճակով, որ լսենք: Եկել են, լսել ենք, դա բավարարվել է։ Ընդհանուր կարծում եմ՝ օբյեկտիվ է ընթանում այս պահին, հավատում եմ, որ արդարադատությունը պետք է հաղթանակի»։ Վերաքննիչում գործը քննում է դատավոր Մեսրոպ Մակյանը։ Հիշեցնենք, որ այս քրգործով անցնող մյուս ամբաստանյալը` Սուրեն Աբովյանը, մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, հոդվածների մի մասով ազատվել է պատասխանատվությունից, մյուս մասով՝ դատապարտվել ազատազրկման եւ տուգանքի։ Դատարանը որպես վերջնական պատիժ էր սահմանել 2 տարի ժամկետով ազատազրկումը, տուգանք՝ 400 հազար դրամ, 3 տարի ժամկետով զրկել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելուց։ Արեւհատ Հովհաննիսյանը մեղավոր էր ճանաչվել եւ տուգանվել 500 հազար դրամի չափով։