Քաղաքականություն

Բաց նամակ Հովիկ Աղազարյանին

Բաց նամակ Հովիկ Աղազարյանին

Հարգելի Հովիկ Աղազարյան, խնդրում եմ չզարմանաք, երբ այս նամակի տակ կարդաք իմ ազգանունը: Թեև մենք միմյանց բավականին լավ ենք ճանաչում, բայց անձնական շփումներ երբեք չենք ունեցել, և Ձեզ կարող է թվալ, որ նամակս բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, քան Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի ճնշումներից Ձեզ ազատելն է: Քավ լիցի, ես այսօր գրիչ եմ վերցրել Ձեզ աջակցելու համար և գիտակցում եմ այդ քայլի ողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը: Ես առաջնորդվում եմ հորական պապիս հորդորով՝ երբեք չհամալրես դանակավորների շարքերը, որոնք միշտ շատանում են եզի ընկնելուց հետո: Խնդրում եմ քեզ վրա չվերցնես, բայց հիմա հենց այն պահն է, երբ «եզն ընկել է, իսկ դանակավորը շատացել»: Ես չեմ ուզում դանակավոր լինել, որ նույն է՝ նիկոլական ու ընկնել քո հետևից: Ահավասիկ պաշտոնապես հայտարարում եմ բոլորին՝ ձեռքներդ հեռու Հովիկ Աղազարյանից և նրա մանդատից:

Հարգելի Հովիկ Աղազարյան

Ինչպես գիտեք, ես մոսկվաբնակ չեմ, ապրում եմ Երևանում, որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, երբեք կոռուպցիոն մեխանիզմների մեջ չեմ եղել, կաշառք չեմ տվել, չեմ վերցրել, չեմ երազել արտագաղթել: Ես մի պարզ, հասարակ, գրեթե միջին վիճակագրական Պողոս մարդ եմ, որ ընտրությունների ժամանակ Նիկոլին, քեզ ու ՔՊ-ին ձայն չի տվել զուտ այն պատճառով, որ 680 հազար ոչխարից ավելի բարձր գիտակցություն է ունեցել:
Տես, ուրեմն, ինչ ենք անում: Դու մանդատդ չես դնում, անկախ այն բանից, թե քեզ ինչ կհորդորի մոսկվայաբնակ ընկերդ: Ես հարգում եմ այդ մարդուն, բայց վստահ չեմ, թե նա ինձնից ու քեզնից ավելի լավ է ճանաչում Նիկոլին ու ՔՊ-ին: Այնպես որ՝ չի բացառվում, որ նա իր խորհուրդներով քեզ լրիվ ք.քը գցի ու վերադառնա Մոսկվա: Եվ ուրեմն դու մանդատդ չես դնում, իսկ մնացածն անում ենք ես ու ինձ նման պողոսները: Համաձա՞յն ես: Ի դեպ, ես արդեն նամակ եմ պատրաստել ՄԻՊ-ի անունով, ինձ նման ուրիշներ՝ եվրոպական կառույցների դռներն են թակում այս հարցով, ոմանք էլ դատախազության դռներից տուն չեն գնում, որ հենց Աննա Վարդապետյանին բռնացնեն՝ խնդրեն քո հարցով ԱԺ չմտնի: Այսինքն, մենք նախապատրաստական աշխատանքներն սկսել ենք, մնում է, որ դու մանդատդ չդնես, որպեսզի գործն ամբողջ թափով առաջ տանենք:

Ախր, այ Հովիկ ջան, դու իսկի չես պատկերացնում թե ինչ ես արել: Դու, էությամբ չլինելով ռումբ, ռումբի պես պայթել ՔՊ-ի պապայի տակ: Պապան չի զոհվել` ճիշտ է, բայց դրանից ՔՊ-ում բոլորն են ընկնավորել: Այս վեցուկես տարում, թող ինձ ներեն ընդդիմադիր բոլոր ուղղությունները, ոչ մի ձև չգտնվեց ՔՊ-ին այսպես ահաբեկելու, ինչպես դու մի քայլով ահաբեկեցիր: Անսպասելիությունն իր դերը խաղացել է, Հովիկ ջան, և այս պահին կես ճանապարհից հետ դառնալը հղի է շատ ավելի լուրջ հետևանքներով, քան առաջ գնալը: Այնպես որ, գնում ենք առաջ՝ ընտրելով չարյաց փոքրագույնը: Ես դեռ չեմ խոսում այն մասին, թե ինչ է քեզ սպասում իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլն իր ավազակախմբով հեռացված կլինի բոլոր պաշտոններից:

Հովիկ ջան, որ օրը դու հայտարարես՝ վերջ, մանդատս չեմ դնում, նույն օրը քեզ կհայտարարենք քաղաքական հետապնդման զոհ: Դա մոդայիկ լինելուց բացի, նաև ազդեցիկ է, և քաղհասարակության որոշ շրջանակներ, հուսամ, կկանգնեն քո կողքին: Քեզ կբռնե՞ն… Վնաս չունի, կհայտարարենք, որ Հովիկ Աղազարյանը քաղբանտարկյալ է, պլակատներով, թմբուկներով դուրս կգանք փողոց, փաստաբանների այնպիսի խումբ հավաքեմ, որ ոչ մի դատավոր վիզ չվերցնի քո գործը: Միայն թե հայտարարիր՝ մանդատս չեմ դնում:

Կուզե՞ս Մոսկվայից իմ բոլոր լրագրող ընկերներին կանչեմ: Հայաստանում եմ նրանց հետ ծանոթացել, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ հայաստանյան արձակուրդի օրերին: Մարիշը շատ գոհ էր, հիացած էր Հայաստանով ու, թույլ տուր ասել, մի քիչ էլ ինձնով: Մի հատ նամակ գրեմ՝ հաջորդ չվերթով կհասնեն Երևան: Զախարովան էլ, հո գիտես, Նիկոլի «кошмар»-ն է: Բոլոր ռուսական թերթերը կհեղեղենք քո և Նիկոլի նկարով, գլխագրեր կդնենք՝ «Ահա այն քաջը, որ մերժեց Նիկոլի խնդրանքը», «Овик (Вова) Агазарян- народный неуловимый мститель»:

Հարգելի Հովիկ Աղազարյան

Վստահեցնում եմ, որ շուտով բոլորը ձեռ կքաշեն քեզնից էլ, քո մանդատից էլ: Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ քեզ ճնշի: Դու մանդատդ չդնես, մինչև ես էն Անդրանիկ Քոչարյանին մի երկու խոսք ասեմ… Անդո, այ մուտիլովշիկ, ինչո՞ւ Հովիկին ու Արգիշտիին կռվացրիր, ո՞ւմ ցուցումով սարքեցիր Հովիկի գլխին, այ անկուշտ, ինչքա՞ն փող առար այդ գործարքից: Հիմա էլ ծպտուն չես հանում, իբր ոչինչ չես տեսնում: Գող՝ սիրտը դո՞ղ, թե՞ Անդո-Ֆերնանդո՝ մաֆիան անմահ է… Հովիկ ջան, արի կլինի՝ քո ընկերը, էն որ գալիս է Հայաստան, թող Անդրանիկ Քոչարյան կոչվող հանգամանքով զբաղվի: Այդ կերպ նա մեծ գործ արած կլինի մանդատիդ հետ կապված այս թնջուկը վերջնականապես լուծելու հարցում:
Հովիկ ջան, վստահ եմ՝ «Ոսկի ցլիկը» ֆիլմը մի 50 անգամ դիտած կլինես: Նաջարյանի ու կնոջ՝ Վարդի, կռիվը հիշո՞ւմ ես՝ կտաս, չեմ տա, կտաս, չեմ տա… Խոսքն ընդամենը ցեղական ցուլիկի մասին էր… Հալլա, հալլա, էս տեսակ էլ բայղուշ կնի՞կ… Կտաս, չեմ տա, կտաս, չեմ տա… Պոկի (Վարդը, արցունքախառը, ցույց է տալիս պատի գորգը): Հիմա Նիկոլը կպել է, թե մանդատդ դիր… Ասա՝ չեմ դնի: Դիր: Չեմ դնի: Քեզ ասում եմ՝ դիր, վերջդ վատ կլինի… Չեմ դնի: Համառիր Հովիկ ջան: Նաջարյանը, ճիշտ է, վերջում զիջեց, տվեց հորթը, բայց Սովետի ժամանակներն էին, ու չէր կարող չտալ: Իսկ դու ինչո՞ւ պիտի այս լուսավոր դարում, օրը ցերեկով, մանդատդ տաս շան բերան, թե՝ առ, տար: Ո՞ւմ կհասնի այն, ո՞վ ԱԺ-ում կնստի քո տեղը՝ Անդոյի կողքին… Եսիմ է…

Եվ, ավարտելով նամակս, ասեմ, որ դու, Հովիկ ջան, իրավունք ունես առնվազն դառնալու անկախ պատգամավոր՝ նույն ռոճիկով և նույն անձեռնմխելիությամբ: Գուցե մեկին էլ ընդդիմությունը «գործուղի» այդ դաշտ, և կռիվ կինոն սրանով ավարտվի: Ազգանուններով էլ իրար բռնում եք, նա Նազարյան է, դու՝ Աղազարյան: Կդառնաք անկախ պատգամավորական խումբ:

Եվ էլի՝ միայն թե մանդատդ չդնես:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image