Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթների ընթացքում «Միասնության թևեր» դաշինքի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ անդրադառնալով քաղաքական հայտարարությունների գնահատման հարցին։
Նա նշել է, որ գործընթացում բարձրացվել է այն փաստարկը, թե գործող վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության ձայների շուրջ 70 տոկոսը ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով։ Դրմեյանի խոսքով՝ այդ հայտարարությունը երրորդ կողմը ներկայացրել է որպես զուտ քաղաքական բնույթի, ինչի հիման վրա էլ պնդել են, որ այն չի կարող իրավական գնահատման առարկա դառնալ։
Փաստաբանը հիշեցրել է, որ, ըստ միջազգային իրավական պրակտիկայի, այդ թվում՝ Եվրոպական մարդու իրավունքների դատարանի նախադեպերի, բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական խոսքը կարող է ենթարկվել իրավական գնահատման։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները չեն կարող պարզապես հայտարարել, որ իրենց խոսքը քաղաքական բնույթի է, և այդ հիմքով բացառել դրա իրավական հետևանքները։
«Քաղաքական գործիչը չի կարող ուղղակի պնդել, որ արել է քաղաքական հայտարարություն ու այն չգնահատվի իրավական գործընթացներում»,- նշել է նա: