Մի քանի օր է՝ համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Գյումրու գլխավոր տոնածառը։ Մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ու մի շարք քաղաքացիներ քննադատում են քաղաքային իշխանություններին՝ նշելով, որ տոնածառը դեռևս ամբողջությամբ զարդարված չէ և այս պահին տեղադրված է միայն դրա մետաղական կմախքը։
Ընդգծում են, թե քաղաքական ամբիցիաների պատճառով նախորդ տարվա նոր տոնածառը չի տեղադրվել, փոխարենը քաղաքում տեղադրվում է շուրջ 15 տարվա հին տոնածառը։Հիշեցնենք, որ ավագանու վերջին նիստին ավագանու ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը որոշեցին, որ հին տոնածառը, որը չափերով ավելի մեծ ու բարձր է, կվերանորոգվի և կտեղադրվի քաղաքի կենտրոնում, իսկ նախորդ տարվա` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիին նվիրաբերված տոնածառը՝ կտեղափոխվի քաղաքի ծայրամաս՝ Անի կամ Մուշ թաղամասեր։
Երեկ Գյումրու քաղաքապետարանը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ այս պահին տեղադրված է միայն տոնածառի կմախքը, իսկ ընդամենը մի քանի օր անց այն ամբողջությամբ զարդարված և ողջ շքեղությամբ կներկայացվի քաղաքին։ Քաղաքապետարանը հիշեցնում է նաև, որ նախորդ տարի Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը վառվել են դեկտեմբերի 24-ին, և ընդգծում, որ ներկայիս քննադատությունները անհիմն քաղաքական շահարկումներ են։
Գյումրեցի արվեստագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանի համար անհասկանալի է Գյումրու գլխավոր տոնածառի շուրջ ստեղծված աղմուկը։ Նրա խոսքով՝ հարցը արհեստականորեն քաղաքականացվում է՝ կորցնելով իր իրական նշանակությունը․
«Սովորաբար տոնածառի լույսերը վառվում են դեկտեմբերի 22-ից հետո․ եղել է 22-ին, եղել է նաև 25-ին։ Քաղաքն արդեն զարդարված է, մասնավոր հատվածը ևս իր բիզնեսներն է զարդարել, ավելին՝ անցկացվում է նաև «Լավագույն տոնածառ» մրցույթը։ Այս ամենը թողնելով՝ հարց բարձրացնել միայն գլխավոր տոնածառի շուրջ՝ ինձ համար անհասկանալի է։ Ժողովուրդ ջան, մենք չենք ուշացել, այդ օրը կգա, և տոնածառի լույսերը կվառվեն»։
Ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն էլ նշում է.
«Տոնածառ, տոնածառ… նման մարդիկ են այսօր խոսում, ինչն էլ պարզ ցույց է տալիս, որ այլ օրակարգ չունեն։ Այն ժամանակ, երբ իրենք ավագանու անդամ էին «աշխատում», այդ շրջանում Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը վառվում էին դեկտեմբերի 27-ին»։