Հարցազրույց

«Հրապարակ». Չեմ բացառում, որ ՍԴ-ն կայացնի դիմումը մասնակի բավարարելու որոշում

«Հրապարակ». Չեմ բացառում, որ ՍԴ-ն կայացնի դիմումը մասնակի բավարարելու որոշում

«Հրապարակի» զրուցակիցն իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանն է։

- Հայաստանի քաղաքական նորագույն պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել․ միանգամից 7 ուժ, այն էլ՝ հակադիր բեւեռներում գտնվող, համարում են ընտրությունները կեղծված եւ դիմել են ՍԴ՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելով։ Կարո՞ղ ենք ասել, որ սա սովորական հետընտրական վեճ չէ։

- Ցավոք, այս ընտրություններով մենք գերազանցեցինք եւս մի անթույլատրելի նշաձող, ինչի նախադեպերին հնարավոր է հանդիպել միայն ժողովրդավարության հետ լրջագույն աղերսներ ունեցող սակավաթիվ երկրներում: Այս ընտրական գործընթացները, ցավոք, միանգամայն սպասելի էին, իրավաքաղաքական գործելաոճը նույնն է՝ նախաձեռնում եք աննախադեպ զանգվածային խախտումներ, հատկապես՝ վարչական ռեսուրսների գերչարաշահման առումով, հընթացս ստանալով հավաքական Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական ուժերի անվերապահ աջակցությունը, միաժամանակ ընտրական տարաբնույթ զեղծարարությունների մեջ ոչ միայն մեղադրում եք ընդդիմադիր ուժերին, այլեւ դիմում եք համակարգված քրեական անհիմն հետապնդումների: Նույն գործելաոճն է նաեւ հետընտրական շրջանում, ինչը միտված է հապճեպ կանխելու համարժեք ցանկացած իրավաչափ արձագանք: Թերեւս, այս ամենը թույլ չի տալիս առանձնացնելու առանցքային հարցադրումը՝ արդյո՞ք գործ ունենք դասական իմաստով ընտրական գործընթացի հետ, երբ հարկ է լինում կողմնորոշվել քաղաքական ուժերի միջեւ, թե՞ կանխորոշում ենք մեր երկրի աշխարհաքաղաքական ուղղվածությունը՝ դրանից բխող անդառնալի ծանր հետեւանքներով հանդերձ։ Ներքին լսարանը հեղեղված է անհարկի ուշադրություն գրավող տարաբնույթ իրավիճակային դրվագներով, ինչը թույլ չի տալիս կենտրոնանալ եւ սթափ ընկալել այս ծայրահեղ իրավիճակը։ Մենք անորոշ դիրքորոշումներով վանում ենք ԵԱՏՄ-ին, սակայն փոխարենը հստակ չունենք երկրի ինքնիշխանությունը եւ ինքնաբավությունը երաշխավորելու, մարդկանց սոցիալ-տնտեսական կարիքները բավարարելու տարրական երկընտրանք։ ՍԴ դիմող կուսակցությունների մեծ քանակն ինքնին անսովոր հետընտրական վիճակի ցուցիչ չէ, սակայն համամիտ եմ Ձեզ հետ, որ խոսքը տվյալ դեպքում միմյանց նկատմամբ գրեթե հակադիր կեցվածք ունեցող կուսակցությունների մասին է: Թե ինչու են լուռ մյուս կուսակցությունները, դա եւս խոսուն է, մեր հանրությունը վերջապես պետք է հետեւություններ անի, քանզի հետընտրական գործունեությունը եւս կարեւոր բնութագրիչ է:

- Նախկինում եւս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 եւ 2021 թվականներին։ Սակայն նախաձեռնությունը, որպես կանոն, մեկ թեկնածուի, մեկ ընդդիմադիր ուժի կողմից էր։ Ինչի՞ մասին է սա վկայում, ընտրական գործընթացի նկատմամբ համակարգային անվստահությա՞ն։

- Որքան էլ փորձեն պարզունակ հնարքներով, բայց խիստ հետեւողականորեն ամբողջովին սեւացնել նախկինում տեղի ունեցած ընտրական գործընթացները, վերջապես՝ ոչ թե վերացական խոսքով, այլ կոնկրետ գործով հարկ էր առաջընթաց արձանագրել, մինչդեռ բացահայտ տեղի է ունենում նախկին արատավոր պրակտիկան անհամեմատ մեծ չափերով վատթարացնելու կայուն գործընթաց: Անշուշտ, շատերն են հիշում, որ 2003թ. ՍԴ-ն, համարժեք գնահատելով հետընտրական լարված վիճակը, անվստահության նկատելի դրսեւորումները, իր որոշմամբ առաջադրեց հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն, ինչը նախատեսված չէր Սահմանադրությամբ, սակայն սահմանադրական կարգը երաշխավորելու հիմնավոր միջոց էր գնահատվել, ինչն ինքնին ողջունելի էր: Այս որոշումը խիստ տարաձայնությունների տեղիք տվեց, բայց տասնյակ տարիների խորքից դրա վերլուծությունը, թերեւս, ցույց է տալիս, որ այն միանգամայն անհրաժեշտ քայլ էր: Ընտրական գործընթացների նկատմամբ համակարգային վստահության նկատելի պակասին նախկինում անհամեմատ մեծ չափով նպաստում էին տարաբնույթ արտաքին միջամտությունները, որոնք, բառի բուն իմաստով, սնում էին նաեւ երկրի ներսում պատվերներ կատարելու պատրաստ հասարակական ուժերի եւ անհատների: Բնորոշ է այն, որ ամենաչնչին խախտումները լրջագույն արձագանքի էին արժանանում, մինչդեռ ներկայում դրսեւորում են կույր ու լուռ մնալու խայտառակ գործելաոճ:

- Իսկ որքանո՞վ է հեռանկարային երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին դիմելը, երբ հայտնի են դրա կազմը, դրա ուղիղ կախվածությունը գործող ռեժիմից։ Արդյո՞ք կռահելի չէ ՍԴ-ի որոշումը, որը հարցը քննարկելու է հունիսի 26-ի նիստում։ Այսինքն՝ իշխանությունների «գործիք» հանդիսացող ՍԴ-ն օրինական կհամարի ընտրությունների արդյունքները։

- Հետաքրքիր հարց եք բարձրացնում: Մենք հաճախ ենք լսում դիտողություններ՝ մի՞թե արդյունք եք ակնկալում, որ դիմում եք այս կամ այն ատյանին։ Եթե արդյունքը համարում ենք հիմնավորված դիմումը բավարարելը, ապա այդպիսի ակնկալիք ունենալը միամտություն է, բայց ողջ խնդիրն այն է, որ վիճարկելը ոչ միայն զուտ իրավական, այլեւ քաղաքական կարեւոր քայլ է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ նաեւ այդպես է բացահայտում իր իրական դիրքորոշումը, նպաստում է մարդկանց իրավական ինքնագիտակցության առողջացմանը, հանրային սթափ ու ճշգրիտ իրավաքաղաքական մշակույթի ձեւավորմանը՝ հիմքեր ստեղծելով հետագա քաղաքական գործընթացների համար։ Թերեւս, հենց այս առումով էի նախորդիվ անդրադարձել ընտրությունների արդյունքների հետ հաշտ մյուս քաղաքական ուժերին։ Այդ հարթակներում կարեւոր իրավական հարցադրումների քննարկումն առավել տեսանելի է դարձնում նաեւ այն, թե ինչ չափով են համապատասխանում դատական իշխանության անկախության վերաբերյալ իշխանական թեզերը, որքանով են իրատեսական ոչ միայն իշխանությունների բաժանման, այլեւ դրանց հակակշռման լծակները։ Կոնկրետ այս իրավիճակում չեմ բացառում, որ ՍԴ-ն կայացնի դիմումը մասնակի բավարարելու որոշում, բայց նպատակահարմար չեմ գտնում խոսել դրա մասին։

- Փաշինյանն օրերս հայտարարեց, որ եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը չվերցնեն մանդատները, ապա իշխող թիմը դիմելու է ՍԴ, որպեսզի մանդատներն անցնեն այլ ուժերի: Ակնարկեց՝ դրանով իսկ ԱԺ-ն կունենա բացարձակ լեգիտիմ կազմ։ Այս ապօրինություններն ի՞նչ հանգրվանի կբերեն հետընտրական Հայաստանին, ճգնաժամի նախանշաններ չկա՞ն։

- Մենք դարձյալ վերադարձանք այն խնդրին, թե որքանով է կայացած դատական իշխանությունը, ցավոք, այդ հայտարարությունից մեկ անգամ եւս ուղղակի բխում է, որ ՍԴ որոշումները կանխատեսելի են իշխանության պարագայում, թեպետ՝ այդպիսի դիմումն ընդհանուր աղերսներ չունի Սահմանադրության հետ։ Դա նաեւ գործնական առումով անհեռանկար քայլ է, քանզի խորհրդարան անցած քաղաքական ուժերն այդպիսի զարգացումներն ինչ-որ մի փուլում կարող են հանգիստ կանխարգելել, ինչին եւս չարժե առայժմ անդրադառնալ։ Բոլոր դեպքերում ողջունելի է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն տրվում սադրանքների եւ նախընտրում են բացառապես իրավաչափ միջոցները։

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image