Քաղաքականություն

Խաղաղության դարաշրջանում նոր պատերազմներ են լինելու, այս անգամ՝ Ռուսաստանի դեմ

Խաղաղության դարաշրջանում նոր պատերազմներ են լինելու, այս անգամ՝ Ռուսաստանի դեմ

Փաշինյանը փաստացի պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, բայց ասում է, որ մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի դեմ: Դա ասում է, որովհետեւ իր նպատակն է՝ ցույց տալ, թե ինքը Հայաստանի համար խաղաղության դարաշրջան է բացում, իրականում Հայաստանը ներքաշում է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության կամ պատերազմի մեջ, Հայաստանը հանդես է գալու որպես Արեւմուտքի դաշնակից եւ Ռուսաստանի թշնամի: Թրամփի ուղին Ռուսաստանի դեմ թշնամության ակտ է, գոնե Ռուսաստանը դա այդպես է ընկալում:

«Հանրային» կոչվող հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն անոնսավորում է Ռուսաստանից հայկական երկաթգծի հավատարմագրային կառավարումը խլելու իր իշխանության մտադրությունը: Ըստ նրա, Հայաստանի երկաթուղին կառավարող ռուսական ընկերությունը փաստացի չի կատարում իր պարտավորությունները, չի կատարում իր կողմից հրապարակային տրված հրահանգները` չի կառուցում Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման եւ Ախուրիկից մինչեւ Թուրքիայի սահման երկաթգծի բացակայող հատվածները: «Շատ հարգանքով մեր ռուսաստանյան գործընկերներին, բայց փաստն այն է, որ միջազգային լարված համատեքստի պատճառով, այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականն է, գտնվում է ՌԴ կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք։ Մենք այստեղ պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք։ Սա 1-2 տարվա հարց չի։ Մենք պետք է լուծում գտնենք եւ դա պետք է գտնենք բարեկամական, եղբայրական, ընկերական տրամաբանության մեջ»,- ասում է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել կառուցել նաեւ Մեղրիով անցնող, այսպես կոչված, Թրամփի ուղու երկաթուղին կամ կարող է չհրաժարվել, բայց ձգձգել, եւ այդ դեպքում եւս պետք է որոշում կայացվի:

Փաշինյանը, ըստ էության, պատասխանեց Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ մեկ օր առաջ արված հայտարարությանը, որ Թրամփի ուղու կառուցումը պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ, քանի որ մինչեւ 2038 թվականը Հայաստանի երկաթուղային ցանցը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության կառավարման ներքո, երկրում օգտագործվում է ռուսական լայնության երկաթգիծ, Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ, եւ պետք է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է Ռուսաստանը մասնակցի հայ-ամերիկյան այդ նախագծին, կամ՝ ինչու այն պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ:

Նիկոլ Փաշինյանի ասած լուծումը կարող է լինել միայն մեկը` խզել կոնցեսիոն կառավարման մասին պայմանագիրը եւ Հայաստանի երկաթուղու կառավարումը վերցնել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության «Հարավկովկասյան երկաթուղիներ» դուստր ձեռնարկությունից: Իհարկե, Փաշինյանը դա անելու է եղբայրաբար, բարեկամաբար, ընկերաբար: Այնպես, ինչպես ՀԷՑ-ը խլեց Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանից եւ հանձնեց իր ենթակայի կառավարմանը: Թե հերթական եղբայրական ու բարեկամական ակտի արդյունքում ով կհայտնվի կալանավայրում, դժվար է ասել: 

«Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու։ Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի եւ Միշուստինի հետ, սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան։ Այստեղ կարող են հատումներ լինել, սակայն չենք կարող ասել, որ մենք ի հեճուկս Հայաստանի գործելու ենք Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի շահի համար»,- նույն հարցազրույցի ժամանակ ասում է Փաշինյանը: Իրականությունն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ներքաշել է Հայաստանը Ռուսաստանի դեմ թշնամական ծրագրի մեջ, «Թրամփի ուղի» կոչվածը հակառուսական եւ հակաիրանական, ինչ-որ իմաստով՝ նաեւ հակաչինական նախագիծ է: Դրա ամբողջ իմաստը Կենտրոնական Ասիայի հանքահումքային ռեսուրսների մատակարարումն է Եվրոպա` ամերիկյան վերահսկողության տակ, Ռուսաստանը շրջանցելով: Սա Ռուսաստանին շրջափակելու, մեկուսացնելու նախագիծ է, իսկ ցանկացած շրջափակում, բլոկադա ոչ այլ ինչ է, քան կռիվ եւ պատերազմ: Այնպես որ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ  չի կռվելու Ռուսաստանի դեմ, հերթական անգամ ստում է, ինքն արդեն Հայաստանը ներքաշել է Ռուսաստանի դեմ կռվի մեջ: Ամերիկյան սպառազինություններն էլ, որոնք մատակարարվում են Հայաստանին, ուղղված են հենց այդ նպատակին, Ռուսաստանի դեմ կռիվը սպասարկելուն: Դեռեւս 2022 թվականին եմ գրել, որ Արեւմուտքը սպառազինություն է մատակարարում Հայաստանին, ոչ թե Թուրքիայից կամ Ադրբեջանից պաշտպանվելու, այլ՝ Ռուսաստանի դեմ առճակատման դեպքում օգտագործելու համար: Նույնը՝ նաեւ Ադրբեջանի դեպքում: 

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությանը, ապա այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ խզել հարաբերություններն այդ կառույցի հետ: Երեկ հենց այդ մասին հայտարարելու նպատակով` ռուսներին պատասխանելու համար, ասուլիս էր կազմակերպել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը հայտարարեց, որ Թրամփի ուղու դեպքում մաքսային ծառայություն գործելու է, եւ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը։ Չնայած, եթե ամերիկացիները հրահանգեն, ապա Հայաստանը կարող է դուրս գալ նաեւ այդ միությունից:

Մնում է ռուս սահմանապահների հարցը, բայց դա եւս լուծելի խնդիր է. Հայաստանի իշխանությունները կարող են պահանջել, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը դադարեցնեն ծառայությունը հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանին, մանավանդ որ Թուրքիայի հետ սահմանը բացվելու ինչ-որ հեռանկար կա: Ռուսաստանն ասում է, որ Հայաստանի վրա ազդելու երեք լծակ ունի՝ իր դեմ ուղղված Թրամփի ուղու շահագործումը կասեցնելու, թույլ չտալու համար: Փաշինյանն ասում է, որ այդ երեք լծակն էլ կարող են չեզոքացվել, ինքը Ռուսաստանի դեմ կռիվ չի ուզում, բայց եթե նրանք ուզում են, նաեւ դրան է պատրաստ: Այնպես որ, երբ Փաշինյանն ասում է` խաղաղության դարաշրջան, պատրաստվեք էլ ավելի մեծ առճակատման ու պատերազմի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image