Արեւմտյան եվրաբյուրոկրատիան չի հրաժարվում Վրաստանն իրեն ենթարկեցնելու, իր ազդեցության գոտի վերադարձնելու գաղափարից: Սեփական դրածոներին իշխանության բերելու միակ փորձված եւ հաջողված տարբերակը գունավոր հեղաշրջում կազմակերպելն է, ինչի մեջ արեւմտյան կառույցները բավական հմտացած են: Այս օրերին նման փորձ է արվում Սերբիայում, Եվրոպայի գրեթե կենտրոնում գտնվող այդ երկիրը մինչ այժմ ԵՄ անդամ չէ միայն այն պատճառով, որ Սերբիայում իշխանությունը չի գտնվում եվրահպատակություն ընդունած ուժերի ձեռքին: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վարում է անկախ քաղաքականություն՝ չցանկանալով փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի հետ Սերբիային եւ սերբ ժողովրդին կապում են սլավոնական ընդհանուր արմատները, պատմությունը, տնտեսությունը: Սերբիայում եվրոպական կառույցների ֆինանսավորմամբ եւ եվրոպական տարբեր երկրներից հավաքագրված ծայրահեղականների մասնակցությամբ տեղի են ունենում հակաիշխանական բողոքի ցույցեր, որոնց նպատակն օրինական իշխանության տապալումն է, վասալային կախվածություն ընդունող ռեժիմի հաստատումը:
«Դուք սրիկաներ եք։ Դուք նույնիսկ սրիկաներ էլ չեք, դուք ավելի վատն եք»,- դիմելով Բելգրադում տեղի ունեցող ցույցերի կազմակերպիչներին եւ ակնհայտորեն նկատի ունենալով եվրաչինովնիկներին՝ ասել է Ալեքսանդր Վուչիչը եւ հավելել, որ ցուցարարների մեջ եղել են դիմակավորված եւ սաղավարտավոր ծայրահեղականներ, որոնց օգնում էին «եվրոպական տականքները» եւ «կանաչ ակտիվիստները»։
Սերբիայի իշխանություններն ակտիվորեն պայքարում են իրենց երկրի ինքնիշխանության համար եւ փորձում են թույլ չտալ, որ երկիրն անցնի եվրաչինովնիկների եւ նրանց հետեւում կանգնած լիբերալ ֆաշիստների վերահսկողության տակ: Նույնն առայժմ հաջողվում է անել Վրաստանի իշխանություններին, բայց պայքարը շարունակվում է, հերթական վճռական մարտերը դեռ առջեւում են: Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի են ունենալու մունիցիպալ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վրաստանի ընդդիմությունը հույս ունի, որ այս անգամ իրեն կհաջողվի ընտրությունների միջոցով հաղթել իշխանության թեկնածուներին, իսկ եթե անգամ չհաջողվի էլ, ապա կկարողանան փողոց դուրս բերել այնքան մեծ թվով մարդկանց, որ կարողանան գունավոր հեղաշրջման նման մի բան անել: Թեեւ գործընթացը սկսվելու է հոկտեմբերի 4-ին, սակայն հեղաշրջման կուլմինացիոն կետը նախատեսված է հոկտեմբերի 26-ին, հենց այդ օրը պետք է տեղի ունենա, այսպես կոչված, համաժողովրդական հուժկու հանրահավաքը: Ինչո՞ւ հենց հոկտեմբերի 26-ին. այդ օրը նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մեկ տարին է, այդ օրը, ըստ Վրաստանի ընդդիմության, Վրաստանի իշխանությունը ժողովրդից գողացավ իր հաղթանակը: Իսկ նման տարելիցները կամ տարեդարձները, նայած թե ով ինչպես է դրան վերաբերվում, հարմար առիթ են հակաիշխանական համախմբում ապահովելու համար:
Հիմա՝ ամենահետաքրքիրը. հոկտեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպվելու է ԱՄՆ-ում բնակվող եւ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Թաթա Սիմոնյանի համերգը: Հայաստանի եւ Վրաստանի սոցիալական մեդիայով այդ համերգը շատ ակտիվ գովազդվում է, համերգի կազմակերպիչը Armenian Events-ն է: Կարող եք ասել, որ սա պարզապես սովորական զուգադիպություն է, բայց մի քիչ դժվար է հավատալ նման զուգադիպություններին, մանավանդ՝ երբ խոսքը վերաբերում է իշխանության համար պայքարին, մանավանդ՝ երբ խոսքը վերաբերում է Թաթա Սիմոնյանին:
Սույն պերսոնաժը հայտնի է նրանով, որ մասնակից է եղել Հայաստանում 2018 թվականին կազմակերպված հեղաշրջմանը, որի մասնակիցները երգում եւ պարում էին հեղաշրջման կազմակերպիչների կողմից պատվիրված երգի տակ, որից շատերի հիշողության մեջ մնացել են «այսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս» բառերը: Չգիտես ինչի վրա ուրախ հայրերից ու մայրերից շատերը հիմա սգավոր են դարձել, շատերն այդ սգին չդիմանալով` մահացել են, բայց Թաթա Սիմոնյանը շարունակում է երգել ու կատարել իր տերերի պատվերը:
Ի՞նչ կարող է տեղի ունենալ Թբիլիսիում հոկտեմբերի 26-ին: Համերգը կազմակերպվելու է Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սպորտի պալատում, որը Ռուսթավելի փողոցից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու, Ռուսթավելի փողոցում են կազմակերպվում հանրահավաքներն ու ցույցերը: Կարող ենք ենթադրել, որ Թաթա Սիմոնյանի համերգը ֆորմալ առիթ կլինի Հայաստանից Վրաստան ցուցարարներ տեղափոխելու համար, ի վերջո՝ մեկ անգամ չէ, որ խոսվել է այն մասին, որ Հայաստանում գործում են ծայրահեղական ցուցարարների պատրաստման դասընթացներ եւ կուրսեր, որտեղ սովորեցնում են գունավոր հեղաշրջում կազմակերպելու նուրբ արվեստը:
Ֆորմալ առումով ամեն ինչ օրենքի շրջանակներում է. Թաթա Սիմոնյանն ընդամենը երգում եւ պարում է, Հայաստանից հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր հանդիսատեսներ են գնում համերգին մասնակցելու, բայց երկու ժամանոց համերգից հետո հանդիսատեսը դուրս է գալիս համերգասրահից ու խառնվում Թբիլիսիի փողոցներում կազմակերպվող հանրահավաքին: Սրա մեջ եւս ոչ մի անօրինական բան չկա, որեւէ մեկը չի կարող մարդուն արգելել՝ մասնակցել հանրահավաքի, եթե անգամ այդ մարդը չունի այդ երկրի քաղաքացիություն: Ընդհանրապես, գունավոր հեղաշրջումները կազմակերպվում են հենց այդ տրամաբանությամբ. առանձին վերցված գործողություններում որեւէ ապօրինի գործողություն չկա, բացի դրանց հանրագումարում երկրում գործող օրինական իշխանության «կամավոր-պարտադիր» տապալումը:
Սա, իհարկե, ենթադրություն է, բայց այդ ենթադրությունը հիմնված է մի քանի փաստի վրա. եվրաչինովնիկները տեւական ժամանակ է՝ փորձում են Վրաստանում գունավոր հեղաշրջում իրականացնել եւ Վրաստանը վերադարձնել իրենց ազդեցության գոտի, հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում ընդդիմությունը նշելու է կեղծված ընտրությունների մեկ տարին, որը հեղաշրջման իրականացման համար առիթ է դիտվում, հոկտեմբերի 26-ին Թաթա Սիմոնյանը Թբիլիսիի կենտրոնում համերգ է կազմակերպում, Թաթա Սիմոնյանը մասնակից է եղել 2018 թվականին Հայաստանում կազմակերպված գունավոր հեղաշրջմանը, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բավական լարված են, Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնյաների շփումները չեն ստացվում, արդյունք չեն տալիս, Հայաստանի մերձիշխանական շրջանակները Վրաստանի իշխանություններին մեղադրում են, որ նրանք Ռուսաստանի հրահանգով են խոչընդոտներ ստեղծում Հայաստանից արտահանվող ապրանքների համար, Հայաստանը, լինելով նույն արեւմտյան ծայրահեղ լիբերալիստական ուժերի ազդեցության եւ ենթակայության տակ գտնվող տարածք, կարող է օգտագործվել Վրաստանը ենթարկեցնելու եւ նույնպիսի երկիր դարձնելու հարցում: Մնացածը ձեր գործն է՝ հավատալ, թե չհավատալ նրան, որ կարող է գործել նման նուրբ եւ նախօրոք գծված սցենար: Կապրենք՝ կտեսնենք: