«Շա՞տ եք զարմացել, որ Նիկոլը «պոռնիկ» բառը գործածեց։ Ես դեռ զարմացած եմ, որ մեր վարչապետն ինքն է»,- այսպես է արձագանքում գյումրեցի հայտնի արվեստագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հնչեցրած արտահայտություններին։ Hraparak.am-ի հետ զրույցում արվեստագետը, անդրադառնալով եկեղեցու դեմ հարձակմանը, իշխանության բառապաշարին և ներքին վտանգներին, նկատում է, թե ինչու եկեղեցին հայտնվեց իշխանական թիրախում հենց հիմա։
«Բերեք՝ հետ գնանք նախ մի փոքր նախապատմությանը, այսինքն՝ խոսենք նախորդ տարվանից սկսված Սրբազան շարժման մասին։ Սրբազան շարժումը, կարողացավ կես տարուց ավել պայքարելով, օրակարգ հանել Նիկոլ անունը և նրա հետ ասոցացվող բոլոր հարցերը։ Այդ շարժումը արմատապես թուլացրեց Նիկոլի և նրա թիմի վարկանիշը։ Դա էր թերևս պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց ուժայինների փոփոխություն անել՝ ցույց տալով, թե ինքը մաքրվում է, ուշքի է գալիս։ Սկսեց նաև հասարակության առաջ իբր հաշվետու լինել, սկսեց պոթքաստներ նկարել, բանտային օրագիր ու այլ նմանատիպ բաներ ներկայացնել։ Բայց ես սա ամբողջությամբ ներքին քաղաքական խնդիր եմ համարում, որովհետև կա շատ սրության հասցված սահմանադրական փոփոխություն կատարելու հարցը։ Իսկ ինչպես գիտենք, դա ավելի շատ դրված է մեր թշնամիների՝ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից։ Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու երկու կարևոր դրույթներ կան՝ մեկը, որ եկեղեցին ինքնուրույն է, մյուսը՝ որ եկեղեցին անգամ իրավական կազմակերպչական առումով տարբերվում է բոլոր այլ կառույցներից, ունի իր ներքին կանոնադրությունը։ Ես կարծում եմ, հենց սա է պատճառը, որ անգամ անհավատները, եկեղեցու դեմն արտահայտվողները, աղանդավորները այսօր կարող են հասկանան՝ եթե ինչ-որ բան փոխվի այստեղ, հետո արդեն իրենց ասածի պես կփոխվի հենց եկեղեցու ներսում էլ։ Ըստ քաղաքագետների՝ Վեհափառի վերջին ելույթները, արցախցիների վերադարձի, մշակութային ժառանգության ճանաչման մասին պահանջը, նաև Կաթողիկոսի այցը Բելառուս, դարձան եկեղեցու դեմ ճնշումների պատճառ, քանի որ Փաշինյանն ուներ անձնական ձախողումներ Բելառուսի նախագահի հետ, չէր ցանկանում, որ որևէ պետական կառույց մեկներ այդ երկիր։ Հիմա Նիկոլն անցել է ուղիղ եկեղեցու դեմ արշավի, օգտագործում է հայհոյանք՝ քֆուր, ինչը վայել չէ ոչ մի անձի, առավել ևս՝ երբ դա լսում են կանայք, երեխաներ։ Ի դեպ, սա միայն Դոգից/ Վարդան Ղուկասյանից/ եկած վատ ժառանգություն չէ, այլ մեդիա դաշտում էլ կարծես ընդունված է դարձել, ու Նիկոլն ինքը դա լավ գիտի։ Պատահական չէ, որ ինքն էլ ասում է՝ իմ ընտանիքին հայհոյում են։ Իրականում ինքն է բերում այդ հայհոյախառը վիճակը ու հիմա դա օգտագործում է մեծ լսարան ապահովելու համար։ Կգա մի պահ, որ նա իր ընթերցողին, իր հետևորդին էլ կսկսի հայհոյել։ Եվ պատահական չէր նրա՝ այդ առաջին աղմկահարույց արտահայտությունը, թե՝ գնա քեռուդ կնկան դոմփի։ Այդ գրառումից հետո նա ունեցավ աննախադեպ ակտիվ արձագանքներ։ Եվ այդ արձագանքները, որ մեծ մասամբ բացասական էին, իր համար այդքան էլ էական չէր»,-ասաց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ու Իսրայելի միջև պատերազմական իրավիճակին, նշում է․
«Նիկոլ Փաշինյանը այստեղ էլ նշաձողը հատեց, խփեց սեփական ժողովրդին։ Երբ արտաքին վտանգ կա, երբ անվտանգային հարց է առաջ եկել, ղեկավարը պետք է համախմբի հասարակությանը։ Բայց Փաշինյանը հակառակը՝ սրում է ներքին խնդիրները։ Մինչ տարածաշրջանը գերլարված է, նա մի քանի օր լռում է, հետո անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։ Ենթադրում եմ՝ քննարկվել են կարևոր հարցեր, բայց վստահ եմ՝ կենտրոնացել են ոչ թե ընդհանուր ռազմավարության, այլ ներքաղաքական հաշվարկների վրա։ Քաղաքացիական պայմանագիրն արդեն որոշել է՝ հանձնաժողով են ստեղծել, զբաղվելու են եկեղեցու, կրոնի հետ կապված գործերով։ Այստեղ արդեն հարց է՝ սա շեղո՞ւմ է հայ հասարակությանը, որպեսզի կառավարելի լինի։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը երբեք իր անվտանգային մտահոգությունները օրակարգից դուրս չի դնելու։ 2020-ից հետո անվտանգության հարցը մեզ համար դարձել է համար մեկ գոյութենական խնդիր։ Եվ որքան էլ փորձեն շեղել, մեզանից ընդամենը 800կմ հեռավարության վրա՝ Իրանում պատերազմ է, դա չի կարող չազդել մեր ժողովրդի, մեր անվտանգության վրա։ Այս շեղումները պարզապես ժամանակավոր թմրեցնելու փորձ են։ Բայց միևնույն է՝ ունենալու են հակառակ էֆեկտը։ Հանրությունը գիտակցում է՝ Արցախը տալուց հետո հիմա տալիս են նաև Հայաստանը։ Հայ հասարակությունը հիմա կանգնած է շատ կնճռոտ խնդիրների առաջ։ Ինչ կլինի վերջում՝ դժվար է ասել։ Բայց պարզ մի բան կա. այս պահին Նիկոլ Փաշինյանը կանգնած է երկու հիմնական հարձակման առաջնագծում՝ եկեղեցու դեմ պայքար և սահմանադրական փոփոխություն։ Բայց ինքը պետք է պատկերացնի՝ ինքն ինչ աջակցություն ունի, եւ հստակ տեսնի այն աջակցությունն ու պոտենցիալը , որ եկեղեցու նկատմամբ կա։ Եվ ես կուզեի, որ իրենք այդ պոտենցիալը չտեսնեին լիարժեք գործի դրված։ Եկեղեցու դեմ դուրս գալով՝ նա չպետք է մոռանա՝ սա ուղիղ ազգային ինքնության հարց է։ Որովհետև եթե, Աստված մի արասցե, դա լինի, կգնանք քաղաքացիական բախումների՝ ամենատարբեր սցենարներով»։