«Ես անկեղծորեն շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ», - X սոցիալական ցանցում իր ուղերձն է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զելենսկին ընդգծել է, որ «ավանդույթների ամրությունը, արժանապատվությունը, միասնությունը և խորը հարգանքը բոլոր սերունդների նկատմամբ, որոնք ձևավորել են երկիրը և պաշտպանել նրա անկախությունը, իսկապես ոգեշնչող են»։ Նա նաև վստահեցրել է Կիևի աջակցության մասին. «Ուկրաինան կանգնած է ձեր կողքին։ Մաղթում եմ Ադրբեջանին խաղաղություն, հետագա զարգացում և բարգավաճում»։ Այդ մասին իր ընթերցողներին է հայտնում «hraparak.am»-ը:
Իսկապես, ո՞վ է մեզ համար մեր թշնամու բարեկամը: Եթե հարցը դիտարկենք ադեկվատ մտածողության դիրքերից, ապա՝ նույնպես թշնամի: Իսկ եթե այն դիտարկենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տեսանկյունից, ապա այն մեզ ևս բարեկամ է: Եթե այդպես չլիներ, ապա, նախ, ինքը եվրոպական հանդիպումների ընթացքում բարեկամական զրույցներ չէր վարի Զելենսկու հետ: Եվ հետո, իր քաղաքացիական կինը օգնություն չէր հասցնի Ուկրաինա՝ հետն էլ մասնակցելով Բուչա բնակավայրում բեմադրված ներկայացման տարելիցին: Ու նույն էլ՝ Բուչա այցելելը, չէր անի այդ երկրում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ ուղեկցելով հիմա արդեն հրաժարական ներկայացրած Երևանի Նոր Նորքի թաղապետին: Իսկ որ դա կեղծ բեմադրություն էր՝ դրան կարող է կասկածել միայն անմնացորդ ռուսատյացը և/կամ իրադարձությունները վերլուծելու ընդունակություն չունեցող մեկը: Դա ճիշտ այնպիսի բեմադրություն էր, ինչպիսին Զապորոժիեի ԱԷԿ-ն անընդհատ և մեկ անգամ էլ Չեռնոբիլի ԱԷԿ-ը հրթիռակոծելը: Ու մեղքն անընդհատ ռուսական կողմի վրա բարդելը: Իսկ թե ինչու Չեռնոբիլն ընդամենը մեկ անգամ՝ կարծում եմ, որ այն կրկնելն արգելել են Եվրամիությունից՝ հաշվի առնելով արդեն վթարված կառույցը հրթիռակոծելու վտանգավոր հետևանքները եվրոպական երկրների համար:
Այնպես որ ՀՀ գործող իշխանության տեսակետից Ադրբեջանի կողքին կանգնած Ուկրաինան բարեկամ է նաև Հայաստանին: Չնայած մայիսի 29-ի կեսօրվա դրությամբ՝ երբ գրվում են այս տողերը, Անկախության տոնի առումով, ի տարբերություն Իլհամի, շնորհավորանք չի ստացել Հայաստանի ղեկավարը: Բայց դրանք, ինչպես ասվում է, մանրուքներ են՝ կարևորն այն է, որ թե՛ Ուկրաինան և թե՛ ՀՀ-ն ժողովրդավարական երկրներ են: Իսկ թե որքանով են դրանք իրապես ժողովրդավարական՝ չի տեսնում միայն… լավ, ասենք, ծույլը: Եվ նույնիսկ այդ տարբերակում նշանակություն չունի այն հանգամանքը, որ արևելքի բռնապետի ղեկավարած երկիրը չի կարող կոչվել ժողովրդավարական: Ու չէր կարող տեղ զբաղեցնել իբրև թե ժողովրդավարական ՀՀ-ի ու Ուկրաինայի կողքին: Կարծում եմ, որ այս հանգամանքը ևս, ի վերջո, կարելի է դասել արժեք չունեցող մանրուքների շարքում:
Զարմանալի է, որ իրենք իրենց գիտուն համարող եվրապաշտները (եթե մեր բառապաշարում առկա է «ռսաճորտ» արտահայտությունը, ապա ինչո՞ւ չի կարող լինել «եվրապաշտ»-ը) նույն վերաբերմունքն ունեն Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ, ինչ վարչապետի աթոռից կառչած անձը, որին իրենք, իբրև թե, ընդդիմադիր են:
Այստեղ են ասել՝ «Ասա՝ ով է բարեկամդ, ասեմ, թե ով ես դու»: Մարդկային փոխահարաբերություններից լավ էին գլուխ հանում հին հռոմեացիները՝ խոսք չկա: Բայց քանի որ մեզանում ամեն ինչ գլխիվայր է շրջված՝ «գիտուն» եվրապաշտներն էլ, գործող իշխանության նման, որին իրենք իբրև թե ընդդիմադիր են, կարող են բարեկամ համարել ուկրաինացիներին: Ովքեր երբեք չեն թաքցրել մեր հանդեպ իրենց իրական վերաբերմունքը թե՛ առաջին և թե՛ երկրորդ պատերազմների ընթացքում: Ինչպես նաև դրանց արանքում գործող՝ միջպետական «ՎՈՒԱՄ» (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլոդովա) կոչված կազմակերպության շրջանակում: Որը բազմաթիվ հակաարցախյան և, բնականաբար, հակահայաստանյան բանաձևեր է ընդունել ակտիվության տարիներին:
ՀԳ. Ենթադրում եմ, որ ավելի ուշ Ուկրաինայի հայ համայնքի և այդ երկրում ՀՀ դեսպանությունը կփորձեն գլխի գցել բարեկամ ուկրաինացիներին, որ Հայաստանի Հանրապետությունում ևս նշվել է Հանրապետության տոնը: Դեսպանի անուն-ազգանունը չեմ գրում, քանի որ ԱԳՆ պաշտոնական կայքում նման տվյալ գոյություն չունի: Անցյալ տարեվերջին մեր մամուլն ընդամենը հայտնել էր, որ 2021 թ.-ին դեսպան նշանակված Վլադիմիր Կարապետյանը երեքամյա ժամկետի ավարտից հետո հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել Լվով քաղաքի հայ համայնքի հետ: Ուր, ի դեպ, ժամանակավոր տեղափոխվել էր 2022-ին: