Մշակույթ

Մարզաշխարհը շարժման ուշադրությունից դո՞ւրս

Մարզաշխարհը շարժման ուշադրությունից դո՞ւրս

Մայիսի 9-ից ի վեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, առանձին-առանձին հանդիպումներ է ունենում տարբեր ոլորտների, բնագավառների մասնագետների հետ, բացառությամբ մարզաշխարհի ներկայացուցիչների։ Մինչդեռ մեծ պոտենցիալ եւ ռեսուրս կա նաեւ մարզական համայնքում, որտեղ շատերը, ինչպես, օրինակ՝ Արսեն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ոճի ըմբիշ) կամ Սմբատ Լպուտյանը (Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ) այս օրերին գրառումներով հանդես են գալիս թե՛ համացանցում, թե՛ մասնակցում են սրբազանի հավաքներին ու անհնազանդության ակցիաներին։ Բայց տպավորություն է, որ սպորտսմեններն անտարբեր են իրենց երկրի նկատմամբ` ոչ մի բողոքի դրսեւորում, ոչ մի քաղաքացիական դիրքորոշում այս համայնքից չի լսվում:    

Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը բացթողում է համարում, որ շարժման ֆորմատի մեջ մարզական ֆակտորն ընդգրկված չէ, որովհետեւ սրբազանն այս ընթացքում հանդիպել է թե՛ մշակույթի գործիչների, թե՛ գիտության-կրթության ներկայացուցիչների, թե՛ բժիշկների, թե՛ տնտեսագետների, թե՛ ՏՏ ոլորտի եւ էլի շատերի հետ, իսկ մարզական համայնքը դուրս է մնացել ու որեւէ կերպ չի շեշտվել․ «Դա բացթողում է իրենց կողմից եւ կարելի է շարժման մասնակիցներին ասել, որ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ էլ հանդիպեն, գուցե մի օր էլ, եթե հանդիպում կազմակերպվի մարզաշխարհի ներկայացուցիչների հետ, մենք մեծ սիրով կմասնակցենք, ես անձնապես խնդիր չունեմ, բայց որպես մարզիչ, որեւէ հրավեր չեմ ստացել՝ որեւէ քննարկման։ Նշեմ նաեւ, որ ինքս ողջունում եմ շարժումը եւ իմ մասնակցությունն եմ ունենում, բայց որպես մարզական կազմակերպության ղեկավար՝ հրավեր չեմ ստացել»։

Հատուկ հրավե՞ր են ակնկալում։ «Դե, մեկը պիտի կազմակերպի, չէ՞, որ ասի` այս օրը, այսինչ ժամին այստեղ եղեք եւ այլն։ Ոչ մեկը մեզ այդպիսի հրավեր չի տվել, որ մենք գանք մասնակցենք։ Առաջին խնդիրը դա է։ Հետո, իմ կարծիքով, սպորտը չքաղաքականացված պետք է լինի, հատկապես մանկական սպորտը, որտեղ երեխաներին պետք է հեռու պահենք նման բաներից։ Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա դա նրանց անձնական որոշումն է՝ մասնակցում են, թե ոչ։ Անձամբ ես ակտիվորեն մասնակցում եմ բոլոր հանրահավաքներին, ակցիաներին, լինի դա օնլայն հարթակում, թե իրական կյանքում»,- ասում է Ա․ Պետրոսյանն ու նկատում, որ շարժման հետ կապված՝ շատ են շահարկում Արցախի ու արցախցիների գործոնը։

«Ես Արցախից եմ, ներկայացնում եմ արցախյան մարզական կառույց, բայց այս շարժումը չպետք է վերածվի արցախյան շարժման, որովհետեւ իշխանական ու մերձիշխանական ուժերն այն փորձում են ամեն կերպ կապել ղարաբաղյան կլանի, նախկինների վերադարձի ու նմանատիպ այլ հարցերի հետ, իսկ սա ոչ թե ղարաբաղյան շարժում է, այլ համազգային, ավելին՝ վերազգային շարժում է, որովհետեւ ազգային փոքրամասնությունները եւս ընդգրկված են այս շարժման մեջ»,- հավելում է Պետրոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image