Քաղաքականություն

«Հրապարակ»․ Սահակաշվիլու պատճառով ամեն ինչի միջով անցել ենք, նույնը ՀՀ քաղաքացիներին է սպասվում

«Հրապարակ»․ Սահակաշվիլու պատճառով ամեն ինչի միջով անցել ենք, նույնը ՀՀ քաղաքացիներին է սպասվում

«Նիկոլ Փաշինյանի վիճակը նախանձելի չէ, հատկապես հաշվի առնելով Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց վրացահայ գործիչ Գուրգեն Մխիթարյանը: «Այդ հանդիպման ամենակարեւոր ուղերձը, որ հնչեց, այն էր, որ Արցախը դուք եք հանձնել: Դա ազդակ է Հայաստանի քաղաքացիներին, որ մի քիչ խելքները գլուխները հավաքեն, մտածեն՝ ինչ են անում: Եթե կանգնած է հայության լինել-չլինելու հարցը, այդտեղ արդեն ոգեւորվելը, ապահովագրական բժշկությամբ ուրախանալը նշանակում է վաճառվել, խաբվել: Ու այդ ժողովուրդը պատասխան է տալու իր ապագա սերունդների առաջ, սերունդների ապագան կարող են ուղղակի վերացնել»,- ասաց նա:

Վրացահայ գործիչը շեշտում է, որ այս ամեն ինչի հիմքում 2018-ի, իր բնորոշմամբ, ազգակործան «հեղափոխությունն» էր, որի պատասխանատվությունը միայն Փաշինյանը չպետք է կրի: «300 հազարի չափ մարդ դուրս էր եկել փողոց, դրանք էլ պիտի պատասխանատվություն կրեն՝ առնվազն բարոյական: Մի ուրիշ հանգամանքի վրա էլ կուզենայի ուշադրություն հրավիրել, Օվերչուկի հայտարարությունն ավելի կարեւոր էր, նա ասաց այն, ինչ չասաց Պուտինը: Այդ հանդիպման ժամանակ Պուտինը 2-3 անգամ հիշատակեց ֆիտո-սանիտարական վերահսկողությունը, եւ հենց հաջորդ օրը ծաղիկները ենթարկվեցին հետազոտության, եւ մուտքը ՌԴ թույլ չտրվեց: Դրանք հոլանդական ծաղիկներ էին, իսկ Հոլանդիան՝ որպես արեւմտյան, սկանդինավյան երկիր, պարզ է, որ արեւմտյան քաղաքականություն է վարում, եւ Հայաստանն օգնում է այդ արեւմտյան երկրին՝ եկամուտ ձեռք բերել Ռուսաստանի մեծ շուկայի հաշվին: Բայց ռուսներն այդքան էլ հիմար չեն, հատկապես՝ Ռուսաստանի նախագահը, որ Փաշինյանի նման ապուշը կարողանար նրան հիմարացնել կամ խաբել: Եթե դա լիներ տեղական հայկական ծաղիկ, չէին արգելի, աչք կփակեին, եթե խնդիր լիներ»,- ասաց վրացահայ գործիչը:

Իհարկե, Հայաստանում շատ կան ծաղիկ աճեցնողներ, ովքեր ունեն ընտանեկան բիզնես եւ Ռուսաստան ծաղիկ են արտահանում, սակայն Եվրոպա-Հայաստան-Ռուսաստան ծաղիկների վերավաճառողը Հայաստանի թիվ մեկ մագնատն է, որը խաբում է Ռուսաստանին՝ հարվածելով Հայաստանի տնտեսությանը: «Հայաստանում ծաղիկ աճեցնողներն իրենք էլ են տուժում այդ մեծ առքուվաճառք անելու հետեւանքով, որն այս իշխանության հովանավորությունը վայելողներն անում են եվրոպացիների հետ միասին: Անձնական, կուսակցական շահերն ավելի վեր են դասում Հայաստանի Հանրապետությունից, քան ազգային ու ժողովրդի շահերը»,- շեշտում է զրուցակիցս:

Օվերչուկը հիշատակել է նաեւ Թուրքմենչայի եւ Քյուրուքչայի պայմանագրերը, դրանով Ռուսաստանն Օվերչուկի բերանով ասում է, որ ոչ մի Թրամփի նախագիծ չի կարող գործել: Դրան ի պատասխան, հնչում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանի երաշխավորն Ադրբեջանն է, սակայն դա չի լինելու: «Ըստ Թուրքմենչայի եւ Քյուրուքչայի պայմանագրերի, Արաքս գետի ափով 200 կիլոմետր, սկսած Ջուղայից մինչեւ Ղարաբաղի հարավը, Խուդաֆերինի կամուրջը եւ այլն, այդ ամբողջն անցել է Ռուսաստանին: Ապագայի հավանականությունն այն է, որ Արցախն անցնի Ռուսաստանին, բայց կարեւորն այն է, որ ժողովուրդը կարողանա վերադառնալ այնտեղ ու ապրել»,- շեշտեց Մխիթարյանը։ Նա կարծում է, որ Հայաստանն իր դերը՝ որպես բուֆերային երկիր, կորցրել է ու այլեւս հետաքրքիր չէ Ռուսաստանին, իսկ փոխօգնության պայմանագիրը Ռուսաստանը չի խզում՝ միայն բարի կամքից ելնելով: «Եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող էր շահարկել իր աշխարհագրական դիրքը, ապա հայտնի փոփոխություններից հետո Հայաստանը կորցրել է իր հետաքրքրությունը Ռուսաստանի համար, եւ միայն ու միայն ՌԴ-ի բարի կամքի դրսեւորումն է մնում: Պուտինը շեշտեց Ռուսաստանի եւ Հայաստանի երկու ժողովուրդների քաղաքակրթական պատկանելությունը։ Դա մի փոքրիկ ակնարկ էր, որ կա՛մ պետք է լինես Արեւելքում ձեւավորվող մակրոտնտեսաքաղաքական համակարգի մի փոքրիկ մասնիկ եւ պահպանես քո գոյությունը, կա՛մ պետք է թեքվես դեպի Արեւմուտք եւ ինքնակործանման գնաս: Չգիտեմ, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են մտածում, այդ մասին ժամանակին շատ լավ ասել է Հովհաննես Թումանյանն իր «Շունը» պատմվածքում: Բառացի կրկնում եմ Թումանյանի խոսքերը․ «Արեւելքում է շան հայրենիքը, արեւելքում ծագում է արեւը, իսկ արեւմուտքում մայր է մտնում արեւը»: Եվ դա այսօր այդպես է՝ Արեւելքն է արվեստի եւ արհեստների հայրենիքը, եւ արեւելյան ժողովուրդները ոչ մի անգամ մարդակերությամբ չեն զբաղվել, մարդակերության հետք ու նշույլ չկա մարդկանց մոտ, քանի որ շուն են ունեցել, կարողացել են նախիր եւ հոտեր կազմել, ունենալ սննդի համար միշտ պատրաստի միս ու կաթնեղեն եւ մարդակերության կարիք չեն զգացել, ի տարբերություն մեր դրացի ժողովուրդների՝ հասկանում եք, թե որ արեւմտյան դրացի ժողովուրդների, որոնք շուն չեն ունեցել»:

Մխիթարյանը հիշեց, որ Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ասում էր, որ իրենք կընդունեն ամեն ինչ, ինչը կաշխատի հայ ժողովրդի օգտին, եւ դա սպառնալիք էր՝ ուղղված Փաշինյանին, ու, ցավոք, դրա հետեւանքներն իրենց վրա զգալու են սովորական հայերը։ «Մենք Վրաստանում դա տեսել ենք, դրա միջով անցել ենք, Սահակաշվիլուց տեսել ենք՝ ինչպես ժողովուրդն ու երկիրը տուժեցին, ու եթե Հայաստանից եկող զբոսաշրջիկներին թվում է, թե մենք շատ լավ ենք ապրում, դա միայն թվում է, մենք գիտենք, թե ինչի միջով ենք անցել, ու ինչ հետեւանք կա, եւ դա հետեւանք է Սահակաշվիլու վարած քաղաքականության եւ ոչ թե ներկա իշխանությունների»,- եզրափակեց Գուրգեն Մխիթարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image