Հասարակություն

ՉԺՀ-ի հիմնադրման 75-ամյակի միջոցառումներ՝ Հայաստանում

ՉԺՀ-ի հիմնադրման 75-ամյակի միջոցառումներ՝ Հայաստանում

Չինաստանում այս տարի նշում են ներկայիս պետականության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը։ Պարզվում է՝ այդ հոբելյանը նկատելի ճոխությամբ նշվում է նաեւ Հայաստանում։ Հուլիսի վերջին Հայաստանում ՉԺՀ դեսպանատունը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի կազմավորման 97-րդ տարեդարձի կապակցությամբ, որը ձեւավորվել է 1927-ին, մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմների, ներչինական քաղաքացիական պատերազմների եւ էական դերակատարում է ունեցել 1949-ին Մաո Ցզե Դունի առաջնորդությամբ ներկայիս ՉԺՀ-ի հռչակման հարցում։ Այնուհետ՝ սեպտեմբերի 25-ին Երեւանում ՉԺՀ-ի դեսպանատանը կազմակերպված հանդիսությամբ եւ մեծ ընդունելությամբ նշվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը։ 

Հոկտեմբերի 29-ին էլ արդեն հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ ուժերով էր ՉԺՀ հիմնադրման 75-ամյակ նշվում։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստան-Չինաստան բարեկամության միությունը, որը գոյություն ունի արդեն 36 տարի (նախագահ՝ Կարեն Ավագյան) եւ «Գիտության ու մշակույթի չինական կենտրոն» ՀԿ-ն (հիմնադրված 2006-ին, նախագահ՝ Իզաբելլա Մուրադյան): Երեկոն կազմակերպվել էր Հայաստանի ազգային գրադարանում, ինչի կապակցությամբ բանախոսների թվում էր նաեւ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։  Ներկա էին ՉԺՀ-ի դեսպանատան աշխատակիցները, ներկա էր եւ ելույթ ունեցավ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ պրն Չեն Մինը։ 

Ելույթներում հնչեցին հետաքրքիր տեղեկություններ, որոնցից մի քանիսը, գոնե ինձ համար, նորություն էին։ Պարզվում է՝ 1930-ականներին Չինաստանում լույս է ընծայվել «Սասունցի Դավիթ» էպոսի չինարեն թարգմանությունը, եւ այդ հրատարակության մի օրինակ պահվում է մեր Ազգային  գրադարանում։ Իսկ ահա Երեւանի Մատենադարանում պահվում են չինական ձեռագրեր, ինչի մասին նույնպես չգիտեի, ընդհանուր՝ հինգ չինական ձեռագիր։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ լսեցի, որ Թամերլանը (Լենգ Թեմուր) Հայաստանի տարածքը նվաճելիս պաշտոնական քաղաքականություն է դարձրել հայկական ձեռագրերը գերեվարելը․ հայկական ձեռագրերը, որպես ռազմավար, գերեվարվել են, հետո հայերը փրկագին են վճարել, որ դրանք վերադարձվեն։ Թամերլանն էլ է իր հուշերում այդ մասին գրել, թե հայ պատմիչներն են տեղեկությունը հաղորդել՝ չհստակեցվեց։ 

Իսկ ամենամեծ նորությունը երեկոյում ինձ համար այն էր, որ հայկական երաժշտության ինչ-որ կտորներ, օրինակ՝ Կոմիտասի «Կաքավիկը», զարմանալի ներդաշնակ համադրվում են չինական երաժշտության ու լեզվի հետ։ Երեկոյի ընթացքում երկու հայկական եւ մեկ չինական երգ ներկայացվեց (մասնակցությամբ՝ նաեւ դպրոցահասակ երեխաների), որոնց մի տունը երգվում էր հայերեն, մյուս տունը՝ չինարեն։ Եվ դա այնքան ներդաշնակ էր հնչում (անշուշտ, շնորհիվ նաեւ գործիքավորման), որ տպավորություն էր, թե բոլոր երգերը նույն միջավայրում, նույն անձանց կողմից են գրվել։  Այնպես, որ երեկոյի ոչ ֆորմալ հատվածում հնչած կենացը, թե կարող ենք խոսել «ոչ թե հայ-չինական բարեկամության, այլ եղբայրության մասին», երգեցողությունից բխած եզրահանգում թվաց։ Այլ հարց, որ երգեցողությունը, երաժշտությունը, նույնիսկ մշակույթը՝ իր ողջ ընդգրկումով, կյանքի եւ միջպետական, միջազգային հարաբերությունների փոքր հատվածն է միայն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image