Հասարակություն

Իմ թեմակալ առաջնորդը բոլոր հարցերում եղել է իմ եւ համայնքի կողքին, սկսած աղքատախնամ ծառայությունից՝ վերջացրած եկեղեցու շենացումով

Իմ թեմակալ առաջնորդը բոլոր հարցերում եղել է իմ եւ համայնքի կողքին, սկսած աղքատախնամ ծառայությունից՝ վերջացրած եկեղեցու շենացումով

Կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանը, սովորականի պես հերթական եկեղեցին էր արշավել` զեղչված տեքստով պատարագ լսելու: Այս անգամ այցելել էր իր կողմն անցած Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի թեմ, ում հաջողվել էր իր ենթակա քահանաներից մեկին համոզել, որ պատարագի ժամանակ զեղչի կաթողիկոսի անունը: Հերթական «զոհը» Չարենցավանի Սուրբ  Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ Հագեյանն էր, ով հանդես եկավ հայտարարությամբ, որով միացավ Փաշինյանի նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգմանը»: Իհարկե, տեղեկություններ կային, որ քահանան այդ հայտարարությունը տարածել է իր նկատմամբ գործադրված ճնշումներից հետո: Չարենցավանի բնակիչները տարակուսած էին իրենց քահանայի պահվածքից, նրանք չէին պատկերացնում, որ համայնքում հարգված քահանան եւս Փաշինյանի կամակատարը կդառնա, եւ Կաթողիկոսին դեմ դուրս կգա: Մենք փորձեցինք կապ հաստատել Չարենցավանի Սուրբ  Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ Հագեյանի հետ, հասկանալու համար, ի վերջո, ով կամ ինչը ստիպեց իրեն միանալ «տիրադավ» եպիսկոպոսների խմբին:

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Բոլորը փորձում են քաղաքականացնել ամեն ինչ, ես բոլորի համար աղոթող մարդ եմ` անկախ քաղաքական հայացքներից: Ես իմ թեմական առաջնորդի կողքին եմ: Եկեղեցում կան բարձրացված հարցեր եւ այդ հարցերի պատասխաները պետք է տան եպիսկոկոսները, Կաթողիկոսը, եկեղեցու բարձրագույն մարմնում: Այսքան բան կարող եմ ասել, իսկ մարդկանց քաղաքական հայացքները, թե ով ինչ է մտածում, ոնց է մտածում, որ քահանան ինչ պետք է անի, դա իր խնդիրն է»: 

Բայց դուք անցած կիրակի Վեհափառի անունը չհնչեցրեցիք, այս կիրակի պատարագին կրկի՞ն կզեղչեք Վեհափառի անունը. «Պատարագներ մատուցելու եմ, ամեն ինչը լինելու է հավուր պատշաճի: Մենք՝ քահանաներս, Սուրբ Գրքով ենթակա ենք թեմակալ առաջնորդին: Չեմ ուզում մանրամասնել: Իմ թեմակալ առաջնորդը բոլոր հարցերում եղել է իմ եւ համայնքի կողքին, սկսած աղքատախնամ ծառայությունից՝ վերջացրած եկեղեցու շենացումով եւ վերանորոգումով: Ես որպես հոգեւոր սպասավոր պարտավոր եմ լինել իմ թեմակալ առաջնորդի կողքին, մնացած քաղաքական հայացքներ ինձ չի հետաքրքրում, ես աղոթող եմ բոլորի համար»: Բայց ձեր թեմակալ առաջնորդի կողքին եք ու դե՞մ եք Կաթողիկոսին. «Կարծում եմ ամեն ինչ ասեցի, այսքանով սահմանափակվենք, մնացած բոլոր հարցերը տալիս են եկեղեցու բարձրագույն մարմինը եւ եպիսկոպոսսները, ես հարցի լուծում տվող չեմ, ես հոգեւոր սպասավոր եմ եւ իմ հոգեւոր խնամքը տանում եմ ինձ վստահաված համայնքում: Կներեք, ավելացնելու ոչինչ չունեմ»: Վերջին հարցը` ճնշումների ներքո՞ եք կայացրել Ձեր որոշումը. «Ես բացառապես վախենում եմ իմ եւ Աստծո հետ ունեցած իմ հարաբերությունը կորցնելուց, մնացած ոչ մեկից չեմ վախենում, կաղոթեմ բոլորի համար, այդ թվում Ձեզ համար, այսքանը»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image