Քաղաքականություն

Շնոբելյան մրցանակին արժանի պնդումը

Շնոբելյան մրցանակին արժանի պնդումը

Բազմից եմ ասել, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արժանի է պետությունների անվտանգության գծով Շնոբելյան կամ Հականոբելյան մրցանակի: Ինչու հենց նման մրցանակի, որովհետև խաղաղության գծով Նոբելյան մրցանակին ինքը կարող էր հավակնել՝ եթե պատերազմ հայտարարեր ռուսական 102-րդ ռազմաբազային՝ հենց դրան, ու այն ավարտեր հաղթանակով: Այսինքն, ռազմաբազան նույն ձևով դուրս բերվի Հայաստանից, ինչպես իր կողմից գլխատված ու ոգին ջարդված հայկական բանակն Արցախից: Դա բավարար կլիներ, որպեսզի գլոբալիստական Եվրոպան գնահատեր «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետի ներդրումը Ռուսաստանի դեմ Արևմուտքի հակամարտության մեջ:  

Բայց կա նաև երկրորդ տարբերակը՝ հատկապես որ առաջինին ինքը չի համարձակվում դիմել: Նույնիսկ ռիսկ չի անում պաշտոնապես դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ չնայած այդ կառույցում Հայաստանի անդամության կասեցմանը: Էլ չասած, որ նման մեխանիզմ գոյություն չունի այդ կառույցի կանոնադրությունում: Բայց քանի որ իշխանության գալու պահից վերջինս ներքաղաքական կյանքում կանոնադրություն, մանոնադրություն ասած բաները բանի տեղ չի դնում, ապա ինչո՞ւ չպիտի նույնն անի արտաքին հարցերում: Չնայած եթե ադեկվատ անձ լիներ, ապա կհասկանար, որ երկրից դուրս երբեք բանի տեղ չեն դրել իր երբեմնի «դուխով» ու «փրկիչ» լինելը: Ո՜ւր մնաց, որ դա անեին 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո:

Երկրորդ տարբերակը բանակը ցրելն է (ազգությամբ հրեա ռուս բոլշևիկ Լև Տրուցկու հոգու ականջը կանչի) ու ՄԱԿ-ի մակարդակով աշխարհի բազմաթիվ պետությունների հետ խաղաղություն կնքելն է: Կարծում եմ, որ ավելի քան 200 պետություննների շարքում կլինեն մի քանի տասնյակը, որ մեծ հաճույքով նման պայմանագիր կկնքեն «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետի հետ: Հաշվի առնելով, որ դա մի օր պետք կգա իրենց քարոզչական նպատակով: Բայց ո՞րն է պատճառը, որպեսզի ինքը հենց նման մասշտաբի գործողություն նախաձեռնի՝ կհարցնի ընթերցողը: Դե, եթե վերջինս բարելավում է Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերած երկրների (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել, Հունգարիա) հետ հարաբերությունները, ապա ինչն է խանգարում, որպեսզի վերջինս բարիդրացիական հարաբերություններ հաստատի նաև հեռավոր ու ըստ այդմ՝ չեզոք, երկրների հետ:

Իսկ որպեսզի ինքը ստանա Շնոբելյան մրցանակ, ապա, իմ կարծիքով, բավարար է անգլերեն թարգմանել ու տարածել վերջինիս կողմից բազմիցս կրկնված այս պնդումը. «Անվտանգություն ասելով մենք անընդհատ հասկանում ենք բանակ. երբ մենք անընդհատ հասկանում ենք բանակ, նշանակում է, մենք անվտանգություն չունենք»: Ոնց որ թե իրականում հակառակն է, քանի որ բանակ ունենում են հենց անվտանգությունն ապահովելու համար: Օրինակ, իր սերելի եղբայր Մակրոնը Ֆրանսիայի պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարել է ազգային կամավոր ռազմական ծառայություն նախաձեռնելու մասին: Պատճառն աշխարհաքաղաքական ռիսկերն են ու այդ թվում Ռուսաստանի չպարտվելը ռուս-ուկրաինական պատերազմում ու ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի, որպես ինստիտուտի, նկատմամբ:

Ինչևէ, շարունակենք «մեծարգոյի» խոսքի մեջբերումը. «Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղը և դիրքը աշխարհում։ Դու հասկանում ես աշխարհում ապրելու և գործելու կանոնները և հետևում ես այդ կանոններին»։ Ինչպես ժամանակին ինքն էր ջարդում երկրի ներքաղաքական կյանքում նախկինում հաստատված կանոնները, նույնն էլ կատարվում է երկրից դուրս: Ու այսօր հաստատված գլխավոր կանոնն ուժի իրավունքն է: Ենթադրում եմ, որ ինքը դա չի գիտակցում, այլապես չէր բարձրաձայնի նման անհեթեթ միտք. «Դու գիտես լինել հարգալից և գիտես նաև հարգանք ներշնչել ինքդ քո նկատմամբ, բայց հարգանք ներշնչելը ուրիշների օձիքները հավաքելով չի լինում, այլ այս միջազգային հարաբերություններում դիրքավորվելով պատասխանատու, մաքսիմալ համեստ, որովհետև համեստությունը  ոչ մեկին չի վնասում այդ թվում Հայաստանի Հանրապետությանը»։

Հայտնի է, որ մի ժամանակ մեր երկրում համեստությունը գեղեցկացնում էր հարսին, սակայն որպեսզի այն չվնասեր որևէ երկրի միջազգային հարաբերություններում, դա աննախադեպ միտք էր: Քանի որ ուժի իրավունքին դավանող աշխարհում համեստությունը ոչ միայն վնասում է, այլ կարող է կործանման տանել մի ողջ պետություն: Հատկապես այնպիսի երկրին, ինչպիսին Հայաստանն է, որի հարևանն ու թշնամին հենց ուժի իրավունքի հետևորդ է: Եվ այնպիսի միջավայրում, ինչպիսին Հարավային Կովկասն է, որ ԽՍՀՄ կազմաքանդվելուց հետո դարձել է Մերձավոր Արևելքի մաս: Իսկ այն հակամարտությունների այնպիսի վայր է, ինչպիսի երկրորդը դժվար թե առկա լինի աշխարհում: Վերադառնալով Շնոբելյան մրցանակին, ասեմ, որ այն բնութագրվում է մի այսպիսի դատողությամբ՝ սկզբում մրցանակի արժանացած երևույթի վրա ծիծաղում են, իսկ հետո սկսում են մտածել այդ ուղղությամբ: «Մեր» դեպքում, վստահաբար, սկզբում կմտածեն՝ թե ինչ է ուզում ասել «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետը, իսկ հետո քա՜հ-քա՜հ կծիծաղեն: Որովհետև չեմ կարծում, թե այլ արձագանքի է արժանի վերը բերված մեջբերումը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image