Ահա մի մարդ, որ ուզում է բետոնե պատը քանդել ճակատով: Խփում է՝ մեկ, երկու, երեք… Անցորդը մոտենում է, ձեռքից բռնում՝ ի՞նչ ես անում, հեր օրհնած, ուղեղի ցնցում կստանաս, ճակատդ ափսոս է… Սա ձեռքը քաշում է ու շարունակում խփել պատին՝ չորս, հինգ, վեց… Անցորդը հավաքվածներից հետաքրքրվում է՝ ո՞վ է այս մարդը, ինչո՞ւ չեք միջամտում, ախր մի վնաս կտա իրեն: Մեկն առաջ է գալիս, թե՝ իմ հարեւան խելառ Բեգլարն է, արդեն յոթ տարի է` քանդում է էդ պատը, այնպես որ, ախպեր ջան, դու ճամփեդ գնա, ոչ մի բան էլ չի պատահի:
Բեգլար, Բեգլար… Այդպիսի մեկին էլ ես եմ ճանաչում, բայց անունը Նիկոլ է: Այդ Նիկոլն էլ ճիշտ յոթ տարի է՝ նույն գործին է: Պատ է քանդում: Ճակատով: Ուղղակի, ի տարբերություն խելառ Բեգլարի, այդ Նիկոլը վարչապետ է աշխատում: Այսինքն, եթե շարքային Բեգլարը սեփական ճակատով սեփական պատն է քանդում, Նիկոլը խտրություն չի դնում պատերի միջեւ՝ իր պատն է, պետության պատն է, ժողովրդի պատն է, եկեղեցու պատն է… Ասել է թե՝ Նիկոլի համար խնդիրը պատը չէ, այլ՝ պրոցեսը: Ես մի անգամ նույնիսկ ՔՊ-ի գրասենյակ եմ գնացել այս հարցով… Տիրություն արեք դրան, ախպեր, իրեն մի վնաս կտա: Ձեռքները թափ տվին՝ ձեւ չկա, ավելի լավ է՝ թողնենք, թող քանդի…
Լավ, այսպես մինչեւ ե՞րբ: Պատերազմի առաջին օրերին Գլխավոր շտաբը զեկուցեց, որ համալրում է պետք, այսպես հազիվ 3 օր ձգենք, պատերազմը պետք է կանգնեցնել քաղաքական լծակներով: Լսե՞ց: Դրսից մի քանի անգամ առաջարկեցին կանգնեցնել պատերազմը… Լսե՞ց: Ելավ, հայտարարեց․ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու: Ամեն ինչ տվեց՝ Արցախ, Տավուշ, Սյունիք… Ու ո՛չ կռնակին է գալիս, ո՛չ իրեն հաշիվ տալիս: Հինգ հազար տղու գլուխ կերավ, տասը հազարի չափ վիրավոր-հաշմանդամ ունենք, հարյուր հազարավոր տնավեր փախստականներ: Նորմալ մարդը գետինը կմտներ մեղքի զգացումից, բայց նա՞… Նա շարունակում է քանդել: Մեղրիի սահմանը տվեց, գիտի, որ Տավուշից ու Արարատի մարզից նոր տարածքներ է տալու, որ ի վերջո Հայաստանն է կործանելու, բայց շարունակում է քանդել, քանզի, ըստ նրա, կարեւորը գործընթացն է եւ ոչ արդյունքը: Այդպես էլ գրել է իր գրքում՝ եթե ես մտածեի հետեւանքների մասին, ոչինչ չէի կարողանա անել:
Մեր թշնամիներին, բնականաբար, ձեռք է տալիս Նիկոլի այս ընթացքը: Նրանց պետք չէ, որ Նիկոլն ուշքի գա ու զբաղվի Հայաստանի հարցերով՝ արտաքին քաղաքականություն վարի, չգիտեմ՝, մարդու իրավունքների եւ գերիների հարց բարձրացնի, Հայաստանի սուվերեն տարածքներն ազատագրելու մասին մտածի: Եվ հետո՝ լավ էլ «քանդում է», ինչո՞ւ միջամտեն: Գիտությունը ոչնչացրեց, կրթությունը դարձրեց փալաս, պատմությունը խեղաթյուրեց… Հրեն, հասել է Եկեղեցուն, Հովհաննավանքի պատերն է քանդում արդեն: Փաշազադեն ասել է․թողեք՝ թող քանդի… Ասել է՝ ավելին, օգնենք, որ քանդի, աջակցենք, որ 26 թվին վերարտադրվի ու շարունակի քանդել մինչեւ Սուրբ Էջմիածին: Փաշազադեն է ասել: ՔՊ-ում էլ, լսելով վերարտադրվելու հնարավորության մասին, Նիկոլին դուխ են տալիս, խառնվել են Նիկոլին հետեւող ոչխարների հոտին ու նստել ականջին՝ Նիկոլ ջան, դու ճիշտ ես, քանդի…
Իրավապահների մասին ընդհանրապես կարելի էր լռել: Սրանց մոտ գիտեք, չէ՞, ինչ է կատարվում: Ուրեմն որ փող են տեսնում, ուղեղը կախում է… Այ ձեր հոգուն մատաղ, ուրիշ որտե՞ղ կտեսնեք, որ դատախազությունով, ոստիկանությունով, ԱԱԾ-ով, քննչականով, ՊՊԾ-ով, բանով լցվեն ավտոբուսներն ու գնան ոմն Սծյոպիկի մատուցելիք պատարագին: Բա մարդու ուղեղն այդ աստիճանի կկախի՞: Հասկացանք, ինչ-որ տեղ Նիկոլի հետույքը պահելու նպատակով էիք գնացել, իսկ մի մասդ էլ, ուզում եմ հավատալ, «հասկացել» է Նիկոլի «նոր քրիստոնեական վարդապետությունը»: Իսկ ո՞ւմ եք թողել ձեր գործը, ձեր անելիքը, այս պետության համար ձեր պատասխանատվությունը:
Քանդե՞ց Նիկոլը Հովհաննավանքի պատը: Չքանդեց, չէ՞: Նիկոլն արգելակներ չունի… Դո՞ւք էլ չունեք: Կանգնեցրեք վերջապես այդ «խելառ Բեգլարին»: Դուք, ինչ է, նրա տված ռոճիկի սիրույն մի ողջ ժողովո՞ւրդ եք ուզում մեղքի տակ գցել: Երեկ լույսը բացվեց, ու իմացա, որ Նիկոլը պատրաստվում է գալիք կիրակի եւս գնալ Հովհաննավանք՝ «Սծյոպիկի պատարագին» մասնակցելու: Ասում եմ, չէ՞, նրա համար կարեւորը քանդելու գործընթացն է: Դուք է՞լ պետք է գնաք, հարգելի իրավապահներ: Ձեր փոխարեն ես արդեն գործ հարուցած կլինեի, կփորձեի կանգնեցնել նրան, ի վերջո՝ խորհուրդ կտայի նման բան չանել: Կաթողիկոսը չունի այդ հնարավորությունն ու իրավասությունը, բայց դուք ունեք, ախր, ինչո՞ւ եք անսիրտ հարեւանի պես պլշած նայում, թե ինչպես է կործանվում ձեզ վստահված երկրի վարչապետը: Մի պահ մոռացեք էդ անտեր փողը, ռեսթարթ եղեք, միացրեք ձեր արգելակներն ու վերջ տվեք այս կրկեսին: