ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իսրայելը «գուցե հաղթում է պատերազմը Գազայում, բայց պարտվում է հասարակական կարծիքում»։
Daily Caller-ին տված հարցազրույցում նա կրկնել է անցյալ տարվա իր քարոզարշավի ժամանակ օգտագործած մի արտահայտություն, որը չի կրկնել հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
Թրամփը շեշտել է պատերազմը արագ ավարտելու անհրաժեշտությունը՝ ասելով, որ ձգձգված հակամարտությունը «վնաս է պատճառում Իսրայելին»։
«Նրանք պետք է ավարտեն այս պատերազմը… Դա վնասում է Իսրայելին», - ասել է նա՝ հավելելով, որ աջակցում է Գազա քաղաքը գրավելու վիճահարույց ծրագրին։
ԱՄՆ-ում, այդ թվում՝ հանրապետականների շրջանում, Իսրայելի նկատմամբ աջակցության նվազման մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Ես տեղյակ եմ դրա մասին»։ Նա նշել է, որ 15-20 տարի առաջ Իսրայելն ուներ «ամենահզոր լոբբին Կոնգրեսում» և «լիակատար վերահսկողություն», բայց դա փոխվել է, և երկիրը «տառապել է, հատկապես Կոնգրեսում»։
«Կար մի ժամանակ, երբ… եթե ուզում էիր քաղաքական գործիչ լինել, չէիր կարող վատ խոսք ասել [Իսրայելի մասին]։ [...] Իսրայելն ուներ ամենահզոր լոբբին, որը ես երբևէ տեսել եմ… Նրանք լիակատար վերահսկողություն ունեին Կոնգրեսի նկատմամբ», - հավելել է Թրամփը։