Աշխատանքային կոմբինեզոններ արտադրող «Սաստեքս» ընկերությանը 10 աշխատակիցներ, ովքեր 1 ամսվա աշխատավարձ չեն ստացել, դուրս են եկել աշխատանքից: Աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ 1 ամիս աշխատել են կարի արտադրամասում, սակայն իրենց չեն ասել, թե որքա՞ն են վճարվելու իրենց աշխատանքի դիմաց. «Ինքս լավ կար եմ անում, ընդունվել եմ աշխատանքի փետրվարի 4-ին: Առավոտյան ժամի 7-ից գնում էի, 7-ին տուն վերադառնում: Մեզ միշտ ասում էին, որ ստեղ, ով աշխատել ա, աշխատավարձ չի ստացել: Հետո սկսկեցինք կադրերի բաժնից հետաքրքրվել, թե որքա՞ն կկազմի մեր աշխատավարձը, եթե ամսվա վերջում մեզ հասանելիք շորերը կարենք: Մեզ ոչինչ չէին ասում, ամեն անգամ ասում էին, ով ինչքան աշխատել ա, ամիսը լրանա կիմանաք: Հետո հասկացանք, որ մեզ խաբում են, եւ ամիսը լրացավ ստիպված մենք դուրս եկանք աշխատանքից, այլ տեղ աշխատանք գտնելու համար: Մեր կանայք ճար չունեն, եթե 15 հազար դրամ էլ վճարում են, սուս աշխատում են, շատ դեպքում շահագործում են: Մի քանի օր առաջ, մեր հետ աշխատողները շատերը, ով մեր հետ ընդունվել են աշխատանքի, աշխատավարձ են ստացել, իսկ 10 աշխատողներսիս աշխատավարձը չեն հաշվել: Ասել են. հետ կգաք մեր մոտ կաշխատեք՝ կվճարենք: Եթե մենք վատ աշխատեինք, իրենք մեզ կասեին, որ էլ չգնանք աշխատանքի»: Նրանք պնդում էին, որ տնօրենի հետ են խոսել, ով էլ՝ իր հերթին ասել է, որ ընկերությունից կապ կհաստատեն աշխատակիցների հետ: Տնօրենի հետ խոսելուց հետո մի քանի օր է անցել, սակայն աշխատակիցները աշխատավարձ չի փոխանցվել:
«Սաստեքս» ընկերության տնօրենն է Քրիստիան Գելեջին, ում հետ զրուցել մեզ չհաջողվեց: Մեր հեռախոսազանգերին պատասխանեց կադրերի բաժնի աշխատակիցը. «Դուք ո՞ւմ եք ուզում, եւ ինչի՞ համար եք զանգահարել, կներեք ես ի վիճակի չեմ, որ ձեզ որեւէ բան ներկայացնեմ»: Ներկայացանք եւ
պնդեցինք՝ «Եթե ի վիճակի չեք մեր հարցերին պատասխանել, ապա տվեք ընկերության տնօրենի հեռախոսահամարը, թող նա պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ Հրազդանից 10 աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը»:
«Իրենք պայմանագիր ունեն 1 տարով, որ մեր մոտ պետք է աշխատեն 1 տարի, որովհետեւ մենք իրենց վրա գումար ենք ծախսել: Մենք իրենց զրոյից սովորեցրել ենք, 1 տարի չլրացած դուրս են եկել աշխատանքից: Դուք իրավունք չունեք զանգահարեք ինձ, որ ես ձեզ ներկայացնեմ,. ես ինֆորմացիա չունեն ձեզ տալու: Մենք լրագրողներին ոչինչ չունենք պատասխանելու»,- վրդովված ասաց տիկինը: