Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում օրենքի երկիր ասվածը: Այո, երկիր, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ օրենքն ամեն ինչից վեր է, եւ ամեն ինչ կատարվում է օրենքով: Իրավապահներն ասում են՝ օրենքի սահմաններում: Այդպիսի երկրներում օրենքը սուրբ կենդանի է, չի կարելի նրան ոտնահարել, մորթել, հոշոտել: Օրենքի երկրների քաղաքացու մտքով չի էլ անցնում, որ օրենք խախտի: Բայց դե՝ պատահում է, որ անզգուշաբար կամ հիմար իրավիճակներում մարդիկ երբեմն անցնում են օրենքի կարմիր գիծը: Դրա համար նրանք պատժվում են, ենթարկվում պատասխանատվության, զանազան տույժ ու տուգանքի եւ այլն, եւ այլն: Ահա այսպիսի պարզ բան է օրենքի երկիրը:
Իսկ օրենքի երկի՞ր է արդյոք Հայաստանի Հանրապետությունը: Դատելով այս ամբողջ կորդեբալետից (հայերեն՝ կարդաբալետ)՝ այո: Որ կողմը նայում ես՝ օրենքի գերակայություն է. քննություն, մեղադրանք, դատ, դատախազ, դատավոր, փաստաբան, վկա, կասկածյալ, մեղադրյալ, կալանք, ձերբակալություն, բողոք: Կներեք, ես իրավաբանական բոլոր տերմիններին չեմ տիրապետում, բայց որպես այս ամենի շարքային ականատես, զգում եմ, որ Հայաստանում նույնիսկ օրենքի ավելցուկ կա: Մենք հազիվ 3 միլիոն ենք, իսկ այս պահին ուղիղ 1.5 միլիոն հայցադիմում ու հայցապահանջ կա: Եթե հաշվի առնենք, որ դատարանին առնվազն 2 անձ է պետք՝ տուժող եւ պատասխանող, ապա կստացվի, որ Հայաստանում բոլորը դատի են տվել բոլորին, ու ամեն մեկը վճռական է իր իրավունքների պաշտպանության հարցում: Նիկոլը չէր միայն մարդու դատի տվել, նա էլ դարձավ հայցվոր: Եկավ կպավ «Հրապարակից», թե՝ Դուք ինձ վիրավորել եք, արատավորել իմ բարի համբավը: Մի քանի ձեւով «Հրապարակը» բացատրեց, պարզաբանեց իրականությունը, եթե չեմ սխալվում՝ նույնիսկ մարդ մեջ գցեց, թե` այ Նիկոլ, սխալվում ես, «Հրապարակը» քեզ չի վիրավորել, ձեռ քաշիր այս հայցադիմումից, ոչինչ չստացվեց: Չէ, ասաց, սա օրենքի երկիր է, ու ես պիտի գնամ մինչեւ վերջ: Գնա, ի՞նչ ասեմ, հիմա բոլորն էլ մինչեւ վերջ են գնում, որովհետեւ օրենքի եւ ոչ մի երկրում վերջին խոսք ասող դատավոր ու դատարան չկա: Դրա համար Եվրադատարան պետք է հասնել, իսկ Եվրադատարանում, ինչպես գիտեք, մեղր չեն բաժանում: Վերցնում, երկիրը կոխում են ավելորդ բեռի տակ, տուգանում, աշխարհով մեկ խայտառակ անում:
Վերջերս Հայաստանում շատացել են դատի տալու եւ դատվելու խմբակային ձեւերը: Փորձեմ բացատրել, թե ինչ բան են սրանք: Պատահում է, որ Նիկոլը գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին կամ Քննչականին հանձնարարություն է տալիս՝ գործ հարուցել ոմն Կիրակոսի դեմ՝ նրան մեղադրելով ինչ-որ ենթադրյալ հանցանք կատարելու մեջ: Սրանք, որպեսզի Նիկոլի հանձնարարականի կատարումը շռնդալից լինի, բնականաբար, չեն սահմանափակվում Կիրակոսի դեմ հետապնդում եւ վարույթ հարուցելով: Կիրակոսն էդ ո՞վ դառավ, որ, օրինակ, միայնակ ծրագրեր Նիկոլի դեմ ահաբեկչությունը: Վերցնում, Կիրակոսի հետ մի 100 մարդու էլ են ձերբակալում, սկսում քաշքշել, հարցաքննել, կապեր փնտրել, եթե կապեր չկան՝ սարքել: Է՛լ ձայնագրություններ կեղծել, է՛լ ցուցմունքներ փոխել… Եվ գնում է այսպես մի քանի ամիս… Անմեղ մարդիկ ինֆարկտ են ստանում, ակտիվիստներն ընկնում են դատարանների դռները, քաղաքականացնում առանց այն էլ Նիկոլի քաղաքական նկատառումներով ծնված գործերն ու դատավարությունները: Հին դատավորներ կան, որ ասում են՝ նախկինների 30 տարվա մեջ մենք այսքան կալանք չէինք տվել, ինչքան Նիկոլի օրոք տվեցինք: Ու տպավորություն է ստեղծվում, թե Նիկոլի օրոք մենք դառնում ենք օրենքի երկիր:
Դե որ այդպես է, մենք էլ ձեզ՝ իշխանություններիդ, խմբակային դատի կտանք՝ ընդվզում են ընդդիմադիր կեցվածքով քաղկալանավորներն ու դատապարտյալները: Այսօր նույն հոդվածով բազմաթիվ իշխանավորներ են անցնում՝ նախարարներ, պատգամավորներ, նախկին նախարարներ, խոսնակներ, իշխանական ագիտատորներ: Սրանց խմբակային ձեւով դատի տվողների ցուցակն այսօր գլխավորում են Սամվել Կարապետյանն ու Բագրատ սրբազանը: Երեւի մոտ 3 տասնյակ ՔՊ-շնիկ է այսօր անցնում նրանց հայցադիմումների հիման վրա հարուցված դատական գործերի միջով: Իմ կարծիքով, երկու իմաստուն այրերն էլ ճիշտ ճանապարհի վրա են, դրանց՝ այդ ՔՊ-շնիկներին, պետք է բոլուկներով դատել, քանզի առերեւույթ հանցագործ լինելը նրանց երեսներից է թափվում: Այնքան այլանդակություն, որ նրանք են կատարել Նիկոլի հետ միասին, Հայաստանում երբեք եւ ոչ մի նախկինի ժամանակ չի եղել:
Օրենքը, առհասարակ, գրվում եւ ընդունվում է հասարակության շահերից ելնելով: Օրենքն ի վերջո մի բան է, որ պետք է քաղաքացիների համար համակեցության դաշտ ապահովի, նպաստի նրանց համերաշխությանն ու պետության շուրջ համախմբմանը: Մեզ մոտ, սակայն, օրենքի դրվածքը մի փոքր այլ է: Այստեղ օրենքն իշխանություններն են՝ իշխանության վերին էշելոններից սկսած մինչեւ նոմենկլատուրայի ամենաստորին օղակներ: Սա է բուն պատճառը, որ Հայաստանը, որպես տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիր, ոչ մի վայրկյան աչք չի բացում դատից ու դատաստանից: Մեր ողջ օրն անցնում է դատարաններում, քննչական մեկուսարաններում ու պահման վայրերում: Սրան գումարեք նաեւ աղմուկը եւ կհասկանաք, թե ինչ է տեղի ունենում, երբ օրենքի երկիր են կառուցում հայերը:
Բայց, ինչպես ասում են՝ հայեր ջան, դուխով… Այնպես չէ, որ Ամերիկան ու օրենքի մյուս երկրները մեկ օրում են կառուցվել: Մենք էլ մեր օրենքի երկիրն ենք կառուցում: Ճիշտ է, մի քիչ նիկոլավարի, բայց կառուցում ենք: Առանց Նիկոլ Հայաստանում աղմուկը, ճիշտ է, զգալի կնվազի, բայց Նիկոլի «սկսած գործը» պետք է շարունակել ամեն գնով եւ օրենքի սահմաններում: