Հասարակություն

«Հրապարակ». Էդպես կոպիտ մի ասեք ՔՊ-ական՝ ճիշտ արտահայտվեք

«Հրապարակ». Էդպես կոպիտ մի ասեք ՔՊ-ական՝ ճիշտ արտահայտվեք

Կոմունիստական կուսակցության անդամից ՔՊ անդամ դարձած՝ Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը Կոտայքի մարզի ամենաերկարակյաց համայնքապետն է: Ռուբենյանը 8 տարի սովորել է (1979-1987 թթ.) Երեւանի անասնաբուծական, անասնաբուժական ինստիտուտում: Սովորելու հետ մեկտեղ, 1982 թվականից աշխատել է Բալահովիտի կաթնապրանքային ֆերմայում՝ որպես բրիգադիր: 1996 թվականից Ակունք համայնքի ղեկավարն է: 2017 թվականին համայնքների խոշորացումից հետո վերընտրվել է: 

2018 թվականին Ռուբենյանը բարեհաջող ճամբարափոխ է եղել եւ ընդգրկվել ՔՊ-ի ցուցակում: Իսկ վերջին 4 տարիների ընթացքում համայնքապետի ընտանեկան բիզնեսն ուղղակի ծաղկում է՝ ավելի շատ, քան «կոմունիստ» ժամանակներում: Համայնքապետի որդին՝ Ժորա Ռուբենյանը, 2021 թվականին ձեռք է բերել հասարակական նշանակության 2 շինություն, 26 կտոր հողամաս, 2022-ին՝ 1 հողամաս, 2024-ին՝ եւս 1-ը: 2024 թվականին Ակունք համայնքի եկեղեցուն հարակից տարածքում բացվել է Ռուբենյաններին պատկանող հարսանյաց սրահը: 

Հունան Ռուբենյանից հետաքրքրվեցինք՝ աճուրդո՞վ են գնվել հողամասերը։ «Գործող ռեստորան կա՝ կողքի հողերը գնել ա մասնավորից՝ Սաշիկ Աֆյանից, գնել է 11 կտորով՝ վարկով, մինչեւ հիմա էլ դրա տակ ճռռում ենք»: 25 տարի Կոմկուսի անդամ եք եղել, ինչպե՞ս եղավ, որ ՔՊ-ական դարձաք։ «Գտա, որ էդտեղ ա անհրաժեշտ, եւ մեծ հաճույքով գնացի ու դարձա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նաեւ տարածքային խորհրդի նախագահն եմ: Հետո՝ էդպես կոպիտ մի ասեք՝ ՔՊ-ական, ճիշտ արտահայտվեք»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հապավումը ՔՊ է, ինչո՞ւ եք վատ զգում, որ ասում ենք ՔՊ-ական: Իսկ վատ չե՞ք զգում, որ Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանում են դավաճան։ «Վարչապետը նաեւ Ձերն ա, մենակ մերը չի, հետո՝ սխալ են անում, որ ասում են դավաճան: Վարչապետը դավաճանություն չի արել»: Լավ, քաղաքական հարցերը թողնենք, օրեր առաջ վարչապետը հայտարարեց, որ կենսաթոշակը 10 հազար 400 դրամով ավելացնելու են, բայց այդ գումարն ի՞նչ է անելու թոշակառուն։ Դուք թոշակառու եք, մի պահ պատկերացրեք, որ համայնքի ղեկավար չեք, այլ եկամուտ չունեք, Ձեր թոշակը Ձեզ բավարարո՞ւմ է։ «Չի հերիքում, ես հիմա խնայում եմ, որ հետո օգտագործեմ: Բայց ճիշտ ա ասում՝ 10 հազար դրամն էլ չի օգնի, բայց ինչքա՞ն եք ուզում, որ բարձրացնի, դո՞ւք ինչ եք առաջարկում»: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image