Հասարակություն

Վերականգնեք «գռդոնի» ինստիտուտը

Վերականգնեք «գռդոնի» ինստիտուտը

Տղաներ եւ աղջիկներ, էլի ի՞նչ պետք է լինի, որ դուք վերջնականապես հասկանաք, որ տրանսպորտի ռեֆորմը գցել եք ձեր ոտքին: Դե հիմա՝ չի ստացվել ձեզ մոտ, չեք կարողացել բարձրացնել ծանրաձողը: Գնացեք, պատրաստվեք, հետո կգաք: Դեռ 2 փորձ էլ ունեք: Ձեր ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ո՞ւր է, ինչո՞ւ չեք բերում ՔՊ-ի նիստին ու մի լավ մշակում: Ձեռքի հետ էլ Նիկոլի աշխատակազմի ղեկավարն է, չէ՞, Նիկոլի հետ է նստում-վեր կենում: Նա, ինչ է, չկարողացա՞վ քարոզչական այնպիսի ֆոն ստեղծել, որ հպարտ քաղաքացիները, իրար հերթ չտալով, փաթեթներ գնեին ու օգտվեին «էժանացած» տրանսպորտից:

Գոնե գիտե՞ք, որ Երեւանում «գռդոն» ավտոբուսներ են հայտնվել արդեն: Ողեվարձն էլ ոչ թե 150-300 դրամ է, այլ՝ 100: Վարորդները սիրով են ընդունում կանխիկ վճարումը, քաղաքավարի են, մարդիկ էլ սիրով են նստում ու փոխադրվում: Էքսցեսներ չկան, ոչ ոք չի վիրավորում քաղաքացիներին, բոլորը ժպտում են: Մինչեւ 8 տարեկան 1 երեխան երթեւեկում է անվճար, նույն տարիքային խմբի 2 երեխայից «գանձվում է» 100 դրամ: Զինվորականների, ոստիկանների, թոշակառուների, պատերազմի մասնակիցների համար կան ապրիորի զեղչեր՝ չունե՞ս՝ ջանդ սաղ, ոչինչ, մյուս անգամ կտաս…

«Գռդոն» ավտոբուսներից սիրով են օգտվում նաեւ օրինապահ արտասահմանցիները: Անցյալ օրը կողքիս մի գերմանացի էր նստել: Երեսին գույն չկար: Անհանգստացած հարցրի՝ հո վատ չի՞ զգում… Պարզվեց՝ մարդը վախեցած է: Դու մի ասա՝ տեսնելով հայրենական արտադրության ՄԱՆ ավտոբուսը, ուրախ-ուրախ բարձրացել է, բայց երբ ցանկացել է վճարել, բախվել է անհաղթահարելի արգելքների: Բունդես-բանկի քարտը չի գործել, փորձել է կանխիկ վճարել՝ դա էլ չի ստացվել: Վարորդը թռել է սրա դեմքին, քարտը ձեռքից վերցրել, շուռումուռ տվել… Անհանգստացած նեմեցը փորձել է հասկացնել, որ քարտն իսկական է.
- Ja, ja.…
- Յա-ն ո՞րն ա, չհասկացա, հա՛մ տոմս չունես, հա՛մ մուննաթ ես գալի՞ս,- բղավել է վարորդն ու սպառնացել փոլիս կանչել:
Մի ուղեւոր միջամտել է.
- Հարգելի վարորդ, չե՞ք տեսնում, որ նա արտասահմանցի է, ձեւերը չգիտի…
Այդտեղ երկրորդ ուղեւորն է մեջ ընկել, վստահ՝ ՔՊ-ի դրածո.
- Չէ-չէ մի՝ արտասահմանցի է… բոյկոտողներից է, դրանք այդպես են անում՝ իրենց չիմացողի տեղ են դնում, խուլ-համր են ձեւանում… Կյանքներս կերան, էլի՞…

Վերջն էս գերմանացու թեւից բռնել, ավտոբուսից իջեցրել են: Մաշտոցի պողոտայից խեղճը ոտքով հասել է Չարենցի փողոց՝ Գերմանիայի դեսպանատուն, ու պատմել ողջ եղելությունը: Այնտեղ նրան բացատրել են, որ պետք է օգտվել «գռդոն» ավտոբուսներից, որոնք թե՛ ավելի մատչելի են եւ թե՛ ավելի հարմար՝ վճարելու տեսանկյունից: Արդեն մի քանի կանգառ գնացել էինք, բայց գերմանացու երեսին արյունը դեռ չէր շարժվում: Ճերմակ ղուշը՝ ձեզ օրինակ: Որոշեցի զբաղեցնեմ, որ մի քիչ ցրվի… սկսեցի ցույց տալ Պռոշյան փողոցի հիշատակության արժանի շենք-շինությունները՝ սա ռեստորան է, սա՝ քյաբաբնոց, սա Եվրամիության ներկայացուցչությունն է, ձախից ռեյխս-կանցլերի գիշերատեղին է, որին մենք ամառանոց ենք ասում՝ դաչա…
- Ja, ja.…
- Achtung, achtung,- ասում եմ,- սրանք էլ մեր փոլիսներն են, որ հսկում են դաչան…
- Ja, ja.…
Այսպես զրուցելով՝ հասանք եվրոպական արժեքների թեմային: Ես նրան ասացի, որ Արմենիան էլ է գնում ԵՄ, եւ շուտով Երեւանն ու Բեռլինը կդառնան քույր-քաղաքներ: Նա տխուր ժպտաց.
- Բեռլինում մարդուն ավտոբուսից դուրս չեն շպրտում:
- Դե լավ, մոռացիր, բան է՝ պատահել է: Ձեր դեսպանատունը, հավանաբար, կդիմի մեր քաղաքապետին, անախորժությունը կհարթվի: Այ, հիմա մենք ավտոբուսում ենք, եւ մեզ ոչ ոք ավտոբուսից չի իջեցնում, տես՝ բոլոր ուղեւորները ժպտում են, ողջունում ձեզ…
- Ja, ja.… Այս բասը արժանի է ԵՄ գնալու…
- Օ՜, nein… Nein ԵՄ, սա ԵԱՏՄ գնացող բաս է:
- ԵԱՏՄ-ն ի՞նչ է,- աշխուժացած հետաքրքրվեց գերմանացին:
- Արի իջնենք՝ կասեմ, սա քո կանգառն է:
Իջանք:
- Ուշադիր նայիր, մենք ո՞ր համարի ավտոբուսից իջանք:
- 11:
- Իսկ դու ո՞րն էիր նստել, հիշո՞ւմ ես:
- 7:
- Զարմանալի չէ՞:
- Չէ…
Սփրթնելու հերթն ինձ հասավ…
- Այ մարդ, նստել ես 7 համարը, իջել 11 համարից ու չես զարմանո՞ւմ…
- Mein Gott…
- Տեղ հասա՞վ… Հիշո՞ւմ ես, մի հայտնի երգ կար՝ «Я уехал в Петербург а приехал в Ленинград…»: ԵԱՏՄ-ն այդպիսի բան է, որ ինչքան էլ գնաս Պետերբուրգ, միեւնույն է, հասնելու ես Լենինգրադ … Ֆըռշտյե՞ն:
- Ja, ja.

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image