Քաղաքականություն

Ինչպե՞ս պայմանական հրեշտակները դարձան իրական հրեշներ

Ինչպե՞ս պայմանական հրեշտակները դարձան իրական հրեշներ

Ինձ ամենահաճախ տրվող հարցն այն է, թե դու այդ մարդկանց` նկատի ունեն իշխանության առաջին դեմքին եւ նրա ենթականերին, անձամբ ես ճանաչել, նրանց հետ աշխատել ես, լավ` այն ժամանակ կպատկերացնեի՞ր, որ նրանք ընդունակ են այսպիսի վարքագծի, ընդունակ են այսպիսի հանցագործությունների, թե՞ այն ժամանակ նրանք այլ մարդիկ էին, հետո փոխվեցին: Ես միշտ պատասխանում եմ, որ, իհարկե, այդ մարդիկ այն ժամանակ չէին կարող իրենց դրսեւորել այնպես, ինչպես դրսեւորում են այսօր, որովհետեւ այն ժամանակ չունեին իշխանություն: Օրինակ, ժամանակին մարդասեր ու հումանիստ ներկայացող Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարող էր ԱԱԾ-ին կամ ոստիկանությանը կարգադրել, որ մարդկանց փռեն ասֆալտին կամ ծեփեն պատերին, հանգիստ ու անշառ բնավորությամբ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ինչպե՞ս կարող էր սպառնալ՝ կտրել մարդկանց լեզուները, կամ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ո՞նց կարող էր նախորդ կյանքում գողական գնալ: Արդյո՞ք իշխանությունն է մարդու մեջ ծնում բացարձակ չարիքը, թե՞ իշխանությունը ընդամենը մարդու մեջ բացահայտում է այդ թաքնված չարիքը, հնարավորություն է տալիս, որ այն ինքնադրսեւորվի:

Հոգեբաններն այդ հարցի պատասխանը տվել են, եւ երբ ինձ նման հարցեր են տալիս, մտքովս միշտ անցնում է արմատներով իտալացի Ֆիլիպ Զիմբարդոյի կողմից իրականացված «ստենֆորդյան բանտային գիտափորձը»: Զիմբար­դոն Ստենֆորդի համալսարանի հոգեբանության դասախոս էր եւ իր գիտափորձով փորձեց բացատրություն տալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հոգեբաններին եւ սոցիոլոգներին հուզող հարցին, թե ինչպես ստացվեց, որ կիրթ եւ դաստիարակված գերմանացիները վերածվեցին մարդակեր նացիստների, որտեղի՞ց առաջացան այն մարդիկ, ովքեր պատրաստ էին բանտախցերում տանջել հազարավոր մարդկանց, առանց խղճի խայթի ու վարանման՝ գազային խցերում խեղդել միլիոնավորների, համակենտրոնացման ճամբարներում ծաղրել ու տանջամահ անել իրենց նման շարքային մարդկանց, որոնց հետ գուցե կողք կողքի ապրել էին ու աշխատել ժամանակին, որտեղի՞ց հայտնվեցին այդքան հրեշներ`մարդկային դեմքն ու էությունը կորցրած: 

1971 թվականին Ֆիլիպ Զիմբարդոն համալսարանական թերթում հայտարարություն է տալիս, որ փնտրում է կամավորներ, ովքեր կցանկանան մասնակցել մի գիտափորձի, որը պայմանական կարելի է անվանել «կալանավորներ եւ բանտապահներ»: Հավաքվում է 24 կամավոր, որոնց Զիմբարդոն բաժանում է հավասար երկու խմբի: Համալսարանի նկուղում սարքում է պայմանական բանտ` ճաղավանդակներով, եւ անգամ՝ պատժախուց: Պայմանական հանցագործներին հագցնում է կալանավորի հագուստ, իսկ բանտապահներին տալիս է մահակներ, հայելային ակնոցներ, համազգեստ, մի խոսքով՝ ինչպես իրական բանտում: Երկու շաբաթ նախատեսված գիտափորձը տեւում է ընդամենը 6 օր, որովհետեւ Զիմբարդոն եւ գիտափորձին հետեւող այլ մարդիկ սարսափով են տեսնում, թե ինչպես են բանտապահներն անմիջապես մտնում դերի մեջ եւ սկսում ծաղրել ու նվաստացնել բանտարկյալներին, ճնշում են նրանց ցանկացած փորձ, որն ուղղված է իրենց պայմանների բարելավմանը, ընդհակառակը` սկսում են լավ վերաբերվել եւ խրախուսել իրենց հաճոյացողներին, իրենց հետ համագործակցելու պատրաստներին, իրենց հրահանգները կատարող հնազանդներին: Գիտափորձի երրորդ օրն արդեն երեք «բանտարկյալի» նյարդեր տեղի են տալիս, եւ նրանք հրաժարվում են մասնակցել դրան, մյուսները հայտնվում են նյարդային եւ ընկճված վիճակում: Մինչդեռ պայմանական բանտապահներն իրենց շատ լավ են զգում եւ ուզում են հնարավորինս երկար մնալ այդ դերի մեջ: Գիտափորձի արդյունքում Զիմբարդոյի հետեւությունն այն էր, որ մարդկային հոգեբանությունը շատ էլաստիկ է, ճկուն, կախված արտաքին պայմաններից` նույն մարդը կարող է լինել եւ շատ մարդկային ու բարեհամբույր, բայց կարող է վերածվել գազանի` պատրաստ հոշոտելու իր նմանին` համակուրսեցուն, համաքաղաքացուն, համերկրացուն, եթե նրան նման իրավունքներ տաս:

Հիմա գրեթե նույնատիպ իրավիճակ ունենք մեր երկրում. Նիկոլ Փաշինյանն ու նրա ձեւավորած իշխանության մեջ հավաքված մարդիկ իրենց դրսեւորում են որպես բանտապահներ, իսկ երկրի շարքային քաղաքացիներին վերաբերվում են որպես իրենց իշխանության տակ գտնվող կալանավորների: Փաշինյանը խրախուսում է հատկապես այն բանտապահներին, ովքեր իրենց պահում են առավել ցինիկ ու դաժան, ովքեր չունեն ներքին բարոյականություն եւ պատրաստ են իր նման ու իրենից ավելի շատ վիրավորել հասարակությանը, նվաստացնել ու ծաղրել մարդկանց, թքել ու քացի տալ իրենց ընդդիմացողներին, քրեական գործեր կարել ու պատժախուց ուղարկել առավել անհնազանդներին: Եվ ընդհակառակը՝ խրախուսում է բոլոր նրանց, ովքեր համագործակցում են իր վարչախմբի հետ, նրանց առաջարկելով ավելի լավ եւ կոմֆորտ բանտային պայմաններ: 

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բողոքում է Փաշինյանի ստեղծած բանտային պայմաններից եւ ուզում է ազատագրվել դրանից: Փաշինյանին առայժմ հաջողվում է խաբեությամբ եւ բռնությամբ պահել իշխանությունը: Շատերին թվում է, թե այս բանտարկությանն ընդամենը մեկ տարի է մնացել, եւ մեկ տարի հետո ամբողջ հասարակությունը եւ երկիրն «ազատական» կստանա Փաշինյանից եւ իր խմբից: Փաշինյանը, հակառակը` մտածում է, թե ինչպես շարունակել մնալ բանտապահի դերում՝ հասկանալով, որ կարող է դերերի փոփոխություն լինել, եւ նախկին բանտապահներն իրենք կարող են հայտնվել կալանավորի դերում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image