Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այսօր «civilnet» կայքի միջոցով հերքել է «Հրապարակ» օրաթերթի դեկտեմբերի 17-ին հրապարակված հոդվածում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ թոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գնումների դիմաց նախատեսված հետվճարների կիրառումը հետաձգվել է մինչև ապրիլ, ինչի հետևանքով նրանցից յուրաքանչյուրը կկորցնի մինչև 30.000 դրամ։
Իրականում սակայն թոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գնումների դիմաց հետվերադարձը հիմա էլ է իրականացվում, և թոշակը կամ նպաստը քարտով ստացող յուրաքանչյուր շահառու, կարող է օգտվել հետվճարից՝ առանց որևէ հետաձգման։ Իսկ ապրիլի 1-ը վերաբերում է կառավարության որոշմանը, որի համաձայն 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով։
Քանի որ թեման զգայուն է, շոշափում է մեծ թվաքանակով մարդկանց կենսական շահեր, ընդունում ենք, որ սխալ ենք հասկացել Արսեն Թորոսյանի «լայվը», որում նա բառացի ասում է հետեւյալը. «Անկանխիկ եղանակով առեւտուր անելու դեպքում դուք կարող եք ստանալ հետվճար, ըստ էության, բարձրացնելով ձեր թոշակներն ու նպաստները 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը եւ հետեւաբար անկանխիկ եղանակով թոշակ եւ նպաստ ստանալը եւ օգտագործելը նաեւ ձեռնտու է: Երկրորդը վերաբերում է ամսաթվերին: Մենք որոշել ենք, որպեսզի սահուն անցում տեղի ունենա, ուժի մեջ դնել այդ ամբողջական կարգավորումը ոչ թե հունվարի 1-ից, այլ ապրիլի 1-ից»:
Փաստորեն, «ամբողջական կարգավորում» ասածը վերաբերում է միմիայն 58 հազար թոշակառուներին, որոնք իրենց կենսաթոշակը ստանում են «Հայփոստի» միջոցով: Նկատենք, որ նախարարի խոսքը կարելի է այլ կերպ էլ հասկանալ: Ինչեւէ, այս ճշգրտումից կատարվող փոփոխության անմարդկային բնույթը չի փոխվում: 58 հազար ՀՀ քաղաքացիներ իրավունք ունեն անձամբ որոշելու, թե իրենց կենսաթոշակի ստացման որ եղանակն են նախընտրում: Իսկ 10 հազար դրամը, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը, ոչինչ չի փոխում կենսաթոշակառուի կյանքում, քանի որ նա չգիտի, ինչպես դա ծախսել:
Ինչ վերաբերում է ժամկետների փոփոխությանը, սա եւս «լավություն» չի 58 հազար թոշակառուի համար, որոնք կանխիկ գործարքներ են նախընտրում: Իրականում այս երեք ամիսը ոչինչ չի որոշում: Նրանց իրավունքը միեւնույն է, խախտվում է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը, որը ավելի պարզ է կարողանում ձեւակերպել իր մտքերը, քան իր ղեկավար Արսեն Թորոսյանը, նույն կայքին պարզաբանել է, որ մինչև ապրիլի 1-ը ժամանակ է տրամադրվել, որպեսզի այն քաղաքացիների համար, որոնք ներկայումս չունեն կենսաթոշակ կամ նպաստը անկանխիկ եղանակով ստանալու հնարավորություն, օրինակ՝ առողջական վիճակի պատճառով չեն կարող տնից դուրս գալ կամ ունեն այլ տեխնիկական խոչընդոտներ, մշակվեն համապատասխան մեխանիզմներ՝ նրանց ևս համակարգում ներառելու համար։
Կապրենք, կտեսնենք, թե ինչ մեխանիզմ է մշակում կառավարությունը անկողնային, միայնակ թոշակառուների համար, որոնք տանից դուրս չեն գալիս, նրանց համար, ովքեր չեն կարող օգտվել բանկոմատից տարրական պատճառներով՝ օրինակ, որովհետեւ վատ են տեսնում, կամ ձեռքերն են դողում, ու ուղեկցող չունեն: Այս ամենը խոստանում ենք լուսաբանել ամենայն մանրամասնությամբ եւ աչալրջորեն: