Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր Դատախազությունից:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն և պաշտոնեական կեղծիքներ կատարելուն: