Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»:
Այդպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին։
Հայտնի երևույթ է, որ դիվանագիտության մեջ ոչ միայն ուղիղ խոսք չեն ասում, այլև ուղիղ խոսքն ասում են ոչ համապատասխան պաշտոնյայի կամ կառույցի միջոցով: Ենթադրում եմ, որ կրթությամբ պատմաբան Արոն վերջին հինգ տարիների ընթացքում պետք է որ ուսումնասիրած լիներ առնվազն դիվանագիտության այբուբենը:
Ու պետք է իմանար, որ նման գաղափարները հենց այնպես չեն գեներացվում: Բայց անկեղծ ասած, վստահ չեմ, թե ՀՀ ԱԳ նախարարը տեղյակ է վերն ասվածին: Եթե տեղյակ չէ, ապա դա լավ չէ:
Իսկ եթե տեղյակ է, ու նման արձագանք է տվել, դա, մեղմ ասած, թուրքահպատակություն ընդունելու ազդանշան է:
Վերջերս մի քանի անգամ անդրադարձել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից էկոնոմիկայի նախարար նշանակված Պապոյան Գևորգի մտքերին կամ գործողություններին:
Մեկուկես տարի այդ պաշտոնը զբաղեցնող Պապոյանն իսկական նիկոլական է, չնայած մինչ այդ եղել է հանրապետական: Եթե ի դեմս Նիկոլի մենք չունենայինք ազգային խայտառակության առաջնորդ, ապա Պապոյանը կլիներ այդ կոչմանն արժանի թեկնածուների թոփ հնգյակում: Այդ պատվավոր տեղը նրա համար ապահովել են թե՛ նախկին և թե՛ հատկապես վերջին գործողությունը:
Ֆեյսբուքյան գրառումներից տեղեկանալով, որ վրացի մաքսավորները մեր բեռնատարների վարորդներից կաշառք են պահանջում սահամանն անցնել թույլատրելու համար, Պապոյանը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե:
Որպես էկոնոմիկայի նախարար և տնտեսագիտության գծով գիտությունների թեկնածու՝ Պապոյանը երևի պետք է իմանար, որ վրացի մաքսավորները ենթակա չեն ո՛չ Հայաստանի օրենսդրությանը և ո՛չ էլ ՀՀ իրավապահ համակարգին:
Բայց դե, երևի ինքը տեղյակ չէ, ու ըստ այդմ, վաստակում է ազգային խայտառակության առնվազն թիվ երկրորդ կորմանն արժանանալու պատվին: Անցնենք ոչ իշխանավոր նիկոլական խավին: Նախկին վարչապետ Սարգսյան Արամը ոգևորվել է ԱՄՆ նախագահի՝ «Մենք այնտեղ հրաշք ենք գործել, խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է» արտահայտությունից:
Ու իր կողմից էլ ավելացնում է, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ հենակետը տարածաշրջանում:
Ինչպես երևում է, Արամը մշտապես չի հետևում նախագահ Թրամփի խոսույթին, այլապես կիմանար, որ նա, իր ասելով, անընդհատ հրաշքներ է գործում, բայց արդյունքներ ոնց որ թե չեն գրանցվում: Հետո ստիպված է լինում անընդհատ կարծիք փոխել:
Բայց, ինչպես երևում է, դա նորմալ երևույթ է քաղաքականության մեջ: Բայց Դ. Թրամփն, ի տարբերություն այլ ղեկավարների (Մակրոն, իրար փոխարինող անգլիական ու գերմանական վարչապետներ և այլն), արդեն կերտել է մի հրաշք:
Եվ եթե իրենից հետո հետնահանջ չարվի, ապա նրա անունը կհիշվի դարեդար՝ թեկուզ դա չլինի Խաղաղության նոբելյան մրցանակ, ինչին ձգտում է ինքը:
Դա մարդու իրավունքների առումով գլոբալիստական անհեթեթություններից մեկն է. այդպիսի բան էլ է լինում:
Երբ որևէ անձ՝ կախված ժամանակից կամ նույնիսկ եղանակից, իրեն այլևայլ մարմիններում է զգում: Առավոտյան նա տղամարդ է, կեսօրին՝ կին, իսկ երեկոյան կամ աշնանն, ասենք, ոզնի:
Դ. Թրամփի, որպես արևմտյան քաղաքակրթության հզորագույն երկրի ղեկավարի, մեծագույն վաստակն այդ աննորմալությունը կանգնեցնելն էր:
Ինչ մնում է Հայաստանի՝ ԱՄՆ-ի հենակետի վերածվելուն, ապա մեր երկիրը Նիկոլի ջանքերի շնորհիվ հանձնվել է Թուրքիային, որը վաղուց ԱՄՆ-ի հենակետն է՝ չնայած նրանց միջև մերթ ընդ մերթ առաջացող խնդիրների:
Ու չեմ կարծում, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է մեկ այլ հենակետ՝ ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ չէր 100 տարի առաջ, երբ Կոնգրեսը մերժեց Հայաստանի առաջին հանրապետության մանդատը ստանձնելու առաջարկը:
Մեկ այլ արևմտամետի ասելով, Մեղրիի ճանապարհի ռուսական և ամերիկյան առաջարկները համարժեք չեն. «Մեկն ուղղված է Հայաստանի տարածքի վերածմանը օտար վերահսկվող միջանցքի՝ առանց որևէ իրավական վերահսկողության, իսկ մյուսը՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման՝ Հայաստանի իրավազորության լիարժեք պահպանմամբ»։
Ռուսական տարբերակը ներկայացված էր եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Ամերիկյանի առումով ընդամենը իմացանք, որ վարձակալվելու է 100 տարով:
Թե ինչ մանրամասնություններով, ենթադրաբար, դեռևս չեղյակ չի դրա հեղինակը՝ ով էլ այն լինի, այլապես դրանք կներկայացվեին էն գլխից:
Բայց Բաբաջանյան Արմանը որոշել է, որ «այն չի նախատեսում միջանցք, այլ առաջարկում է ապաշրջափակում՝ չեզոք մասնավոր կառույցի ներգրավմամբ, որը գործելու է բացառապես Հայաստանի օրենսդրության և իրավազորության ներքո։
Հայաստանի մաքսային, սահմանային և իրավական վերահսկողությունը մնում է ամբողջությամբ ուժի մեջ»։
Ինչպես տեսնում ենք, հնչում է հայրենասիրական ոգուն համաձայն:
Բայց եթե հայ մաքսավորն ու սահմանապահը մնալու են, ապա դա, նախ, հենց այն է, ինչ առաջարկում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ու մերժում է ստանում Իլհամից:
Եվ այդ պարագայում ի՞նչ իմաստ ունի արտասահմանյան ինչ-որ ընկերությանը տարածք վարձակալության հանձնելը, որպեսզի գումար աշխատի ինքը և ոչ թե Հայաստանը:
Եվ երկրորդ, Նիկոլը ցանկանում է լեզու գտնել Իլհամի հետ, իսկ վերջինս դեմ է ոչ միայն հայ սահմանապահների ու մաքսավորների ներկայությանը, այլև ընդհանրապես միջանցքն արտապատվիրակելուն: Եվ այն պետք է վերածվի, ըստ Իլհամի, ադրբեջանական տարածքի: