Քաղաքականություն

Նիկոլին տարեք, դրեք Թրամփի տեղը` 4 տարում Ամերիկան կքանդի

Նիկոլին տարեք, դրեք Թրամփի տեղը` 4 տարում Ամերիկան կքանդի

Եթե կարճ, ապա պետք է ասել՝ Փաշինյանը մեզ չհասավ, մենք հասանք Փաշինյանին: Իջեցրինք մեր նշաձողը, իջեցրինք, իջեցրինք, իջանք, իջանք ու հասանք նրա մակարդակին: Գիտեք, չէ՞, ինչ է տեղի ունենում, երբ խոզին մտցնում ես պալատ: Խոզը թագավոր կամ իշխան չի դառնում, գրողը տանի, բայց շքեղ պալատը վերածում է խոզանոցի, իր գլխին է հավաքում ցեղակիցներին, որոնք, որպես կանոն, գլխաքանակով չեն զիջում ոչ մի շնչավորի՝ անասուն լինի, թե մարդ, ու աստիճանաբար իրենց խոզահոտը տարածում ամենուր: Համեմատելու եզր էլ չի մնացել. Հայաստանն ո՜ւր, «իրական Հայաստանը»` ուր: Բոլորս իջել, ժողովրդից վերածվել ենք իրական Հայաստանի կոնտինգենտի, ու մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է: Չանձնավորեք, խնդրում եմ, ասածներս: Նիկոլը չլիներ, Պողոսը լիներ… Եթե նա նույնկերպ վարվեր ժողովրդի պալատի հետ, նույն բանն էի ասելու:

Ո՞ւր են Հայաստանի երբեմնի տնտեսությունը, արդյունաբերությունը, զինուժը, դպրոցները, համալսարանները, գիտության կաճառները, ո՞ւր են հայ աշխատավորը, հողի մշակը, ուսուցիչը, ճարտարապետը, գիտնականը, մշակույթի գործիչը, մտավորականը, քաղաքական գործիչը… Չէ, կենտրոնում մի կիսագրագետ արարած է, ու ամեն ինչ պտտվում է նրա շուրջ: Իսկ որ ուղղակի սարսափելի է, նրա շուրջ է պտտվում նաեւ մեր պատմությունը՝ նրա կարճ ուղեղին ու քիմքին հաճելի խեղաթյուրումներով: Սա է ամբողջը: Մի անգամ մտավ պալատ ու մունդռեց ամեն ինչ: Կուզե՞ք Նիկոլին տարեք, դրեք Թրամփի տեղը… Չորս տարում Ամերիկան քանդի այնպես, որ աշխարհի բերանը բաց մնա: Թերահավատ եվրոպացիներն ու չինացիները կասեն՝ ձեւ չկա Ամերիկան քանդելու: Ո՞նց չկա… Ուրեմն դուք Նիկոլին վատ եք ճանաչում: Որ Մեքսիկային պատերազմ հայտարարի ու պարտվի, ի՞նչ եք ասելու: Դա դեռ ոչինչ… Բա որ հայտարարի՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու: Ո՞ր մեկն ասեմ: Նիկոլից բացի ո՞վ կարող է Վիետնամ ու Աֆղանստան տեսած ամերիկացիներին բացատրել, որ ամեն պարտություն չէ, որ պարտություն է, եւ ամեն հաղթանակ չէ, որ հաղթանակ է: Դե իսկ հետո կգա ամերիկացի զինվորներին հայրենասիրության դասեր տալու ժամանակը՝ հայրենիքն ու հայրենասիրությունն այն չէ, որ դրա համար զինվորը զոհվի… Էլ ի՞նչ Ամերիկա կդիմանա Նիկոլի նման զուլումին: Ու եթե անգամ այս ամենից հետո էլ Ամերիկան չքանդվի, ապա տրանսպորտը կթանկացնի, հարկային օրենսդրությունը կխառնի իրար, Ջհանգիրյանի կամ նրա նման մեկին փողոցից կտանի, կդնի ԲԴԽ-ի նախագահ, վերջապես՝ կսկսի բյուջեն լափել՝ ավտոշարասյունը նահանգից նահանգ քշելով… 4 տարում այնպիսի բաներ կանի, որ ամերիկացի շարքային հարկատուները շշկռեն:

Չինաստանի ու Հնդկաստանի բախտը բերել է, որ Նիկոլի նման ղեկավար չունեն: Թայվանն ու Փենջաբը 40 օրում կհանձներ, կկանգներ մի կողմ. բա մեզ Թայվանի նման դժգույն կղզի պե՞տք ա, բա մեզ Փենջաբի պես դժբախտ նահանգ պե՞տք ա… Թայվանն ու Փենջաբը տանք, հանգիստ ապրենք…

Վերեւում պալատից խոսեցինք: Լավն էր, վատն էր՝ մեր պալատն էր: Եվրոպացու պես չէինք ապրում, բայց կովկասյան թաթար էլ չէինք: Այսպես ասեմ՝ մենք էինք մեր գլխի տերը: Մեր դժվարությունը մերն էր, մեր ցավը՝ մերը, մեր հաղթանակն ու անունը՝ մերը: Այսօր չգիտենք՝ թուրք-սելջուկ ենք, թե թափառական մոնղոլի շառավիղ: Ամբողջը խառնեց իրար, մեր հինավուրց Արցախը հայտարարեց Ադրբեջան, դահիճ թուրքի ձեռքերը մաքրեց մեր արյունից ու իր ոտով գնաց, հավասարվեց շուն Թալեաթին: Հայոց բանակի մաման այնպես լացացրեց, որ չի էլ կարողանում մի նորմալ խոսք ասել այդ բանակի ծննդյան օրվա առթիվ: Ամեն տարի մի հատ Ծիծեռնակաբերդ բարձրանալ-իջնելը վերածում է էշի հարսանիքի: Սարդարապատում ռուսական մարշեր նվագեց, Կաթողիկոսի առաջը փակեց, Մայր տաճար էին վերաօծում՝ պատարագի կեսից փախավ: Կնգան էլ մի շոր էր հագցրել, որից սրբադասված հոգիներն անգամ վեր թռան: Բա ցեղակիցնե՜րը… Մի Վահագն Խաչատուրյան ունի՝ նախագահ է աշխատում: Մայր Աթոռում դրա դեմքը տեսնողը, ճիշտ եմ ասում, կհրաժարվեր քրիստոնեությունից: Ու մենք էս ի՞նչ միլլեթ ենք, որ ներում ու տանում ենք այս ամենը: Մեկուկես միլիոն հայի արյունն ուրանաս ու ասես՝ ես փիլիսոփա՞ եմ, 5 հազար ջահել տղու թաղես ու օֆ չանե՞ս, զորանոցում 15 զինվորի ողջակիզես ու հրշեջների ճիշտ ժամանակին հասնելո՞ւց խոսես, հայրենիք ու երկիր ոտնակոխ անես, մի ողջ ժողովրդի խայտառակես, որ քո պաշտո՞նը պահես:

Չէ, մենք իսկապես հերոս ենք, հերոս ժողովուրդ… Սոված էլ ենք մնացել, ծարավ էլ, առանց ջերմության ու լույսի էլ… Սովոր ենք: Բայց այսպիսի անտանելի խոզահոտ երբեք չի տիրել մեր շուրջը, մեր պալատում: Մարդու ուղեղ արդեն կախում է՝ էս ինչ տձեւ է ամեն ինչ, ի՜նչ աղավաղված, լպրծուն, մի նորմալ պատկեր չկա, որ մարդ ըմբռնի դրա գիծն ու գույնը, ամեն ինչ գլխիվայր է, ամեն ինչ՝ այս ազգակործան պատուհասների ձեռքով խզբզած: Մտածում եմ՝ սրանք է՞լ ինչ պետք է անեն, որ էս կախած ուղեղով ժողովուրդը, ես էլ նրանից մեկը, ոտքի կանգնի, սահման գծի իր ու այլմոլորակային այս չումայի միջեւ: Հասել ենք հանձնվելու եզրին, մեզ հասցրել են, իջեցրել իրենց մակարդակին ու հեծնել վրաներս: Քշում են՝ ոնց ուզում են, բայց մենք դեռ տոկում ենք, դիմանում: Ձեռքները գրպաններումս բռնել ենք, բայց մտածում ենք՝ հը՞, կարող ա՞ սրանց մեջ դեռ մարդկային մի բան կա: Ու ինձ թվում է՝ մենք իսկի ժողովուրդ էլ չենք, մենք պարադոքս ենք, նոնսենս:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image