Քաղաքականություն

«Հրապարակ». Բլթացնում են շատերը, պատժվում է մեկը

«Հրապարակ». Բլթացնում են շատերը, պատժվում է մեկը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ առավոտյան ֆեյսբուքյան իր էջով անսպասելի հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաեւ՝ ինքնաբացարկ է հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ 

Հռիփսիմե Հունանյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել 2025-ի հոկտեմբերին։ «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձեւակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը։ Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, եւ երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից: Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ եւ ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար»,- պարզաբանել է իշխանական պատգամավորը։ 

Խորհրդարանի անդիպլոմ պատգամավորներից Հռիփսիմե Հունանյանը բազմիցս է աչքի ընկել աղմկահարույց հայտարարություններով, որոնք բուռն քննարկվել են հանրության շրջանում, վերջին նմանօրինակ հայտարարությունը երկու օր առաջ էր, խորհրդարանում քննարկման ժամանակ նա հայտարարել էր, թե «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաեւ պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»։ Այս արտահայտությունը, իհարկե, ավելի քիչ քննարկվեց, քան նրա նախորդ հայտարարությունները, սակայն Փաշինյանի համար առիթ դարձավ, որ ընտրությունների շեմին լուծի Հռիփսիմե Հունանյանի հարցերը՝ կարծելով, որ նա «խայտառակում է ռեսպուբլիկա», եւ նրա նմանների պատճառով է ՔՊ-ն վարկանիշ կորցնում։

Նախօրեին Հունանյանին ՔՊ վարչություն են կանչել եւ մեղադրյալի աթոռին նստեցնելով` խարազանել: Հիշել են բոլոր հին ու նոր «մեռելներին», բոլոր աղմկոտ հայտարարությունները եւ պատգամավորից բացատրություն են պահանջել՝ հատո՞ւկ է անում, որ ՔՊ-ին թիրախավորեն, քացու տակ գցեն իր ասածների համար։ Կարելի է կարծել, որ Հռիփսիմե Հունանյանը ՔՊ-ի միակ բլթացնողն է, մնացած բոլորը փորձառու եւ ճարտար քաղաքական գործիչներ են, որոնք կշռադատված խոսք ունեն, հաշիվ են տալիս իրենց ասած- արածների համար, հազար չափում` նոր խոսում ու երբեւէ նման կիքսեր թույլ չեն տվել: Օրինակ, ընդդիմադիր գործչին տեսախցիկների առջեւ չեն ասել՝ լեզուդ, ականջներդ կկտրեմ, ինչպես Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին, կամ` չեն թքել մարդկանց երեսին, նախապես թիկնապահներով ձեռքերը բռնելուց հետո, ինչպես Ալեն Սիմոնյանը: Սրբազանների հասցեին ամենավերջին փողոցայինի պես չեն խոսել, «դոմփել» բառը չեն օգտագործել ու չեն առաջարկել կաթողիկոսին` ստուգել սեփական առնանդամը, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Այս ամենի մոտ Հռիփսիմե Հունանյանի արածները, իհարկե, անմեղ կատակներ են: 

Բայց ՔՊ-ում քավության նոխազներ են փնտրում եւ Հունանյանին կանչել են «կառափնարան», «շան լափ թափել գլխին» եւ հասկացրել, որ շանս չունի ո՛չ պաշտոնում մնալու, ո՛չ` ցուցակում։ ՔՊ-ում եւս շոկի են ենթարկվել՝ իմանալով Հունանյանի «դատավճռի» մասին, կուլիսներում խոսում էին, որ Փաշինյանն իրականում Հունանյանից ազատվում է ոչ թե իր արտահայտությունների համար, այլ այն պատճառով, որ Հունանյանն այնքան էլ կառավարելի ու կանխատեսելի չէ: Այս որակների համար էլ ՔՊ խմբակցությունում նրան հարգում են եւ անցած հոկտեմբերին ընտրեցին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, չնայած առաջադրվել էր նաեւ ՔՊ հնաբնակներից մեկը` Զարուհի Բաթոյանը։ Իսկ Փաշինյանին պետք են առանց որեւէ ֆանտազիայի իր հրամանները ստրուկի պես կատարող մարդիկ։ 
Փաստորեն, ԱԺ առողջապահության հանձնաժողովի վրա նախագահ չի գալիս․ նախորդ նախագահին` Նարեկ Զեյնալյանին նույնպես Փաշինյանը sms-ով ազատեց պաշտոնից եւ զրկեց մանդատից։ Հիմա Հունանյանի հերթն էր: Երեկ նա փակվել էր խորհրդարանի իր աշխատասենյակում եւ հրաժարվում էր մեկնաբանություններ տալ լրագրողներին։ Նրա մոտ ելումուտ էին անում որոշ գործընկերներ, հավանաբար, մխիթարում էին նրան, պատգամավորն անգամ չմասնակցեց կառավարության հետ հարցուպատասխանին։ ՔՊ-ական այլ պատգամավորներ էլ էին հրաժարվում մեկնաբանել կատարվածը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image