Հոկտեմբերի 21-ին՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից մեկ օր առաջ Վաղարշապատ համայնքի Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։
Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ» քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։
ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ:
Նվերները փոխանցողների թվում նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու է եղել (հարթակում կանգնելու միջոցով)։
Նշվածը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը:
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցում են, որ տեղի ունեցածով նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով /Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը/»։
Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում (որին միացվել է նաև Խոյ համայնքը) տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: