Քաղաքականություն

Դուք բզբզում եք, մենք կործանում ենք

Դուք բզբզում եք, մենք կործանում ենք

Բարկացած Արարատ Միրզոյան չէինք տեսել։ Արտգործնախարարի նորացված այս տարբերակը, կարելի է ասել՝ Միրզոյան-պրոմաքս-2026 կամ ավելի նորաձեւ՝ ուղղակի Միրզոյան-26, հանդես է գալիս, ինչպես ասում են, նույն «կորպուսով», բայց ունի, կարծես, նոր կարգավորումներ՝ բարկանալ, տաքանալ, խոսել արտահայտիչ ժեստիկուլյացիայով, օգտագործել մանիպուլյացիոն համեմատություններ, հերքել ամեն ինչ ու ամեն կերպ, կիրառել արտիստիզմ, օգտվել փաշինյանական լեքսիկոնից։ Ենթադրելի է, որ կարգավորումներում հաստատ կա նաեւ սպառնալու եւ հայհոյելու հնարավորությունը, բայց դրանք արտգործնախարարը դեռեւս չի կիրառում։ Դա էլ կլինի։ Ինքն ասաց, որ առաջիկա ամիսներին մանիպուլյացիաները կթեժանան եւ կակտիվանան քաղաքական դաշտում, թերեւս, նկատի ունենալով իրենց ընդդիմախոսներին, բայց՝ ինչեւէ։ Պատրաստվում են ընտրություններին, եւ նոր տարբերակով Արարատ Միրզոյանը պատգամավորների հարցերին պատասխանում էր անբռնազբոս ու ինքնավստահ․ 26 տոկոսանոց հաջողություն գրանցած բանակցողի ինքնավստահություն չէր դա, անգամ 74 տոկոսից էլ բարձր էր։

ԹՐԻՓՓ-ում 26 տոկոսի հայկական մասնաբաժինը «Հայաստանի ողորմելիության ինդեքս» էր գնահատել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Դուք եք ողորմելի, որ «Հայռուսգազարդը», Իրանից գազատար խողովակը, պարտքի դիմաց գույքը եւ ինչ-որ էլի գույքեր տվել եք այլ պետության»,-  մոտավորապես այսպիսի պատասխան է տալիս այդ գնահատականին մի իշխանության ներկայացուցիչ, որն այլ պետությանը՝ ամենածանր ու ցավալի սցենարով տվել է մեր հայրենիքի մի մեծ հատված։ Կորցրել է Արցախը՝ 100%-ով, մոռացել է դրա մասին, մեղադրել է ուրիշներին, նախկիններին, բոլորին միասին եւ յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին, փակել է այդ էջը, թշնամուն դարձրել է բարեկամ, սկսել է արդեն առեւտուր անել, ճանապարհ է տվել՝ անխոչընդոտ, անդադար շնորհակալություններ է հայտնել։ Ամեն ինչ լավ է։ Հիմա ի՞նչ են ուզում այդ նախկինները, ինչո՞ւ են գալիս իրենց գրառումներով ու հոռետեսությամբ փչացնում այս մարդկանց տոնը․ խաղաղություն է, 26 տոկոսը ձեռքբերում է, Արցախը Ադրբեջան է, եւ վերջ, ի՞նչ են անվերջ բզբզում։

Եվ, ուրեմն, մեջբերում ենք Միրզոյանի խոսքից․ «․․․Ու ի՞նչ եք ուզում, անընդհատ բզբզում, բզբզում եք, որ լրիվ վատ լինի, որ լրիվ կործանենք․․․»։ Ամբողջ ելույթում, որտեղ կային բազմաթիվ խոցելի պնդումներ, այս հատվածն ուղղակի խոցում է լսողի սիրտը։ Այստեղ անգամ բարկություն չէ, որ հնչում է, այլ, կարծես, խնդրանք՝ մի արեք այնպես, որ առանց այդ էլ վատը ավելի վատ դառնա, որ հանկարծ վերջնական չկործանենք։ Ուրեմն, նոր տարբերակով խոսող Միրզոյանի մեջ, համենայնդեպս, ամբողջությամբ ջնջված չեն անկեղծության եւ մեղքի զգացման կարգավորումները։ Դրանք թաքնված են ենթագիտակցության շերտերում ու էմոցիոնալ պահին ի հայտ են գալիս՝ հռետորի կամքից լիովին անկախ։ Հոգեբանները կասեն ու կհաստատեն, որ վատը լավ ներկայացնել հնարավոր է, բայց համոզիչ չէ, երբ դրանց ամբողջ հոգով չի հավատում հռետորը, եթե նա գիտակցում է իրական իրականությունը։ Այդ դեպքում այն թաքցնելու համար շատ ավելի մեծ ջանքեր, մեծ արտիստիզմ եւ էլի լիքը այլ հատկանիշներ են պետք։

Եվ, իհարկե, տպավորիչ էր Վարդան Օսկանյանի պատասխանը, տպավորիչ՝ իր սառնասրտությամբ։ Սա էլ, թերեւս, հոգեբանական ճիշտ հակառակ դրությունն է, երբ մարդն արդեն ապացուցված է համարում իր կանխատեսումը, ու գնահատականն այլեւս վերջնական է։ Էլ չի երկարացնում, թեկուզեւ ցավով է պնդում իր համոզմունքը, ավելացնելու ոչինչ չունի, բացի՝ «Կարծում եմ՝ «ողորմելի» բառի օգտագործումը չափազանց մեղմ է»։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image