Հասարակություն

Ինչ են քննարկել Նկարիչների միության նախագահը եւ Բագրատ Սրբազանը

Ինչ են քննարկել Նկարիչների միության նախագահը եւ Բագրատ Սրբազանը

Համալսարաններ ու մի շարք բուհեր այցելելուց հետո Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր այցելեցին նկարիչների եւ գրողների միություններ եւ ԳԱԱ։ Սրբազանի ընտրությունը պատահական չէր, քանի որ 3 կառույցում էլ իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ վերջին ամիսներին մեծ դժգոհություն եւ ընդվզում կա։ Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը։ Այս առիթով գրողների եւ նկարիչների միություններն արտահերթ համագումարներ հրավիրեցին եւ մերժեցին դատախազության, ըստ էության՝ իշխանության, իրենց գույքը պետականացնելու որոշումը։

Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա թե՛ ակադեմիայի, թե՛ ակադեմիական համակարգում գործող մի քանի տասնյակ գիտական կազմակերպությունների ճակատագիրը վտանգված է՝ պայմանավորված իշխանությունների ձեռնարկած մեգանախագծի՝ ակադեմիական քաղաքի ստեղծմամբ։

Ի տարբերություն ԳԱԱ-ի, թե գրողների, թե նկարիչների միության դռները բաց էին, եւ ոչ մի արգելք ու խոչընդոտ չեղավ երթի մասնակիցների համար՝ շենքեր մուտք գործելու։ Այս առումով Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նկատեց․ «Ինչպես միշտ, այնպես էլ այսօր Հայաստանի նկարիչների միության դռները բաց են բոլորի առջեւ»։

Քանի որ միության նախագահի եւ սրբազանի հանդիպումը տեղի ունեցավ առանց տեսախցիկների ու լրագրողների ներկայության, հանդիպումից հետո Ս․ Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչի շուրջ է ծավալվել զրույցը։ «Զրուցել ենք ցուցահանդեսներից ու առկա վիճակից»։ Ինչ վերաբերում է միության շենքի հարցին. «Նա արդեն տեղեկացված էր, 2 բառով պարզապես ներկայացրել ենք առկա իրավիճակը, քաղաքականության մասին, ընդհանրապես չի եղել խոսակցություն, կարճ զրուցել ենք ու հրաժեշտ տվել»։

Այդուհանդերձ, ի՞նչ է մտածում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին, որին այս օրերին շատերն են իրենց աջակցությունը հայտնել։ Նկարիչների միության նախագահը հղում արեց միության կանոնադրությանը, որտեղ ամրագրված է, որ Նկարիչների միությունն ապաքաղաքական կազմակերպություն է, իսկ միության անդամներն ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումներում․ «Այսինքն՝ ով ցանկանում է, այս շարժմանն է սատարում, ով ցանկանում է, մյուս շարժումներին է սատար կանգնում։ Մենք չենք կարող եւ չենք էլ ուզում ոչ մեկի ազատ կամքին բռնանալ»։

Խնդրեցինք իր կարծիքը հայտնել շարժման ու նրա նպատակների մասին, բայց այստեղ էլ Սաֆարյանը նկատեց, որ իր խոսքը ցանկացած դեպքում ընկալվելու է՝ ի պաշտոնե, որպես Նկարիչների միության նախագահի դիրքորոշում, ուստի «իմ դիրքորոշումը կպահեմ ինձ»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image