Հունիսի 7-ի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ նախնական արդյունքների, ստացել էր ձայների 3,996 տոկոսը, իսկ անցողիկ շեմը 4 տոկոսն է։ Կուսակցությանը պակասում էր մի քանի տասնյակ ձայն։ ԲՀԿ-ն ՏԸՀ-ներ էր դիմել` ձայների վերահաշվարկի համար։
«Հրապարակ»-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրենց պակասում է ընդամենը 58 ձայն. «Այս պահի դրությամբ արդեն 142 ձայնի բացահայտում ունենք ու այդ ձայների մասով դիմել ենք ԿԸՀ։ Արդեն մեր ձայները հաշվարկվել են ու նոր արձանագրություններ են կազմված, բայց քանի որ մյուս ուժերն էլ են վերահաշվարկ իրականացնում, այդ պատճառով այս պահի դրությամբ ընդհանուր պատկեր չունենք»։
ԿԸՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ Վերահաշվարկը դեռ շարունակվում է, այն կավարտվի հունիսի 12-ին, ժամը 14։00-ին։
Նշենք, որ վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունների և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ Երևանի 10 ընտրատարածքներից 8-ում վերահաշվարկ անելու դիմումներ են ստացվել։ Ընդ որում, ամենաշատ դիմումները վերաբերում են թիվ 10 ընտրատարածքին, որտեղ վերահաշվարկ իրականացվելու է 41 ընտրատեղամասում։