Հասարակություն

Մի կաթիլ մեղրը (խաղաղության դոկտրին)

Մի կաթիլ մեղրը (խաղաղության դոկտրին)

Փաշինյանի խաղաղության դոկտրինը ոչ այն է՝ խաղաղության մասին է, ոչ այն է՝ պատերազմի: Լսելով նրան՝ չես հասկանում՝ խաղաղությա՞ն մասին է խոսում, թե՞ նոր պատերազմի, որը սարերի հետեւում չէ եւ կարող է ծագել ամենաաննշան դիպվածից: Մի կաթիլ մեղրից, օրինակ, եթե, Աստված մի արասցե, Ալիեւի ու Նիկոլի բանակցությունների ժամանակ մի ճանճ գա ու նստի այդ կաթիլի վրա: Շատ զգայուն վիճակ է: Պատկերացրեք՝ Ալիեւը մտել է Նիկոլի խանութը մեղր առնելու, իրար ջան են ասում, ջան լսում, ու մեկ էլ սկսվում է…

- Վայ իմ կատուն, շան որդու շուն…
- Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս, Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս... Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան, անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան, ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս, դե զարկելը հիմի դու տես...

Գոռում է էն աժդահակը, մեծագլուխ իր մահակը ետ է տանում ու ցած բերում, խանութպանին շեմքում փըռում։ Մնացածը չպատմեմ երեւի: Ուղղակի ասեմ, որ սրանից մի մեծ պատերազմ է սկսվում: Փաշինյանի խաղաղության դոկտրինը հենց սա է. ուզում ես՝ մեղրը ծախիր, ուզում ես՝ ձրի տուր, բայց որ պատերազմը գալու եղավ, գալու է: Նիկոլը ոչինչ անել չի կարող դրա դեմ: Թերեւս կարող է միայն խորհուրդներ տալ՝ ծառ տնկեք, փշալար քաշեք, կադաստրի թուղթը գտեք, Ալմա-Աթայի հռչակագիրը բերեք…
- Նիկոլ Վովաեւիչ, իսկ գուցե նախ Ալիեւի՞ն խնդրենք՝ դուրս գա խանութից… Ըըըըը, մեր տարածքից:
- Տենց բան չանեք` պատերազմ կսկսվի:
- Այսինքն, որ չխնդրենք դուրս գա, պատերազմ չի՞ սկսվի:
- Չգիտեմ, կարող ա սկսվի, կարող ա չսկսվի:
Ահա՝ այսպիսի խաղաղության դոկտրին:

Սատանան ասում է՝ ոչ էլ մտածիր, Էդիկ Անդրեասյան: Ինչ լինում է՝ թող լինի: Պատերազմի պատասխանատուն էլ է ինքը, խաղաղության պատասխանատուն էլ: Սատանան սկզբունքորեն ճիշտ է այս դեպքում՝ իբր ինչո՞ւ եմ իրար խառնվել, գլուխը քարը` ո՛չ մեծին լսել գիտի, ո՛չ խոսք ու խրատ է հասկանում: Բայց, մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս ընկնես սատանայի խելքին: Ձեռքներս ծալած նստենք՝ երկիր կկորցնենք, ախր, պետությունը կտանք, մեր տեղը բոլորը կմոռանան: Ո՞նց թե չգիտեմ՝ պատերազմ կլինի, թե չի լինի: Սա ի՞նչ ասելու բան է: Բա որ եղա՞վ… Մենք գիտենք, չէ՞, թե Նիկոլն ինչպես է պատերազմ վարում: Ու բանն էլ հենց այն է, որ եթե պատերազմ եղավ, դարձյալ Նիկոլն է վարելու: Ուզենանք դա, թե` ոչ: Չեմ հիշում՝ ասե՞լ եմ ձեզ, արդյոք, թե սատանային 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ սատանան այցելել է նրան ու առաջարկել՝ մի բան անել, օգտագործել սեփական հեղինակությունն ու դադարեցնել պատերազմը: Տեր-Պետրոսյանն «իրա ղայդի» ամենագետի կեցվածք է ընդունել ու սատանային շշպռել, թե բա՝ դու չգիտե՞ս, որ պատերազմները վարում ու դադարեցնում են պետությունները: Էս պատասխանի վրա սատանան քարկապ է ընկել, բայց, ինչպես տեսաք վերեւում, հիմա էլ այցելել է ինձ ու ասում է՝ ինչո՞ւ ես խառնվել իրար, պատասխանատուն պետությունն է, այսինքն՝ Նիկոլը:

Չէ, սատանա ախպեր, գնա, էդ հեքիաթները լավ կռվող պետություններում պատմիր, որոնք գիտեն թե՛ պատերազմել եւ թե՛ խաղաղություն պահել: Մեր պետությունը՝ Հայաստանը, ոչ մի, թեկուզ ամենափոքրիկ պատերազմի այլեւս պատրաստ չէ: Նիկոլն այնպես չի ոչնչացրել ամեն ինչ, որ մեր զինվորը կարողանա դիմակայել, որ մեր գեներալները կարողանան ռազմական պլաններ գծել, պաշտպանվել, հակահարձակվել: 44-օրյա պատերազմից հետո ոչ մի զինատեսակ չի բերվել: Միայն խոստումներ, միայն գովազդ, միայն, շատ ներողություն, «ջեբտռոցի»՝ բարեփոխումների անվան տակ: Էլ չեմ խոսում մեր գերագույն գլխավոր հրամանատարի մասին: Պատերազմում մեկ անգամ կապիտուլացված հրամանատարն ի՞նչ պետք է աներ, սատանա ախպեր: Այո, ճիշտ ես, պետք է ատրճանակը դներ քունքին ու… Բայց նա մնաց: Թվում էր՝ գոնե վերապատրաստման կուրսերի կգնար, որ հաջորդ պատերազմում նույն հիմարությունները չանի: Գնա՞ց… Առը հա, մեր բախտից: Հրեն, իդիոտի նման բերանը բացել՝ հեծանիվ է քշում: Մի հարցնող լինի՝ էս ժողովուրդը քեզ պահեց, քեզ նորից ընտրեց, որ հեծանի՞վ քշես: Հիմա դու եկել ես, սատանա ախպեր, այցելել ես ինձ, որ ի՞նչ անես: Մի հատ հեծանիվ չունե՞ս, գնա նրա կողքով քշիր ու հարցերդ իրեն տուր, ասա՝ էս ի՞նչ ես անում, այ հեր օրհնած, դու չգիտե՞ս, որ պատերազմի պատասխանատուն էլ ես դու, խախուտ խաղաղության պատասխանատուն էլ։ Մի բան ասա, վերջապես, մի նորմալ դոկտրին ներկայացրու, որ մարդիկ բան հասկանան՝ դու, ի վերջո, խաղաղությո՞ւն ես ուզում, թե՞ պատերազմ, պետությո՞ւն ես ուզում, թե՞ խեղկատակի պաշտոն…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image