Մեր հարեւան Շմավոնի հավաստի աղբյուրներով՝ 2026թ. ընտրություններում ՔՊ-ի ցուցակը Նիկոլը չի գլխավորելու: Նա մի այնպիսի տոնով ասաց այս մասին, որ քիչ էր մնում միանգամից հավատայի: Ասի՝ Շմավոն, դեռ երեկ Նիկոլն ասում էր՝ ես չեմ պատրաստվում իմ մանդատը զիջել որեւէ մեկին… Ուրեմն այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ 26 թվին ցուցակը չի գլխավորելու: Դե, մի բան գիտեմ, որ ասում եմ, նեղացավ Շմավոնը, ընենց մարդուց եմ լսել, որ…
- ՔՊ-ակա՞ն էր:
- Չէ…
- Այ տղա, մի նորմալ բան ասա՝ գնանք հանգիստ քնենք:
- Էլ ո՞նց ասեմ… Ինքը չի գլխավորելու ՔՊ-ի ցուցակը:
- Բա ո՞վ…
- Ես ի՞նչ իմանամ, ՔՊ-ում քիչ հիմար կա՞:
- Աղբյուրդ այդ մասին ոչինչ չի՞ ասել:
- Չէ: Մենակ էն գիտեր, որ հաստատ Նիկոլը չի գլխավորելու:
- Սուտ է, Շմավոն, չհավատաս: Այդպիսի բան միայն Աննան կարող էր ասել: Նա է Նիկոլի գործերից ամենատեղեկացվածը:
- Աննան այդ մասին չգիտի դեռ:
- Յա՜ա՜ա՜…
- Ու լավ կլինի՝ դու էլ թերթում բան չգրես, որովհետեւ Աննան որ իմացավ, Նիկոլին հակառակը կհամոզի:
Եվ այսպես ինձ մտքերի մեջ թողած՝ գնաց: Ակամա հիշեցի մեր ոչ վաղ անցյալը… Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ չի պատրաստվում նախագահ դառնալ կամ վարչապետ: Հետո ասաց, որ առնվազն 5-6 անուն կարող է տալ, որոնք հաջողությամբ կկառավարեն Հայաստանն իրենից հետո: Անուններ, սակայն, չտվեց: Խնայում էր իր «թեկնածուներին», տեսնես ո՞ւմ նկատի ուներ… Սպասեք, Նիկոլն էլ վերջերս այդպիսի մի բան ասաց՝ 3, թե 4 թեկնածու կա ՔՊ-ում, որ կարող է իրեն փոխարինել… Չէ, Շմավոնի աղբյուրը, կարծես, մի բան գիտի: Պետք է գտնել այդ «աղբյուրին» ու մի լավ հարցաքննել:
Հռոմի պապին սրա այցելությունն ու սրբադասության արարողությանը մասնակցելն էլ մի կողմից են խորացնում կասկածներս: Կա-չկա, Նիկոլը որոշել է վերեւից կառավարել ընտրությունները, ինչ-որ մեկին իր փոխարեն գցել ք․քը եւ արդեն անտեսանելի ձեւով շարունակել իր կեղտոտ գործը: Տարբերա՞կ է: Իհարկե: Ի վերջո, ընտրությունների վերջնարդյունքն իր անմիջական ղեկավարությունն է որոշելու, օտարերկրյա դեսպանատների օգնությամբ: Կխոսի հետները, կբացատրի, որ իր առաջնորդության դեպքում կարող են անկանխատեսելի շրջադարձեր տեղի ունենալ, եւ կհամոզի՝ իր փոխարեն մեկ ուրիշի առաջ բրթել՝ որեւէ ուսապարկի, վնգստացողի, սովածի, չտեսի… Ու Շմավոնի ասածները մեկը մեկին կկատարվեն:
Եթե Սերժ Սարգսյանը պարտվեց «հզոր ուժերին», ապա Նիկոլը կարող է ասպարեզից աննյութանալ այդ նույն ուժերին համոզելով: Մի օր պիտի գնա, չէ՞: Եվ, ուրեմն, ինչո՞ւ ռիսկի ենթարկի սեփական անձն ու կանգնի դատուդատաստանի առաջ: Հետեւաբար, հզոր ուժերին համոզելուց, նրանց հետ երկկողմ պայմանավորվածություններ ունենալուց լավը չկա այս հանգրվանում: Իր մարդուն կդնեն վարչապետի աթոռին, ինքն էլ կողքից կղեկավարի երկիրը: Քոռն ի՞նչ կուզի… երկու աչք:
Այսուհանդերձ, ՔՊ-ում թիվ 2 կամ թիվ 3 թեկնածու չի նշմարվում առայժմ: ՔՊ-ն, ինչպես կար իր սկզբնավորման օրվանից, այդպես էլ մնացել է՝ Նիկոլ + մնացածը: Նիկոլն իրեն փոխարինող աճեցնելու վրա չի աշխատել, իսկ ՔՊ-ականներն էլ ինքնին չեն աճել: 7 տարի շարունակ թութակի նման կրկնել են Նիկոլին, յուրացրել նրա բառապաշարը, բայց չեն համարձակվել քաղաքական գիտելիք կուտակել ու մի գլուխ բարձր երեւալ Նիկոլից: Գիտեին՝ այդ գլուխը կկտրվեր իսկույն կամ կհայտնվեր բանտում: Ով էլ թաքուն փորձեր էր անում, իսկույն մատնում էին, ոտքից քաշում, պաշտոնանկ անում… Համահարթեցված այս գազոնում ի՞նչ թեկնածու փնտրես, այն էլ՝ վարչապետի:
Հեռավոր ապագայի համար Ալեն Սիմոնյանի անունն են տալիս, Դդումի, Կոնջորյանի, Պապիկյանի, Ավինյանի… Ի՞նչ ասեմ՝ ուղեղներն ավլած, վերջացած ՔՊ-շնիկներ: Լավ թութակել գիտեն Նիկոլին, բայց միայն՝ այդքանը: Վերջերս էն Ռուբինյանն է ակտիվացել, Եկեղեցու դեմ անամոթ բաներ է գրում, բայց նա էլ, ախր, շատ քըլըչամետ է… Հզոր ուժերը կհամաձայնե՞ն իրենց հեղինակության հաշվին նրան դնել Նիկոլի աթոռին: Չեմ կարծում, մեռած տարբերակ է:
Ո՞ւր էր, թե Նիկոլը, բարլուսախառը, նաեւ այս մասին խոսեր, ինչ-որ կերպ ակնարկեր, որ ինքը չի պատրաստվում գլխավորել խայտառակված ՔՊ-ի ցուցակը եւ չի ուզում «5-րդ անգամ» դառնալ վարչապետ: Այ թե ուրախություն կլիներ չորս կողմը: Նա մեզ այդ հաճույքը կպատճառի՞ երբեւէ: Ես չեմ հավատում, բայց որ իմ հարեւան Շմավոնն ասում է, ուրեմն մի բան կա: Իր եկեղեցին արհամարհեց, գնաց, Հռոմի պապից հաղորդություն ստացավ՝ դա ի՞նչ կարող է նշանակել: Հռոմի պապերը, ինչքան ես գիտեմ, գլխով ու հոգով են մտածում: Ինչո՞վ էր մտածում այս նորընտիր պանտիֆիկը, երբ նշխար էր դնում Նիկոլի նման պիղծ, անիրավ եւ արյունռուշտ երեւույթի բերանը: Խեղճ սրբադասված հայեր… Նրանք երեւի իրենց անտերուդուս գերեզմաններում շուռ եկան՝ տեսնելով այս ամենը: Հռոմի պապի տված հաղորդությունն էլ, ախր, սրբադասման պես մի բան է, ծուռ ճամփից մարդուն հետ բերելու ծես… Նիկոլն իր ճամփից հետ դարձո՞ղ է: Էդ ո՞ր դավաճանն է հետ դարձել, էդ ո՞ր ճիվաղն է երբեւէ մարդացել, որ հիմա Նիկոլ եք, իբր, վերափոխում: Այլ հարց, եթե կանչել էիք ասելու՝ «չամադաններդ» հավաքիր, դու քո սեւ գործն արեցիր, եւ ժամանակն է, որ գնաս, որ հայ ժողովուրդը քեզ նմանին եւս մի «սռոկ» չի ձգի ու մի օյին կբերի գլխիդ: Կանգնիր մի կողմ, որ «հզոր ուժերի» այսքան լավ կազմակերպած գործը «փոզմիշ» չանես: Այ սա՝ ուրի՜շ: Այստեղ ես Շմավոնի աղբյուրին բան չունեմ ասելու: Նիկոլը չի կարող հակառակվել «հզոր ուժերին»: Ականջները կախ՝ կկատարի նրանց բոլոր հրահանգները, ինչպես ՔՊ-ն է կատարում իր հրահանգները: Փրկության դուռ են ցույց տվել «հզոր ուժերը», իսկ դա հետագա գոյությունդ քարշ տալու հույս է, երբ դու արդեն փակել ես դեպի քո ժողովուրդն ու ազգակիցները տանող բոլոր դռները:
ՀԳ. Նիկոլին փոխարինողի անունը մենք կլսենք շատ հանկարծակի: Դա չի լինի ՔՊ-ի 1-ին համարը: 26 թվին ՔՊ կամ ՔՊ-ի ցուցակ, գուցե, չլինի էլ: