«Քննչական կոմիտեն ցույց է տալիս ընդամենը մի քանի հատ ինքնաձիգ, փամփուշտներ, պատերին գրելիք ինչ-որ բաներ, ինչ-որ ճաթոցներ․․․ ու երեք հատ ավտոմատով պիտի Բագրատ սրբազանը վազեր՝ կառավարության շենքը գրավե՞ր»,- անդրադառնալով Փաշինյանի հրահանգով Բագրատ սրբազանին եւ շարժման աջակիցներին կալանավորելուն՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Երեք կամ հինգ հատ ավտոմատով չես կարող կառավարության շենք գրավել: Այս գործողություններով Փաշինյանն իր դիրքերը չի ամրացնում, որովհետեւ այն մարդկանց, որոնց կալանավորել են, նրանք քաղաքական դաշտում այն ծանրակշիռ ազդեցությունը չունեն եւ ոչ էլ հեղաշրջում անողներ են: Նախկին կուսակցության ղեկավարի կնոջը տանում են Քննչական կոմիտե, իրենց թվում է՝ այդ կինը պիտի վազեր ու նռնա՞կ նետեր Սյունիքի մարզպետարանի վրա»,- նկատում է քաղտեխնոլոգը: Այստեղ արդեն որոշակի լուրջ գործողություններ են գնում, մեր զրուցակցի կարծիքով, Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ սկսվել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հակամարտությունը, որովհետեւ Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչ չէ:
«Սկսվել է ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հակամարտությունը: Սամվել Կարապետյանը Ռուսաստանի կառավարման համակարգի, չշփոթեք իշխանական համակարգի հետ, որովհետեւ իշխանական համակարգը կառավարման համակարգի մի մասն է: Իշխանական համակարգ ասելով նկատի ունեմ, օրինակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության, ինչ-որ պետական պաշտոն զբաղեցնող եւ այլն, իսկ կառավարման համակարգն ավելի լայն համակարգ է: Նա չի կարող, լինելով միլիարդատեր, օրինակ, գա, հայտարարություն անի, եթե պուտինյան համակարգը դրան դեմ է կամ գոնե չեզոքություն չունի: Ինքը Պուտինի կառավարման համակարգի ներկայացուցիչ է, այնպես չէր, որ եկավ ու պատահական արտահայտություն թույլ տվեց: Հիմա հակամարտությունը գնում է Հայաստանի վարչապետի ու ՌԴ նախագահի միջեւ»,- ասաց Բադալյանը:
Մեծ գործընթաց է գնում, որի մեջ իր դերակատարումն ունեցավ ալմաստի գործը, որում, ըստ Բադալյանի, դերակատարում ունեցավ ԱԱԾ նախկին տնօրենի հեռացումը: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ գործընթաց է տեղի ունենում, որին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում: «Ժամանակին «Հյուսիսային տերեւաթափ» անվանվող ինչ-որ բան կար, որ մի քանի հոգի, ինչ-որ հայկական բատալյոն, պիտի գնար Ուկրաինա, այնտեղ սովորեր, ու գային այստեղ իշխանափոխություն անելու, այդ մասին երեւի շատերը մոռացել են: Հիմա իշխանությունները, որ այս մարդկանց կալանավորել են, որ այս մարդիկ էլ իրենց մի բան պիտի անեին, ասենք՝ ավտոմատներով պիտի հարձակվեին կամ Աստվածաշնչով խփեին՝ պատուհան ջարդեին եւ այլն: Այս հակամարտությունն այդ երկու կենտրոնների միջեւ է գնալու: Այն ադամանդի գործը պատահական չէր»,- ասաց Բադալյանը: Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ ռուսական կողմը նոր բացահայտումներ է անելու, ասաց, որ չի բացառվում: Հիմա այս հակամարտության արդյունքո՞ւմ է որոշվելու՝ Ռուսաստանը Հայաստանում ազդեցություն կպահի՞, թե՞ ոչ, Բադալյանը պատասխանեց՝ այո:
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Անդրադառնալով Պեսկովի այս հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց․ «Դա ոչ մի բան չի ենթադրում, որովհետեւ, երբ նայեք ռուսական առաջին ալիքը եւ ՌՏՌ-ը, ապա կտեսնեք, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ երկու հաղորդում կա: Դա Ռուսաստանի մեսիջն է Հայաստանի իշխանություններին, ինչը նշանակում է, որ իրենք դիտորդի կարգավիճակ չունեն, եւ հատկապես՝ երբ որ ադամանդի գործով Խաչատուր Սուքիասյանի անունը տվեցին, դա նշանակում է, որ իրենք արդեն ինչ-որ գործողություններ են սկսել, որովհետեւ հատկապես Խաչատուր Սուքիասյանի անունը հենց այնպես չէին տա՝ դա զգուշացում էր»: Իսկ կարո՞ղ է ավելի ապօրինի ու անթույլատրելի քայլերի գնա Փաշինյանը։ «Չեն կարող, մարդկանց բռնելու են՝ շատ-շատ կալանավորեն, դա է իր պոտենցիալը, ուրիշ բան ինքը չի կարող անել: Տեղի է ունենում Փաշինյանի իշխանության կազմաքանդման գործընթաց, որի հետ այդ ձերբակալությունները ոչ մի կապ չունեն: Կարող է ինչ-որ դետալներ ինչ-որ նշանակություն ունենան, բայց հաստատ այս մարդիկ չեն, որ հեղաշրջում կանեն»։